Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրությունը կնոջն Աստծուց տրված մեծագույն շնորհն է

Ապրիլ 06,2015 22:05

Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Ավետման տոնը` ևս մեկ անգամ անդրադառնալով աստվածաշնչյան գեղեցիկ պատմությանը, երբ Գալիլիայի Նազարեթ քաղաքում Գաբրիել հրեշտակապետը Ս. Մարիամին ավետեց Փրկչի մայրը դառնալու լուրը: Ավետման խորհրդի մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

-Հայ´ր Սուրբ, ի՞նչ կարևորություն ունի Ավետումը մեզ համար, ի՞նչ էր ավետում Գաբրիել հրեշտակապետը մարդկությանը:

-Դարեր շարունակ այս բարի լուրը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, այլ նաև այն պարզ ճշմարտության, որ Տերը միշտ մեզ հետ է: Իսկ Աստծո հաստատուն ներկայությունը մեր կյանքը լցնում է հույսով, հավատով և սիրով` իմաստավորելով և´ ներկան, և´ ապագան: Այն ցրում է անորոշությունն ու թերահավատությունը, մշուշն ու խավարը և մեր հոգիներն ու սրտերը ջերմացնում աստվածային լույսով: Հետևաբար` Ս. Կույսին տրված ավետիսը Տիրոջ կամքին հնազանդվելու և աստվածատուր կյանքն Աստծո հետ ապրելու խորհուրդն ունի: Եթե ընդունում ենք այն, ապա Աստվածամոր նման արժանանում ենք բազում շնորհների և պարգևների, որի վերջնական հանգրվանը երկնքի արքայության ժառանգումն է: Իսկ մերժելու դեպքում պարզապես ապրում ենք այս օրվա համար` մոռանալով Քրիստոսով ավետարանված հավիտենական կյանքի մասին:

-Հա´յր Սուրբ, ի՞նչ է սովորեցնում Տիրամոր կերպարը կանանց:

-Աստվածամոր առաքինի վարքը, մաքրակենցաղությունը, խոնարհությունն ու անսահման նվիրվածությունն իր զավակի հանդեպ օրինակելի են յուրաքանչյուր կնոջ համար: Մարիամը մի պարզ աղջնակ էր, որին Աստված ընտրեց` դառնալու Տիրոջ մայրը երկրի վրա, տեսնելու Նրա առաջին քայլերը, գրկելու, գուրգուրելու և խնամելու: Ս. Կույսը նաև ցավ ապրեց և տառապեց իր Որդու համար, բայց երբեք չերկնչեց և չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով իրեն վերապահված առաքելության կարևորությունը: Նա ցույց տվեց խոնարհության ճշմարիտ օրինակ և դարձավ Աստծո ձայնին անվերապահ անսացող, երբ ավետման ժամանակ առանց վարանելու հրեշտակին պատասխանեց. «Ահավասիկ մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1. 38): Ահա այս խոնարհությունն է ուզում տեսնել Աստված մեր մեջ, որպեսզի մեզ էլ Իր առաքելության մի մասնիկը դարձնի:

Քրիստոսի Եկեղեցին Աստվածամոր անձի մեջ ընդգծում է նաև ճշմարիտ մայրության գաղափարը: Մի մայր, որը ոչ միայն ծնում և սնում է իր զավակին, այլև հոգ տանում, խրատում և դաստիարակում նրան` կենդանի օրինակ լինելով իր երեխայի համար: Նա այն անձնազոհ մայրն էր, որ հանուն մարդկության փրկության լուռ և անտրտունջ տարավ բոլոր տառապանքները` պատրաստ լինելով մեծ զոհաբերությանը: Այս առումով Տիրամորն են նմանվում բոլոր մեր քաջ և նվիրյալ այն մայրերը, որոնց զավակներն այսօր պահպանում են մեր սահմանները` հարկ եղած դեպքում պատրաստ լինելով Հայրենիքի սրբազան զոհասեղանին նվիրաբերելու անգամ իրենց կյանքը:

-Երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց հայրապետի բնորոշմամբ` ընտանիքը նման է Եկեղեցու, որի քահանան մայրն է: Ո՞րն է կնոջ դերն ընտանիքում:

-Ժողովրդական խոսքն ասում է, որ տղամարդն ընտանիքի դրսի պատն է, իսկ կինը` ներսի` դրանով իսկ մեծ կարևորություն տալով կնոջ դերակատարությանը` իբրև մոր, կնոջ, ընտանիքի պահապանի և խաղաղության գրավականի: Ինչպես որ եկեղեցում մեծ է քահանայի դերակատարությունը, այնպես էլ ընտանիքում` կնոջ: Խելացի և համբերատար կինը կարող է շենացնել և ծաղկուն դարձնել իր ընտանիքը:

Այսօր բազում դժվարությունների առաջ են կանգնած հայ կանայք` իրենց ամուսինների հետ հավասարապես կիսելով ընտանիքի հոգսերը: Փա´ռք ու պատի´վ նրանց, ովքեր անգամ այսպիսի պայմաններում շարունակում են իրենց կարևոր առաքելությունն ընտանիքում: Ուժ, կարողություն և համբերություն բոլոր այն մայրերին, ովքեր միայնակ մեծացնում են իրենց զավակներին`սիրով պարուրելով և գեղեցկացնելով նրանց ամեն մեկ օրը:

-Հա´յր սուրբ, մեր օրերում կնոջ բարոյահոգեբանական նկարագրի փոփոխություն է նկատվում. շատերը գուցե չեն էլ մտածում Աստվածամորը նմանվելու մասին:

-Իսկապես, վերջին տարիներին արժեքային համակարգի տեսանկյունից մեր կյանքում շատ բան է փոխվել: Մեր հասարակությունն աներևույթ հոգևոր պատերազմի մեջ է, և բազում մարտահրավերների առաջ կանգնած: Այսօր Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդ արարածի ճգնաժամ է, երբ կեղծ արժեքների ներմուծմամբ և քարոզչությամբ փորձում են մարդուն կտրել իր Արարչից: Ստեղծված խառնաշփոթում շատ բան է այլափոխվել, այդ թվում նաև հայ կնոջ բարոյահոգեբանական նկարագիրը: Ո՞ւմ են ցանկանում այսօր նմանվել մեր աղջիկները, ովքե՞ր են նրանց համար տիպար օրինակներ` գլամուրային ինչ-որ դեմքեր, նորաձևության մոդելներ, անտաղանդ, բայց առերես «տաղանդավոր» ինչ-որ երգչուհիներ կամ դերասաններ, որոնց ստիպված ենք անընդհատ տեսնել և հանդուրժել եթերում ու կյանքում: Նյութապաշտության մոլուցքն ու սպառողական մտածողությունը վնասել են նաև հայ կնոջ տեսակին: Ցավոք, սոցիալ-տնտեսական պայմանների, գործազրկության, դեմոգրաֆիկ խնդիրների և այլ պատճառներով խաթարվել է նաև հայ տղամարդու կերպարը: Ֆինանսապես ինքնաբավ շատ հայ կանայք և աղջիկներ ցանկանում են զավակ ունենալ, բայց ոչ ամուսին և ընտանիք: Հաճախ գովազդվում և խրախուսվում է միայնակ մայրությունը: Եվ, երբեմն, տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակության մեջ ասես չկան լավ և օրինակելի ընտանիքներ: Նման մտածողությունը վնասակար է մեր հասարակության համար: Երեխան պետք է մեծանա նորմալ ընտանիքում, որտեղ կան հայր և մայր, ուր թագավորում է սերն ու ջերմությունը, հավատարմությունն ու փոխադարձ հասկացվածությունը: Ահա այս ամուր հիմքերի վրա կառուցված ընտանիքն է մեր երկրի ապագան: Եթե մեկը ցանկանում է ամուր պետությունում ապրել, ապա առաջին հերթին պետք է ստեղծի իր ընտանեկան դրախտը`սիրո, նվիրվածության և հավատարմության հիմքի վրա: Վստահ եմ, որ մեկ օր հենց այսպիսի դրախտ ընտանիքների շնորհիվ մեր երազած դրախտի կվերածվի նաև հայոց մեծ ընտանիքը` մեր նորանկախ Հայրենիքը:

Մայրությունը միայն զավակ ունենալը չէ, այլ նաև նրան դաստիարակելը` որպես գիտակից քրիստոնյա: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ մայրիկներին: 

-Մայրությունը կնոջն Աստծուց տրված մեծագույն շնորհն է, որին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ: Ուշադիր նայեք ձեր շուրջը և կտեսնեք բազում կանանց, ովքեր անպտուղ են և չեն կարողանում զավակ ունենալ այս կամ այն պատճառով: Նրանց օրինակն աչքի առաջ ունենալով` գնահատեք և արժևորեք մայր դառնալու աստվածապարգև շնորհը: Ձեր զավակների մեջ սերմանեք բարի սերմեր և մնայուն արժեքներ, որպեսզի նրանք հասակ առնեն և դառնան արժանի զավակները ոչ միայն ձեր ընտանիքի, այլ նաև մեր Հայրենիքի: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Ավելի բարձր արվեստ չկա, քան դաստիարակությունը: Իմաստուն դաստիարակը կերտում է մի կերպար, որին նայելով ցնծում են և´ մարդիկ, և´ Աստված»: Ուստի ոչ մի պաշտոն կամ նյութական բարեկեցություն չեն կարող փոխարինել կամ ի հաշիվ մայրության լինել:

Հարցազրույցը`Մարիամ Ավետիսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930