Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Ալեքսանդր Արզումանյանի ափսոսանքն ընդունելի է»

Ապրիլ 06,2015 23:22

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ապրիլի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հեգնել էր  «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նախագիծը,  ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը:

«Իմ կողմից հարգված պարոն Արզումանյանի  ափսոսանքն ընդունելի է, սա ես հեգնանք չեմ դիտում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ, այլ խորը ափսոսանք, հավանաբար՝ նաեւ ափսոսանք կա,  որ եթե  ինքն էլ  ժողովրդի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայքարեր ընտրությունների կեղծման դեմ, հիմա այլ Հայաստան կունենայիք` իր լուրջ ու խիզախ արտաքին քաղաքականությամբ»,- ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» նախագիծը պարոն Սանասարյանը կարեւոր է համարում, քանի որ պահանջատիրությունը հայ ժողովրդի մեծամասնության մոտեցումն է. «Մենք երբեւէ չպետք է դադարենք լինել պահանջատեր, միգուցե շատերը մանրուքների հետ համաձայն չլինեն, միգուցե շատերն ուզեն շատ ավելի խիզախ քայլեր, քան իրականում կան, բայց այնուամենայնիվ, հայ ժողովուրդը 100 տարի անց չի դադարում ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարցը բարձրացնել: Ուղղակի որեւիցե հայ չպետք է զիջի իր երազելու իրավունքը, որեւիցե մեկը չգիտի, թե տարիներ հետո ներկայիս Թուրքիան ինչ  քարտեզ է ունենալու, այդ պատճառով՝ մենք պետք է շարունակենք մեր արդարացի իրավատիրական պահանջը, մեզնից խլածը  մի օր հետ կբերենք»:

Մեր նկատառմանը, թե Զարուհի Փոստանջյանի նախագիծը եւս արժանացել է Ալեքսանդր Արզումանյանի հեգնանքին, Դավիթ Սանասարյանն ասաց. «Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործիչներ են, նրանց կարող է հեգնել, բայց ոչ երբեք հայրենազրկված  հայությանը, որը շարունակում է պահանջատեր լինել: «Ժառանգություն» կուսակցությունն ու համանուն խմբակցությունն  ունի  իր` «Նոր Հայաստանի» ծրագիրը, որը հավանության է արժանացել այն ցուցակի կողմից, որի մեջ նաեւ պարոն Արզումանյանն է եղել: Ծրագիրն ունի արտաքին քաղաքականության շատ հստակ մոտեցումն իր`  «Ազգային շահին հետամուտ արտաքին քաղաքականություն բաժնով», որտեղ մանրամասն գրված է. «Հայ-թուրքական հաշտեցումը նաեւ ենթադրում է պատմական ու ժամանակակից բաժանարար բոլոր հարցերի ու հարաբերությունների համապարփակ ու համալիր կարգավորում, սեփական ընդհանուր պատմության ճանաչում եւ Ցեղասպանության ու Հայոց մեծ հայրենազրկման հիմնախնդրի լուծում: «Ժառանգություն» կուսակցությունը իր քաղաքականությունն իրականացնում է` ելնելով իր ծրագրային դրույթներից. իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ պարոն Արզումանյանը թո՛ղ շարունակի հեգնել. եթե դրանից Հայաստանում լուրջ հաջողություններ կունենանք, ավելի լավ»:

Պարոն Արզումանյանի մոտեցմանը, թե առանց արտաքին գործերի նախարարության հետ համաձայնության գալու ոչ ոք իրավունք չունի նման նախաձեռնություններով հանդես գալու, Դավիթ Սանասարյանը նկատեց. «Արտգործնախարարությունն ինքը լիազորված չէ ժողովրդի կողմից եւ աչքի է ընկնում  արտաքին քաղաքականության` իրար հաջորդող սխալներով,  հետեւաբար՝ այդ կառույցից «դաբրո» ստանալու պարոն Արզումանյանի մոտեցումը զարմանք է առաջացնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930