Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացական Հարությունյան. Թվային հեռարձակման հետաձգումը դրական ազդեցություն կունենա

Ապրիլ 06,2015 16:41

Կառավարությունը ապրիլի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ընդունելի էր համարել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ թվային հեռարձակման ժամկետը հետաձգել մինչեւ 2017 թվական:

«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդունելի համարելը դեռ ոչինչ չի նշանակում: Ըստ նրա՝ եթե մարզային հեռուստաընկերությունների արտոնագրերը երկարաձգվեն մինչեւ 2017 թվականը, ապա դա հեռուստաընկերությունների վրա դրական անդրադարձ կունենա. «Այս երկու-երեք տարիների ընթացքում՝ 2012 թվականից, մեր գլխին միշտ էլ կախված է եղել փակվելու վտանգը, որքան էլ դա անիրական թվար, այդ տագնապը միշտ մեզ տվել են: Այդ ընթացքում միշտ մտածում էինք, թե ի՞նչ է լինելու մեր վերջը, անշուշտ, կառավարությունը, իշխանությունը կմտածի մեր մասին, որովհետեւ հեռուստատեսությունը փակելը հակասահմանադրական ակցիա է»:

Նա համարում է՝ այդ երկու տարին դրական ազդեցություն կունենա նաեւ կառավարության համար. այդ ընթացքում կկարողանան լուծում գտնել, թե ինչպես մարզային հեռուստաընկերությունները կարող են իրենց գործունեությունը շարունակել. «Թվային հեռարձակումը կարող է տարածվել նաեւ մեզ վրա. Եթե ստեղծում են ինչ-որ սարքեր, մուլտիպլեքսներ, ապա պետք է նաեւ մեզ ներառեն, ոչ թե՝ մի քանի ընտրյալների: Այդ տեսակետից մենք կհարմարվենք երկրում ընթացող գործընթացներին, որը բոլորի համար պարտադիր է»:

Մնացական Հարությունյան

Մնացական Հարությունյան

Պարոն Հարությունյանը սխալ է համարում այն, որ այսքան տարիների ընթացքում կառավարությունը որեւէ լուծում չի գտել. «Դրանով նրանք ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց անգործության մատնեցին: Մենք այս տարիների ընթացքում մտածել ենք ներդրումներ գտնելու, զարգանալու մասին, բայց միշտ մեր գլխին կախված է եղել: Այդպիսով՝ կասեցվել է թե՛ մեր ընթացքը, թե՛ ժողովրդի առաջխաղացման ընթացքը, բայց լավ է ուշ, քան երբեք»:

Sos Siradeghyan

Սոս Սիրադեղյան

Ալավերդի քաղաքում հեռարձակվող «Անկյուն + 3» հեռուստաընկերության ղեկավար Սոս Սիրադեղյանը եւս համարում է, որ թվային հեռարձակման ժամկետի հետաձգումը դրական արդյունք կունենա այն մարզային հեռուստաընկերությունների վրա, որոնց արտոնագրերի ժամկետը լրանում է 2015 թվականին. «Բոլոր դեպքերում՝ դրական է: Բայց անորոշ վիճակը շարունակվելու է»:

Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2-3 տարի առաջ գիտեր, որ դեպքերն այսպիսի ընթացք պետք է ստանան. «Հեռուստատեսությունը այն բնագավառն է, որ չի կարելի 6 ամսով, 1 տարով հետաձգել: Սա այն բնագավառն է, որտեղ մեծ ներդրումներ են պետք, իսկ 6 ամսում ոչ ոք ներդրումներ չի անի, իսկ այս 2 տարում հնարավոր է ինչ-որ ծրագրեր իրականացնել»:

Խաչիկ Դանիելյան

Խաչիկ Դանիելյան

Պարոն Դանիելյանը հավելեց, որ ապրիլի 7-ին մարզային հեռուստաընկերությունների ղեկավարներին հրավիրել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով: Նրա կարծիքով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաեւ արտոնագրի երկարացման հարցը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930