Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենին կոչ են անում անդրադառնալ նաև «զոն նայողների ինստիտուտին»

Ապրիլ 06,2015 20:05

Օմբուդսմենի զեկույցում  բազմաթիվ քննադատություններ են ամրագրված քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող խնդիրներին: Մասնավորապես օմբուդսմենի համար մտահոգիչ է համարվում այն, որ 2014 թվականին ամբողջությամբ լուծում չեն ստացել ՔԿՀ-ներում գերբնակեցման, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային անբավարար պայմանների խնդիրները: ՔԿՀ-ներում դեռևս առկա են խնդիրներ՝ պատշաճ բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև տրվող սննդի որակի առումով:

Ըստ զեկույցի՝ «ազատազրկվածներին պահելու վայրերի խիստ անբարենպաստ պայմանները հանգեցրել են ոչ միայն անձի արժանապատվության՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմքի ոտնահարման, այլև վերջինիս մոտ մի շարք հիվանդությունների առաջացմանը»:

Փորձագետները ականատես են եղել որոշ խցերում աղտոտվածության, ծայրահեղ վատ սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև խցերում արձանագրվել են ազատազրկվածների ոչ հավասարաչափ բնակեցման դեպքեր:

Օրինակ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի շարք ազատազրկվածներ բողոքել են խցերում առկա միջատներից, որոնք լուրջ անհանգստություն են պատճառել կալանավորված անձանց` խայթելով իրենց ձեռքերը և ոտքերը: Ոչ բավարար շենքային պայմանների պատճառով դեռևս որոշ խցերում զուգարաններն առանձնացված չեն:

Գերբնակեցման վերաբերյալ զեկույցում նշված է. «Վարդաշեն» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է՝ 154, սակայն այցի պահին փաստացի գտնվել է 214 ազատազրկված, «Կոշ» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է 640, սակայն այցի պահին փաստացի գտնվել է 739 ազատազրկված, «Սևան» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է 548, մինչդեռ՝ այցի պահին այնտեղ փաստացի գտնվել է 593 ազատազրկված անձ «Հրազդան» ՔԿՀ-ում լրակազմը սահմանված է 215, սակայն այցի պահին փաստացի գտնվել է 237 ազատազրկված 49: Բացի դրանից՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում այցի պահին պահվել է 18 ազատազրկված անձ, չնայած խցում տեղադրված է եղել ընդամենը 12 մահճակալ, իսկ խցի մակերեսը մոտ 40քմ էր, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կատարած այցի ընթացքում խցերից մեկում, որի չափսերն էին 1.75մx3.80մ (ներառյալ զուգարանը), պահվել է թվով 2 ազատազրկված: Այնինչ, օրենսդրության համաձայն` ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել 4քմ-ից»:

Փորձագետներին դատապարտյալները հայտնել են, որ բժշկի կարիք ունենալու դեպքում վերջինս ժամանում է նման խնդրանք ներկայացնելուց մինչև երեք ժամ ուշացումով:

Սննդի ապահովման հետ կապված ևս լուրջ խնդիրներ կան: Զեկույցում ամրագրված է. «Կոշ» ՔԿՀ-ում ճաշը նախապատրաստվել էր մոտ 470 անձի համար, սակայն համաձայն պահեստից սննդամթերքի դուրսգրման փաստաթղթերի` սննդամթերքը տրամադրվել էր 739 անձի հաշվարկով: Բացի դրանից՝ պահպանված սննդի օրինակների վրա ժամկետ նշված չի եղել (նույն խնդիրն առկա է եղել նաև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում): Մտահոգիչ է, որ մինչ այժմ գործում է սննդի համտեսման ձևական պրակտիկա:

Օրինակ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կատարած այցի ժամանակ սննդի համտեսման և որակի վերահսկման մատյանում նախապես ստորագրված էր ճաշի և ընթրիքի համար, որոնք դեռ պատրաստված չէին»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, ոչ զեկույցում ներկայացված է օբյեկտիվ պատկեր: Սակայն ըստ պարոն Իշխանյանի՝ մեկ հարց բաց է թողնված, որը խոր ուսումնասիրության կարիք ունի. «Դա միջանձնյա և հիերարխիկ հարաբերություններն է և ցանկալի կլիներ, որ հաջորդ զեկույցում օմբուդսմենն անդրադառնար նաև զոն նայողների ինստիտուտին, կաստայական հարաբերություներին և արտոնյալներին, որը լուրջ խնդիր է ՀՀ ՔՀԿ-ներում»: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ միայն արտաքին զննությամբ այս խնդիրը լուծել հնարավոր չէ, պետք է ուսումնասիրություններ անել նաև նախկին կալանավորների շրջանում:

Պարոն Իշխանյանը նշում է, թե ցանկացած դիտարկող էլ կարող է տեսնել խցերի անմխիթար վիճակը, բայց արդյոք կարող է ապացուցել, որ կային հիերարխիկ հարաբերություններ և արդյոք դատապարտյալները կասեն այդ մասին: Օրինակ՝ կա խցերի բաժանման հարցը. կա զոն նայողների, ղումար խաղացողների, «թռածների» համակարգը, սեռական փոքրամասնությունների կաստան: Մեր դիտարկմանը՝ ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և այլ զեկույցներով  այս խնդիրները բարձրաձայնվել են, սակայն արդարադատության նախարարության կատարած աշխատանքը չի երևում, պարոն Իշխանյանը արձագանքեց. «Դե ֆակտո արդարադատության նախարարությունն այդ համակարգի վրա չունի ազդեցություն. քրեակատարողական վարչության պետը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից և իրականում առանձին նախարարություն է նախարարության մեջ: Իսկ մենք պահանջում ենք արդարադատության նախարարությունից: Դա պիտի իրականացվի ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի մակարդակով: Եթե այդ հրահանգը լինի, արդարադատության նախարարությունը անկախ նախարարի ցանկությունից այդ բարեփոխումները կիրականացնի»:

Խոսելով այդ ցանկության բացակայության մասին՝ Ավետիք Իշխանյանը նկատեց, թե «այդ ոլորտը ընդհանրապես անտեսված է ՀՀ իշխանությունների և նաև հասարակության կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930