Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը հուշարձաններ է կորցնում ոչ միայն «դրսում», այլև «ներսում». հնագետ

Ապրիլ 06,2015 17:32

«Խիստ մոտավոր տվյալներով՝ Արևմտյան Հայաստանի տարածքում մենք ունեցել ենք ավելի քան 180 հազար հայկական նյութական ժառանգության հուշարձաններ, որոնց 96-97 %-ն արդեն կորստյան է մատնվել»,- ասում է հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:

Քանի որ հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը շարունակվում է մինչև այսօր, պարոն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն արտահայտեց, որ մոտավորապես 30 տարի հետո Արևմտյան Հայաստանում հայերի մասին հիշեցնող պատմամշակութային ժառանգությունից գրեթե ոչինչ չի մնա:

«Մեր երկու հարևան պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, հետամուտ են եղել, լինում են և կլինեն հայկական հետքի վերացմանը: Այն, ինչ այսօր կա Արևմտյան Հայաստանի տարածքում, 30-40 տարի հետո կմնա դրա ընդամենը 5-10 %-ը: Տեսեք, 1998-2006 թթ. Նախիջևանի տարածքում շուրջ 27 000 հայկական հուշարձաններ հիմնահատակ ավերվեցին, իսկ մենք պետականորեն ոչինչ չկարողացանք անել: Ախր այսպես չի կարելի»,- ասաց հայագետը:

Նույնը նաև Վրաստանի տարածքում է, միայն թե այստեղ ոչ թե ավերում են, այլ վերածում են վրացական հուշարձանների։ «Կան բազմաթիվ փաստեր, ըստ որոնց՝ հայկական եկեղեցիներից հանում են հայկական արձանագրությունները և տեղադրում են վրացական եկեղեցիներում»,- նշեց Ա. Այվազյանը՝ ընդգծելով, որ միակ երկիրը, որը հավուր պատշաճի պահպանում է հայկական հուշարձանները, Իրանն է:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ևս 5-6 պատմամշակութային հուշարձան կորցրեց սիրիական և Մերձավոր Արևելքի այլ դեպքերի ժամանակ: Բայց օտարին մեղադրելուց առաջ նախ պիտի խոստովանենք, որ Հայաստանը կորցնում է ոչ միայն «դրսում», այլև «ներսում»:

Վերջին 100 տարվա կտրվածքով ՀՀ տարածքում բավականին շատ հուշարձաններ (հիմնականում հնագիտական) են ավերվել: Ես հիշում եմ, որ 1982-83 թթ. հնագետ Սանդրո Սարդարյանը հրապարակեց հնագիտական հուշարձանների մի ցանկ (մոտավորապես 250 հուշարձան), որոնք ավերվել են ՀՀ տարածքում: Ցավոք, հնագիտական հուշարձանների ավերումն առայսօր կանգ չի առնում»,- մտահոգվում է հայագետը:

Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ ՀՀ տարածքում 24 հազարի հասնող հուշարձան կա, որոնց զգալի մասը տրված է եկեղեցուն՝ օգտագործման համար, իսկ պետական պահպանության ոչ օտարման ենթակա հուշարձանների թվաքանակը մոտ 19 հազար է: «Նորություն չէ, որ Երևանի հենց կենտրոնում տարբեր տեսակի կառուցապատումներից հետո ամենահին հուշարձանը մնացել է Մզկիթը»,- ասաց Ա. Այվազյանը՝ հիշելով, որ տարիներ առաջ հուշարձանների պահպանության հարցին ավելի լուրջ էին վերաբերվում. «Կային տարբեր բրիգադներ, որոնցից մեկը մաքրում էր հուշարձանի վրա առաջացող խոտածածկույթը, մյուսը վերանորոգում էր ճաքերը, երրորդը՝ մեկ այլ պարտավորություն ուներ: Ընդհանրապես, կառույցն էր ավելի բարձր մակարդակի, հետո, աստիճանաբար, Կառավարությանն առընթեր մարմնի իրավունքը կորցրեց և հիմա ստացել է պարզապես գործակալության կարգավիճակ: Ես կարծում եմ, որ այդ կառուցվածքը պետք է Մշակույթի նախարարության ենթակայությունից հանել, ստեղծել առանձին կոմիտե կամ վարչություն, վերադառնալ նախկին կառուցվածքին»,- ասաց Ա. Այվազյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930