Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի զեկույցում քննադատվում է թվայնացման գործընթացը

Ապրիլ 06,2015 18:10

Ռադիոյի և հեռուստատեսության թվայնացման գործընթացի վերաբերյալ հասարակության շրջանում ծայր առած դժգոհությունները դեռ չեն մարել: Մարդիկ մտահոգված են, թե ամիսներ անց, երբ անցում կատարենք թվային հեռարձակման, հնարավոր է իրենց՝ հին մոդելի հեռուստացույցներով չկարողանան դիտել հեռուստաալիքների մեծ մասը, ուստի ստիպված են լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծախսել ապակոդավորող սարքերի ձեռքբերման համար: Այս խնդրին անդրադարձ կա նաև ՀՀ օմբուդսմենի տարեկան զեկույցում:

Փաստաթղթում այս խնդրի վերաբերյալ նշված է. «Ռադիոյի և հեռուստատեսության թվայնացման գործընթացի վերաբերյալ հասարակության ոչ բավարար իրազեկումը, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց համար բավարար երաշխիքների բացակայությունը վտանգում են վերջիններիս տեղեկատվության ազատության իրավունքը»:

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ խնդրի լուծման համար պետական մարմիններն ի՞նչ վերանայումներ են կատարել, մանավանդ, որ այս խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև օմբուդսմենի զեկույցում, ինչը նշանակում է, որ ռիսկեր կան այս ոլորտում մարդու իրավունքների խախտման հետ կապված, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Քաղաքական որոշում է ընդունվել, որ որևէ մարզային հեռուստաընկերություն չի փակվի: Կառավարությունը օրինագիծ է պատրաստում, ըստ որի՝ վեց ամսով նախատեսվում է հետաձգել անալոգային հեռարձակման անջատման անցումային վերջնաժամկետը: Այն կտեղափոխվի ևս կես տարով՝ մինչև 2016-ի հունվարի 1-ը»:

Նշենք, որ հետաձգման հիմնական պատճառը սոցիալական խնդիրների՝ չլուծված լինելն է, որ կարողանան հասցնել անվճար ապակոդավորող սարքերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ապահովվի մասնավոր մուլտիպլեքսների մուտքը շուկա: Աշոտ Մելիքյանի հավաստմամբ՝ նշված խնդիրների լուծումը ՀՀ միջազգային պարտավորությունն է, և այսպես թե այնպես բոլոր այդ հարցերը պետք է լուծվեն. «Այլ հարց է, որ պարտավորությունների համաձայն՝ այդ ամենը ժամանակին չեն ավարտում, բայց պատասխանատու մարմինները պատրաստում են սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները, որ գործընթացին ընթացք տան»:

Նշենք, որ կառավարության որոշման համապատասխան՝ պետք է տենդեր հայտարարվի և երկիր ներկրվեն սոցիալապես անապահով անձանց թվով ապակոդավորողներ: Աշոտ Մելիքյանը նշեց, թե անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով հնարավոր չէ այդ տեխնիկական հարցերը լուծել, օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքսների մուտքը շուկա գործող օրենքով չի կարգավորվում: Ուստի իշխանությունները հավաստիացնում են, որ իրենց պատրաստած օրինագծի հիմքը լինելու է մեր ներկայացրած օրինագիծը, որով կարգավորվելու են խնդիրները»:

Նշենք, որ օրինագիծը ներկայացրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Այն այժմ ԱԺ-ում է, և դրա հիման վրա ՀՀ կառավարությունը նոր օրինագիծ է պատրաստում:

Մեր հարցին՝ ինչպե՞ս խուսափել մարդկանց ՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումներից, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Թվայնացման հետևանքով որևէ ընտանիք զուրկ չպետք է մնա թվային ազդանշան ընդունելու և հեռուստացույցով տեղեկատվություն ստանալու իրավունքից: Դա նույնպես ՀՀ միջազգային պարտավորությունն է և ուղղակի պարտավոր են դա ապահովել: Այս մոտեցումը նաև նախատեսված է 2009-ին ընդունված թվայնացման հայեցակարգում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930