Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները քահանայի դեմ են դուրս եկել

Ապրիլ 06,2015 21:15

Aravot.am-ին էին դիմել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակին հարակից շենքերի որոշ բնակիչներ, որոնք վստահեցնում են թե եկեղեցու բակում շինարարություն է ընթանում: Բնակիչների կարծիքով այդտեղ մոմի ձուլարան է կառուցվում:

aporini-nkux-ekexecu-bakum aporini-tnak2 ekexecu-bakum-metaxya-aporini-tnaky IMG_5264 IMG_5269 IMG_6424 pahaki-kacaran

Այսօր Aravot.am-ի թղթակիցն այցելեց նշված տարածք, որտեղ որեւէ շինարարության հետք անգամ չկար: Մեզ հետ զրույցում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ, Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի կարծիքով` մի 2 բնակիչ են իր դեմ դուրս եկել, քանի որ Տեր Գրիգորը փորձում է եկեղեցուն պատկանող տարածքը մաքրել ապօրինի շինություններից:

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տարիներ առաջ բնակիչներից մեկը բետոնապատ նկուղ է կառուցել, մեկ այլ բնակիչ էլ մետաղյա տնակ է տեղադրել, եւ հոգեւոր հովվի խոսքերով` այս բնակիչները հրաժարվում են ապօրինի կառույցներն ինքնակամ վերացնել եկեղեցու տարածքից:

«Ես եկեղեցու տարածքը բարեկարգում եմ, մեծ աշխատանք ենք արել, ուզում ենք ծաղկանոց դարձնել այն հատվածը, որտեղ ապօրինի նկուղն է, որը վերացնելու համար բնակչին նույնիսկ գումարային փոխհատուցում եմ առաջարկել, սակայն նա հրաժարվում է, իմ առաջարկածից ու իրական արժեքից ավելի շատ գումար է պահանջում:Մինչդեռ դա անօրինական նկուղ է:  Իսկ մետաղյա տնակի մի հատվածը եկեղեցու տարածքում է, մի հատվածը` քաղաքապետարանի: Քաղաքապետարանը խոստացել է խնդիրը լուծել»,-ասաց հոգեւոր հովիվը եւ ավելացրեց. «Այդ բնակիչները համառորեն չեն ուզում ազատել տարածքը, բայց սա եկեղեցու տարածքն է, քաղաքի կենտրոնում է, այստեղ Քրիստոսի աշակերտն Անանյա առաքյալն է թաղված, շատ մարդիկ են դրսից գալիս այստեղ, պետք է տարածքը մաքուր լինի ու բարեկարգ»:

Բնակիչները մեր խմբագրություն լուսանկարներ էին ուղարկել, որտեղ պատկերված է թե ինչպես են մի քանի բանվորներ եկեղեցու բակում եվրոկոնստրուկցիաներ տեղափոխում: Բնակիչների այս լուսանկարներից, իսկապես, այնպիսի տպավորություն է, որ եկեղեցու բակում ինչ-որ բան են կառուցում: Իրականում այստեղ որեւէ շինաշխատանք չի ընթացել, պարզապես եկեղեցու պահակի համար նոր կացարան է կառուցվել այդ եվրոկոնստրուկցիաներով, իսկ պահակի նախկին կացարանը, որը շատ է տգեղացնում եկեղեցական համալիրի ամբողջական տեսքը, Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի վստահեցմամբ` քանդելու են:

Ինչ վերաբերում է մոմի ձուլարանի կառուցմանը, հոգեւոր հովիվն ասաց, որ նման բան չկա. «Մոմերը Մայր Աթոռի ձուլարանում են պատրաստում»:

Տեր Գրիգորի պատմելով` մոտ 2 տարի է, ինչ ինքը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հովինն է, ինչ եկել է, հաջողել է եկեղեցու տարածքից ապօրինի 2 այլ շինություններ հանել տալ. մեկը` աղավնիների տնակ էր, մյուսը` ավտոտնակ: Աղավնիների տնակի տերն էլ այդտեղ աղավնիներ էր բուծում ու վաճառում այցելուներին:

Մեր այցելության պահին նկատեցինք, որ եկեղեցու կանաչ տարածքում մի քանի ծառ է հատվել: Այս առնչությամբ էլ Տեր Գրիգորը մեզ ցույց տալով քաղաքապետարանի համապատասխան փաստաթուղթն, ասաց, որ այդ ծառերը հիվանդ ու փտած էին, դիմել են քաղաքապետարանին, որպեսզի դրանք հատվեն. «Ես անգամ կոճղերն եմ պահել, որպեսզի նման դեպքերում ցույց տամ ու ապացուցեմ, որ հին, փտած ծառեր են եղել: Հիմա այդ տարածքում եղեւնու տնկիներ ենք տնկել, ծաղիկներ ենք աճեցնելու: Ամբողջ տարածքը բարեկարգում ենք, որ այցելուների համար հաճելի լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930