Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ՀՖՖ ներկայացուցիչները 46-ամյա Վալերի Կարպինին կարճաժամկետ պայմանագիր են առաջարկել՝ մինչեւ Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի ավարտը գլխավորել Հայաստանի հավաքականը:
Հայաստանում նման բնույթի տեղեկություն ստանալը գրեթե անհնար է: Դրանք գաղտնի են պահվում մինչեւ վերջին վայրկյանը: Մինչդեռ, նախնական քննարկումները կամ բանակցությունները, ի վերջո, ոչ մեկին չեն պարտադրում ասածն անպայման ի կատար ածել: Իսկ արտասահմանում, այդ թվում՝ Ռուսաստանում, թեկուզ քննարկումների փուլում եւ շրջանառվող խոսակցությունների մակարդակում չեն խուսափում լրատվամիջոցներին եւ հասարակությանը տեղյակ պահել:
«Իզվեստիայի» փոխանցմամբ, Կարպինի թեկնածությունը պաշտպանել է նաեւ Մոսկվայի «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեվան Չելոյանցը, որը ուշադիր հետեւում է Հայաստանի ազգային հավաքականի խաղերին եւ կապեր է պահպանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Կարպինը նույնպես հակված չէ երկարատեւ համագործակցության եւ ցանկանում է ընտրական մրցաշարի ավարտից հետո վերսկսել ակումբային մարզչի կարիերան:
Կարդացեք նաև
Նույն աղբյուրի տեղեկություններով, Վալերի Կարպինից բացի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու համարվում են նաեւ նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Սարգիս Հովսեփյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ