Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պաշտպանում երեխաների իրավունքները Հայաստանում

Ապրիլ 06,2015 16:24

Երբ  ամիսներ առաջ, Երևանում մայրը հրկիզեց իրեն ու իր  9 ամյա որդուն,  բուռն քննարկումներ ծավալվեցին, թե արդյո՞ք մեր երկրում որևէ մարմին իրապես պաշտպանում է երեխաների իրավունքները, նրանց, ովքեր վտանգված են սեփական ընտանիքում,  հերթական անգամ բարձրացվեցին համայնքներում սոցիալական աշխատողների անհրաժեշտության և առհասարակ, երեխայի պաշտպանության ոլորտում հայաստանյան թերացումների հարցերը:

 

Children's right1

Փետրվարի 9-ին Երևանում 47-ամյա կինն, ըստ պաշտոնական վարկածի՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսնուց վրեժ լուծելու համար  հրդեհել էր տունը, որի հետևանքով օրեր անց հիվանդանոցում մահացել էր, իսկ 9-ամյա որդուն հաջողվել էր փրկվել,չնայած բազմաթիվ այրվածքներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մայրը մուրճով հարվածել էր որդու գլխին, այնուհետև բենզինի օգնությամբ հրկիզել բնակարանը:

«Մեր մահվան պատճառն այդ սրիկան է». բնակարանին այսպիսի գրություն էր թողել կինը՝ նկատի ունենալով ամուսնուն: Հարևանները նշում են, որ կնոջ ամուսինը խանդոտ էր, ծեծում էր նրան ու հենց ընտանեկան բռնությունն ու սոցիալական ծանր վիճակն է եղել կնոջ հոգեկան անհավասարակշիռ վարքի պատճառը:

Հարևաններն ասում են, որ կինը բազմիցս փորձել է ինքնասպանություն գործել, իսկ դեպքից մեկ ամիս առաջ, կնոջ ինքնասպանության հերթական փորձից հետո զանգահարել են ոստիկանություն, որոնք եկել, գնացել են, բայց հետո դադարել են այդ հարցով զբաղվել։

9-ամյա երեխայի դպրոցի տնօրեն Անահիտ Հովհանիսյանը ևս հաճախակի հանդիպել է կնոջն ու ասում է, որ իրենց վերջին հանդիպմանը՝ դեպքից երկու օր առաջ, կինը հանգիստ է եղել:

«Երեխայի մայրը շատ հավասարակշիռ ու զուսպ կին էր, շատ ուշադիր էր տղայի հանդեպ, ու ինչ եղավ-չեղավ` եղավ դեկտեմբեր ամսից, սպասում էր, որ հեսա ամուսինը գալու է ու էլի սկսելու է իրեն ծեծել: Տարբեր տեղերից մի քանի անգամ լսել էի, թե մայրը երեխայի հետ ինչ-որ բան է ուզում անել, անհանգստացել էի ու դեկտեմբերի վերջին ահազանգել ոստիկանություն, օգնություն խնդրել: Վերջիններս չեն մերժել խնդրանքս և պարբերաբար օգնություն են տրամադրել թե՛ սննդի, թե՛ հագուստի, և թե՛ երեխային աջակցելու համար»,-պատմել է Հովհաննիսյանը:

Սակայն մասնագետները փաստում են, որ եթե ոստիկանությունից բացի գործեր նաև սոցիալական աշխատողի ինստիտուտը, եթե լինեին համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավոր կլիներ կանխել այս դեպքը, հնարավոր կլիներ կանխել նաև բազմաթիվ այլ դեպքեր:

Grigori-Grigoryants-World-Vision

Աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը բարեփոխելու կոչումն ունեցող «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության երեխայի պաշտպանության ոլորտում շահերի պաշտպանության ղեկավար Գրիգորի Գրիգորյանցն ասում է, որ Հայաստանում երեխայի պաշտպանության ոլորտում բոլոր խնդիրներն սկսվում է երեխաների պաշտպանության համար պատասխանատու կառույցներից:

«Երեխայի պաշտպանության ամենակարևոր պարտավորությունները՝   40-ից ավելի լիազորություններ,  դրված են մի մարմնի վրա՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), որոնցից շատերն անգամ տեղյակ չեն, որ իրենք են այդ հիմնարար խնդիրներով զբաղվող պետական լիազոր մարմինը: Սա աբսուրդ է, համայնքի ղեկավարին տալ երեխայի պաշտպանության 40-ից ավելի հիմնարար կարևորություն ունեցող լիազորություններ, այդ թվում երեխային ընտանիքից, ծնողական իրավունքից զրկելու գործընթացները»,-ասում է Գրիգորյանցը` հավելելով, որ Հայաստանում 920 համայնքներից միայն որոշ եզակի բացառություններից այն կողմ չկան գործող, հասկացող ղեկավարներ, որի օբյեկտիվ պատճառն այն է, որ այդ մարդիկ մասնագետներ չեն:

Համայնքի ղեկավարներին կից աշխատում է նաև խնամակալության հոգաբարձության հանձնաժողովը, որը կամավոր մարմին է, սովորաբար բաղկացած է լինում դպրոցի ուսուցչուհուց, բժշկուհուց և համանման այլ մարդկանցից, որոնք չեն վճարվում և ըստ Գրիգորյանցի` ո՛չ համապատասխան մասնագետն են այս գործի համար, ո՛չ էլ տեղեկատվություն ու համապատասխան կրթություն ունեն, իսկ երեխայի իրավունքների պաշտպանությունն առնվազն նվազագույն բազային կրթություն է պահանջում:

«Պայմանականորեն ունենք եռաստիճան համակարգ, որի հիմքը խնամակալության հոգաբարձության մարմինն է, այնուհետև գալիս են մարզային կառույցները, որոնք կազմված են 4-5 անձանցից, ովքեր սպասարկում են ամբողջ մարզի բնակչությունը: Սա շատ քիչ է, հատկապես երբ հաշվի առնենք մեր բնակչության խոցելիությունը, այն որ մենք ունենք 32 տոկոս  ընդհանուր աղքատություն երկրում, երեխաների շրջանում անցնում է 40 տոկոսը, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների ընդհանուր թվի 54 տոկոսն է աղքատության մեջ»,- ասում է Գրիգորյանցը` հավելելով, որ երրորդ աստիճանն ազգային հանձնաժողովն է, որը ղեկավարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Վերջերս ազգային հանձնաժողովը ներկայացրել է  բարեփոխումների նոր փաթեթ, որը հիմնականում վերաբերում է շուրջօրյա գիշերային խնամքի կազմակերպությունների վերակազմավորմանը, դրանց  հետ կապված մի շարք այլ համակարգերի բարեփոխումներին:

«Իմ կարծիքով բավականին դրական է և զգացվում է քաղաքական կամք այս գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մինչդեռ ՀՀ-ում ընդունվել էր 2006-2010 թթ ռազմավարությունը, 2003-ին ընդունվել էր 2004-2015 թթ-ի երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը, որը 2012-ին ճանաչվեց անվավեր, քանի որ ընդունվեց նորը և այդպես շարունակ: Այն հիմնարար գործողությունները, որոնք պետք է իրականացվեին, չեն իրականացվել, իրականացվել են ընդամենը 25-30 տոկոսով»,- ասում է Գրիգորյանցը:

Հայաստանում շատ բարեփոխումներ իրականացվում են միջազգային կառույցների հորդորներով և աջակցությամբ, պարտավորությունների ստանձնելուց հետո կառավարությունը փորձում է դրանք իրականացնել՝ հաճախ զուտ իմիտացիոն քայլերով, որոշ դեպքերում ՝ գործնական հաջողությամբ:

Այս տարեսկզբին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Համընդհանուր պարբերականի դիտարկման (ՀԴՊ) ընթացքում կառավարության ներկայացուցիչ՝ Արտաքին գործերի փոխնախարարը միջազգային կառույցին ներկայացրեց իրականացված դրական քայլերը, սակայն հանձնարարականների մի նոր շարք հնչեցվեց 100-ից ավելի երկրների կողմից, որոնք դեռ պետք է քննարկվեն՝ ընդունել, թե չընդունել:

Մեր առօրյա կյանքում օրեցօր աճող բռնությունների պայմաններում, թերևս կառավարությունն այս անգամ պետք է հաշվի առնի երեխայի իրավունքներին վերաբերող 44 հանձնարարականները, որոնք տրվեցին Հայաստանին հունվարի 22-ին Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական զեկույցի ընթացքում:

Հանձնարարականների մեծ մասը վերաբերում էր հենց ընտանեկան բռնության կանխարգելման մասին առանձին օրենքի ընդունմանը և դրան զոհ դարձած երեխաների իրավունքների պաշտպանությանը, 16-ը բռնության կանխարգելման մեխանիզմների ստեղծմանը, մնացյալը՝ թրաֆիքինգին, առողջապահության հասանելիությանն ու հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Այս հանձնարարականները մինչև հունիս Հայաստանը կամ կընդունի, կամ՝ կմերժի: Սակայն մասնագետները կարևորում են դրանց դերը՝ համարելով, որ սա այն պահն է, որ պետք է պետությունը ստանձնի պարտավորություններ՝ քայլ առաջ անելու համար:

Anna-Safaryan

Մարդու իրավունքների պաշտպանի կանանց և երեխաների հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը ևս կարևորում է ՀԴՊ հանձնարարականները` նշելով, որ դրանք արվում են տվյալ ոլորտում առավել առաջընթաց ունեցող երկրների կողմից և դրանց շնորհիվ Հայաստանը հնարավորություն է ունենում ավելի կատարելագործելու պաշտպանության մեխանիզմները:

«Եվս մեկ առիթ է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այն խնդիրներին, որոնք ունենք այսօր մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված ու հասկանանք, թե ինչ ուղղությամբ կարելի է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրանց լուծման համար: Նման զեկույցները միշտ էլ ունեն իրենց դրական արդյունքները, որովհետև փաստորեն մենք միջազգային մոտեցումներին ենք ծանոթանում և այն երկրները, որոնք ավելի առաջընթաց ունեն տվյալ ոլորտներում, փաստորեն մատնանշել են կետեր, որոնք մեզ մոտ թույլ են ու դա մեզ համար հերթական հնարավորությունն է, որ լսենք նրանց ու միջոցներ ձեռնարկենք»,-ասում է Սաֆարյանը:

ՄԻՊ գրասենյակը բավական ակտիվ աշխատում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, թերևս միայն նրանց հետևողականության ու միջամտության շնորհիվ են կանխվել կամ վերացվել մանկատներում և գիշերօթիկներում բազմաթիվ խնդիրներ:

Անցյալ շաբաթ էլ ՄԻՊ գրասենյակը հրապարակեց «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի ընթացքում 37 մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ այցելությունների և ուսումնասիրությունների  արդյունքները:

brnabarutyun 1

Սակայն, այն ինչ տեղի է ունենում ընտանիքի ներսում, ՄԻՊ-ը ոչ միշտ կարող է միջամտել, հարկավոր են այլ մեխանիզմներ, որոնց ստեղծման համար ՄԱԿ-ի ՀԴՊ-ի 189 հանձնարարականներից գրեթե 70-ը վերաբերում էին  Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունմանը:

Այս օրենքն արդեն մի քանի տարի է մշակման փուլում է, սակայն դեռևս չի ընդունվել և Հայաստանում ընտանեկան բռնության տարեց տարի աճող թվերը կապվում են հենց այս օրենքի բացակայության հետ: Այս օրենքով սահմանվում է նաև սոցիալական աշխատողի գործունեությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանն ասում է, որ ՄԱԿ-ի պարբերական զեկույցը կարող է լինել կարևոր հիշեցում,  և չի բացառվում, որ կրկին կառավարությունն անդրադառնա ընտանեկան բռնության օրենքի վերանայմանը:

«Մենք՝ որպես լիազոր մարմին, վերջին մի քանի տարիների իրականացրած աշխատանքի վերանայում, մոնիտորինգ պետք է իրականացնենք և լրացնենք բացերը, չեմ բացառում, որ սա կրկին առիթ դառնա ընտանեկան բռնության մասին օրենքի վերանայման համար»,-ասում է Թանաշյանը:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոնա says:

    Բարև Ձեզ…

    Ձեզ դիմում է ՀՀ շարքային քաղաքացի. Իմ և երկու անչափահաս աղջիկներիս իրավունքներն արդեն տևական ժամանակ է ոտնահարվում են ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում: Ունենք օրնական ուժի մեջ մտած Դատական ակտ, համաձայն որի երկու անչափահաս աղջիկներիս խանամակալ եմ ճանաչվել ես, բնակություն իրավունքը ճանաչվել է ըստ հոր սեփականանությունը հանդիսացող բնակարանի: Ես բնակելի ոչ մի տարածք չունեմ, մինչ այժմ գոյատևում ենք բարեկամներիս տներում: Հարկադիր կատարողը բնակեցում չի կատարում, պատճառաբանելով, որ երեխաներին կարող է բնակեցնել, ինձ՝ ոչ, քանի որ նախկին ամուսնուս բնակարնում մեզնից հետո արդեն երկրորդ հեթական կինն է ապրում, և համատեղ կյանքն, ըստ ԴԱՀԿ կատարող Բաղդագուլյանի անհնարին կլինի, սա իր կարծիքն է: Դիմել եմ ՄԻՊ-ին, դիմումս մակագրվել է Օքսաննա Դավթյանին, որևից դեռ պատասխան չեմ ստացել, դիմել եմ 21.04.2016թ.-ին, դեռ սպասում եմ…
    Ես գումար չունեմ, որ տամ պարոն Բաղդագուկլյանին, ով լավ թիկունք ունի վերևներում և անչափահաս երեխանրին չի կարողանում ապահովել օրիանկան բնակելի տարածքով: Ի՞նչ անել: Վախենում են, որ նախկին ամուսինս իրենց մասին հոդվածներ կհրապարակի՞, Օգնեք, խնդրում եմ, ինչ անել, չգիտեմ, ես վերևներում մարդ չունեմ, չունեմ նաև որևէ մեկին գումար տալու հնարավորություն… Հայտնվել ենք անելանելի իրավիճակում, հույս ունեմ, Ձեր միջամտությունից հետո կկատարեն օրենքով սահմանված գործողությունները…
    Նախապես շնորհակալություն
    Հարգանքներով՝ Սոնա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930