Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանն էլ ռուսական գազը տարանցեր, մեզ համար էլ էժան կլիներ»

Ապրիլ 06,2015 17:17
Vazgen Safaryan

«Հիմա, կարծեմ, բանակցություններ են ընթանում, որ ռուսական գազի գինը Հայաստանում լինի այնքան, որքան Բելառուսին են տալիս` 1000 խմ-ի համար 168 դոլար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի համար գազի գինը չի էժանանում, այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ երկրների համար, որոնք, նույնիսկ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, ռուսական գազն ավելի էժան է:

Հայաստանում գազի 1 խմ-ի համար բնակիչները վճարում են 156 դրամ, օրինակ` Վրաստանում, որը ԵՏՄ անդամ չէ` 110 դրամ: Ուկրաինայում, որը Ռուսաստանի ռազմական հակառակորդն է, գազի մեկ խմ-ի համար վճարում են 160 դրամ, սակայն բնակարանները ջեռուցելու գազն ավելի էժան է` 1 խմ-ն 73 դրամ:

Մեր այն դիտարկմանը, թե 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, կողմերը հայտարարեցին, որ այդ գինն արտոնյալ է, քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին եւ հանդիսանում է Ռուսաստանի դաշնակից, բացի այդ գազային համաձայնագրով նախատեսվում էր, որ գազի գինը առաջիկա 5 տարիներին չի թանկանա, սակայն, կարծես թե թանկացման միտում է նկատվում, պարոն Սաֆարյանը հույս հայտնեց, որ բանակցությունները դրական ելք կունենան եւ Հայաստանը նույնքան գնով գազը կստանա, որքան` Բելառուսը, ինչը նրա կարծիքով վատ գին չէ:

Նրա խոսքերով. «Վրաստանում գազը էժան չէ, պարզապես Վրաստանը տարանցում է ռուսական գազը, այդ պատճառով էլ նրանց համար էժան է ստացվում: Եթե Հայաստանն էլ տարանցի գազ, ապա մեզ համար էլ էժան կլիներ»:

Վազգեն Սաֆարյանը չի համարում, որ Ռուսաստանը Ուկրաինային գազն էժան է վաճառում, քանի որ 1000 խմ-ի համար 350 դոլարը, ըստ տնտեսագետի, թանկ գին է: Նրա խոսքերով, այլ հարց է, որ Ուկրաինան իր բնակչին ավելի մատչելի գնով է գազ տրամադրում. «Հնարավոր է բնակչին ուկրաինացիները էժան են տալիս, որովհետեւ ռուսական գազը Ուկրաինայի տարածքով է տարանցվում դեպի Եվրոպա, իսկ տարանցման համար նրանք փող են վերցնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930