«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու դեպքից երկու ամիս է անցել, բայց մեղավորները դեռ բացահայտված չեն, ինչպես չբացահայտվեցին քաղաքացիական մյուս ակտիվիստներին ծեծողները:
«Ինչպես նախկինում նորություն չկար, հիմա էլ ոչ մի նորություն չունեմ: Այլեւս առանձնապես հույսեր էլ չունեմ, որ նորություններ կլինեն, սա իշխանության պատվի հարցն է, բայց քանի որ այդքան էլ շահագրգռված չեն իրենց չմասնակցությունը ապացուցելու, ես ինքնուրույն կդիմեմ որոշակի քայլերի»,- Aravot.am-ին ասաց Արտակ Խաչատրյանը՝ հստակեցնելով, որ ինքն անձամբ կբացահայտի իր նկատմամբ բռնություն կատարած անձանց:
Մեր հարցին՝ ձեր կասկածներն ո՞ւր են տանում, կա՞ն կոնկրետ անձինք, որոնց կասկածում եք, Արտակ Խաչատրյանը՝ չցանկացավ մանրամասնել. «Համարում եմ՝ դեռ շուտ է խոսել, ժամանակը ցույց կտա, չեմ պատրաստվում նստել, լռել ու սպասել, թե իշխանությունները ոնց կկոծկեն այս գործը»:
Մեր հարցին, թե գործով ԲՀԿ-ականների օբյեկտներում կատարվող քննությունները ի՞նչ պարզեցին, (նախաքննական մարմինը կասկածներ ուներ, որ ԲՀԿ-ականներն են կանգնած Արտակ Խաչատրյանին ծեծելու գործի հետեւում ), մեր զրուցակիցը շարունակեց. «Ոչ մի արդյունք չտվեց, ոչ մի կոնկրետ հիմք՝ այդ ամեն ինչի համար: Պարզապես ժամանակներն էին ստիպում, որ այդպես վարվեին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ