Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը զգուշացնում է՝ համագյուղացիները կարող են ծայրահեղ քայլերի դիմել

Ապրիլ 06,2015 14:49

Երեւանի բնակիչ, 1960թ. ծնված Աշոտ Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում «Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր» ջրատարի վերակառուցման նպատակով Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մաֆլար» հանդամասում հրդեհավտանգ գազաեռակցող սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ժամանակ դրսեւորել է անզգուշություն, անփութություն, չի ապահովել աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով կայծերից առաջացած հրդեհը մեծ վնաս է պատճառել:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հրդեհի հետեւանքով այրվել է Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող, ընդհանուր 11 հեկտար պտղատու եւ խաղողի այգի, 10 հատ մեղվաընտանիք, 15 հատ մեղվափեթակ եւ դրանց ծածկը, նշված անձանց պատճառելով ընդհանուրը 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս:

Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով («Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ապրիլի 10-ին:

Chobayan jpgՍահմանամերձ Վերին Կարմիրաբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը տարակուսանք հայտնեց, որ «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատողի անփութության պատճառով այրված 11 հա այգու վնասը հաշվարկվել է 5.4 միլիոն դրամ եւ հավելեց. «Արարատյան դաշտում հիվանդ, վերականգնման ոչ ենթակա 1000 քառակուսի մետր խաղողի այգու համար պետությունը 1.2 միլիոն դրամ է փոխհատուցում, այգետերերը դա քիչ են համարում, իսկ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի այգիները հրո ճարակ են դարձել՝ 3-4 տոննա բերքով»:

Նրա վկայությամբ՝ ինքը 4 օր առաջ ընդունելության է եղել գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտ, վերջինս առաջարկել է պաշտոնական գրությամբ դիմել իրեն, որպեսզի  այրված այգիների վնասները ճշտող մասնագետներ ուղարկի:

Կ. Չոբանյանը վախենում է, որ հրդեհից տուժած այգիների տերերը արդարության չհասնելով՝  ի վերջո կարող են ծայրահեղ քայլերի դիմել:

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Վազգեն Մանուչարյանը նախկինում մեզ հայտարարել  է. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: Հունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Կ. Չոբանյանի լուսանկարը՝ tavush.gov.am կայքից

Վերին Կարմիրաղբյուր գյուղի լուսանկարը՝  https://hy.wikipedia.org/-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930