«Բայց հայերը ե՞րբ չեն քաղաքական ապաստան խնդրել: Անիի թագավորությունը միանգամից գնաց Կիլիկիա՝ քաղաքական ապաստան խնդրեց: Մեզ մոտ այդ հիվանդությունը շատ վաղուց է՝ այդ լավ ապրելը, հայրենիքի դարդերով չհետաքրքրվելը, իրենց դասալքությունը քաղաքական գործընթացներից դժգոհության տակ ներկայացնելը»,- ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ինչո՞ւ են այդքան մեծ թվով հայեր Եվրոպայից քաղաքական ապաստան խնդրում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն 2014-ի ընթացքում 5000-ից ավելի հայ դիմել է եվրոպական երկրներին՝ քաղաքական ապաստան ստանալու համար: Այն դեպքում, երբ Ադրբեջանից դիմել է մոտ 2000 մարդ:
Համլետ Հարությունյանն ասաց. «Ես ձեզ հավատացնում եմ, որ այսօր ընտանիքով արտասահման գնալու համար պետք է գոնե մի 50-60 հազար դոլար ունենա, որ կարողանա տոմս առնի եւ այլն եւ այլն: Մենք այդ հաշվարկները գիտենք: Բայց եթե մարդ այստեղ մի 50-60 հազար դոլար ունենա, հենա ստեղ էլ լավ կապրի, էլի»:
Համլետ Հարությունյանը հարց ուղղեց՝ իսկ դուք համոզվա՞ծ եք, որ այստեղ քաղաքական հետապնդումներ կան:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ բազմաթիվ օրինակներ կան՝ նա չհամաձայնեց. «Ես ուրիշ հետսովետական երկրում չեմ տեսել, որ ընդդիմությունը կարողանա իշխանություններին այնպիսի հայհոյանք տա, ինչպես մերոնք են տալիս շատ հանգիստ, հեշտ: Շատ դեպքերում իրենք ավելի շատ իրավունքներից են օգտվում, քան իշխանության ներկայացուցիչները: Շատ դեպքերում իրենք ավելի շատ են այդ կերակրատաշտից օգտվում, քան մենք: Ի՞նչ են արել, ո՞ւմ բերանն են փակել: Ցույց տվեք մի տեղ, Ադրբեջանի հետ համեմատեք: Հլը Ադրբեջանում մեկը փորձի նախագահի, իշխանության հասցեին այն հայհոյանքներն անի, ինչպես որ մերոնք անում են մեր հասցեին»:
Մեր դիտարկմանը, որ ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի անդամը հանրահավաքի ժամանակ դանակահարվեց հենց ոստիկանության քթի տակ՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Մարդկային ցանկացած հավաքի մեջ խուլիգաններ էլ են լինում, գողեր էլ են լինում, ավազակներ էլ են լինում: Դա քաղաքական հետապնդո՞ւմ է, որ մեկը մյուսի հետ վիճում է, դանակը հանում խփում: Քաղաքական հետապնդումներ մեր երկրում շատ երկար ժամանակ է՝ գոյություն չունեն: Կուսակցություններն ինչ ուզես ասում են, նրանց ղեկավարներն ինչ ուզես ասում են, մենք սկի չենք էլ կարողանում պաշտպանվել»:
Մեր զարմանքին՝ այնքան անպաշտպան ձեզ ներկայացրեցիք, ՀՀԿ-ն այդքան անպաշտպա՞ն է՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Չէ, հարաբերական իմաստով եմ ասում: Մենք կարողանում ենք մեզ պաշտպանել, ուղղակի այնքան ազատ են նրանք իրենց խոսքում, որ մենք հազիվ էլ կարողանում ենք պաշտպանվել այդ հարձակումներից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ