Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոյի մասին» օրենքը պետք է լինի արտոնությունների եւ սահմանափակումների մի օրենք, որը թույլ չի տա պատահական մարդկանց մուտք գործել դաշտ» (Տեսանյութ) 

Ապրիլ 06,2015 15:38

«Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտ է եւ այն հեշտություն կմտցնի հայկական կինոարտադրության  եւ տարածման գործընթացներում: Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում անդրադառնալով «Կինոյի մասին» նոր մշակված օրենքի նախագծին, այս տեսակետը հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

 «Մենք միշտ խոսել ենք «Կինոյի մասին» օրենքը ստեղծելու մասին եւ բոլորի մոտ այն կարծիքն է եղել, թե օրենքը պիտի նպաստի կինոն արտադրելուն: Սակայն «Կինոյի մասին» օրենքը միայն կինո ստեղծելու մասին չէ, այն այսօր շատ այլ խնդիրներ էլ է լուծելու»,-վստահեցնում է պրն Գեւորգյանը:

Պրն Գեւորգյանի խոսքով՝ ներկայումս հայկական կինոն տարածելու խնդիրն առաջնայինն է. «Հայկական կինոն միջազգային ասպարեզ դուրս բերելու խնդիր ունենք, հայկական կինոն արտադրելու համար առավելագույնս լավ պայմաններ ստեղծելու խնդիր ունենք»:

«Կինոյի մասին» օրենքը հնարավորություն կընձեռի հովանավորների արտոնություններ սահմանել, ինչպես նաեւ կլուծի ֆիլմի տարածման խնդիրը, նաեւ հնարավորություն կլինի արտասահմանյան երկրների հետ ավելի հեշտությամբ համագործակցել եւ ֆիլմեր արտադրել: Ինչպես նաեւ օրենքը Հայաստանում կինոարտադրության ոլորտում կկարգավորի կինոյի արտոնագրային համակարգը: Այսինքն՝ կստեղծվի մի կառույց, որը կսահմանի, թե ինչ ֆիլմեր պետք է վաճառվեն կինովարձույթներում, ինչ տարիքային սահմանափակում պետք է ունենան այդ ֆիլմերը:

«Այսօր ինչ ֆիլմ ասես ցուցադրում են, որոնք քարոզում են դաժանություն, էրոտիկա, բռնաբարություն: Պետք է գոնե տարիքային ցենզ սահմանվի: Հարցը քննարկման գործընթացում է եւ պետք է ինչ որ մեխանիզմ այս ուղղությամբ մշակվի»,-նշեց պրն Գեւորգյանը:

Օրենքի միջոցով հնարավոր կլինի նաեւ սահմանել հարկային եւ մաքսային արտոնությունները. «Այսօր բավականին մեծ դժվարություններ կան, երբ ժապավենով կամ կրիչով ուզում ենք արտահանել կամ ներմուծել որեւէ ֆիլմ»:

Ասուլիսին ներկա կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանն էլ հիշեց, թե երբ 1990-ական թվականներին վարչապետ Հրանտ Բագրատյանը եկել էր Հայֆիլմ, այդ ժամանակ դեռ խոսել էին կինոյի մասին օրենք ստեղծելու մասին: Վարչապետը ասել էր, որ ոչ մի հարկային արտոնություն չպիտի տրվի: Նրբերշիկ արտադրողը եւ կինոարտադրողը պիտի լինեն նույն հարկային դաշտում. «Դա բերեց նրան, որ մեր կինոն դարձավ նրբերշիկ»:

Միջանկյալ նկատենք, որ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում արձագանքել է այս հայտարարությանը` գրելով. «Սա շատ հետաքրքիր է։ Վկայում է մեր մտավորականության որոշ «ներկայացուցիչների» ողորմելի վիճակի մասին։ Եվ սա այն դեպքում, երբ ես առաջինն եմ եղել, որ պարտավորվեց կինոյի պետական պատվեր իջեցնել պատերազմի ծանր տարիներին։ Ի դեպ, այդ պատվերներում հարկերը հաշվում են։ Համադրելի գներով վստահ չեմ, որ պետբյուջեից կինոմատոգրաֆները հիմա ավել են ստանում, քան 1994-1996-ին։ Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը։ Այս «մտավորականները» դժգոհ են։ Բայց հո չեն կարող կոնկրետ դժգոհություն արտահայտել ներկա իշխանություններին։ Այդ դեպքում ամեն ինչից կզրկվեն։ Իսկ մենք դեմոկրատ ենք։ Մեզ կարելի էր։ Հետո արի մի բան ասեմ էլի, մտածում են սրանք, սիրտս թեթևացնեմ։ Համ էլ ասածս, ըստ իրենց, կոնկրետ կլինի։ Կարելի՞ է մի հատ ապացույց ներկայացնել, թե ես նման բան եմ ասել»:

«Թվային հեղափոխությունը բերեց նրան, որ յուրաքանչյուր շքամուտքում հայտնեց 6 ռեժիսոր եւ 75 դերասան: Կինոարտադրությունը էժանացավ եւ դրան գումարվեց կրթական խնդիրը»: Ըստ Էդգար Բաղդասարյանի՝ մենք ունենք դեգրադացված հանդիսատեսի մի զանգված, որը սպառում է էժան եւ հումորից զուրկ ֆիլմերը:

Էդգար Բաղդասարյանի խոսքերը՝ մանրամասն՝ տեսանյութերում

Կինոդերասան Միքայել Պողոսյանն էլ, անդրադառնալով ներկայումս ֆիլմարտադրության շուկայում տիրող իրավիճակին, նախ առանձնացրեց այն անձանց, թե ովքեր են ֆիլմ նկարում՝ «նրանք, ովքեր գումարներ են հայթայթում: Բայց մի՞թե նրանք այդ արժանավորներն են: Բնականաբար՝ ոչ»:

Պրն Պողոսյանը նկատեց, որ այսօր ֆիլմարտադրության ոլորտում մեծ դերասաններին փոխարինում են «խուտուտչիները»:

Միքայել Պողոսյանի տեսակետը՝ մանրամասն՝ տեսանյութերում

Դերասան Ալեքսանդր Խաչատրյանն էլ, խոսելով օրենքից, նշեց, որ այն պետք է լինի արտոնությունների եւ սահմանափակումների մի օրենք, որը թույլ չի տա պատահական մարդկանց մուտք գործել կինոարտադրության դաշտ:

«Կինոն եւ հեռուստատեսությունը չպիտի ցածր լինեն նշաձողից: Հեռուստացույցը բարձր է մայթից եւ չի կարելի մայթն ավլել եւ լցնել հեռուստատեսություն: Ամեն ինչից բացի այն մի մեծ զենք է»:

Ալեքսանդր Բաղդասարյանի խոսքերը՝ մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930