ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն անցյալ տարի եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է խնդրել 5242 հայ, իսկ Ադրբեջանից, որը ավելի քիչ ժողովրդավար, փակ երկիր է համարվում, ավելի քիչ են դիմել՝ 2617:
Aravot.am-ը նախկին արտգործնախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ ըստ Ձեզ, հայերը խաբո՞ւմ են Եվրոպային, թե՞ այդքան հայ մեր երկրում իսկապես քաղաքական հետապնդումների է արժանանում: Նա պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ այդ խնդիրն ավելի շատ պետք ունի Ադրբեջանը, քան Հայաստանը, բայց այն, որ միտում կա, արտագաղթը շարունակվում է եւ քաղաքական ապաստանի դիմումները առկա են՝ դա գիտեմ: Թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ նաեւ զուտ արտագաղթը ծնող հանգամանքների պահով այդ հարցերը պետք է լուծվեն: Ես կողմ եմ արտահերթ լուծումների: Պետք է արտահերթ լուծումներ գտնենք, որպեսզի այդ 5000 քաղաքացիների քանակն իրական չլինի եւ չավելանա»:
Մենք հետաքրքրվեցինք՝ արտահերթ լուծումներ ունի Հիմնադիր խորհրդարանը, օրինակ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաք «Էրեբունի» թանգարանի մոտ, Դուք մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ դրան: Նախ, այդ հավաքի մասին առաջին անգամ եմ տեսնում: Եթե պարոն Սեֆիլյանն ինձ տեղեկացնի՝ կորոշեմ: Բայց ամսի 24-ին «Ժառանգությունը» կլինի Ծիծեռնակաբերդում առանց կուսակցական դրոշի, առանց տարբերանշանի: Կլինենք մեր ժողովրդի հետ եւ մեր պահանջների հետ»:
Մեր հարցին՝ հիմա հավատո՞ւմ եք դեռ, որ իշխանափոխություն կլինի, հավատո՞ւմ եք իշխանափոխությանը՝ նա պատասխանեց. «Ո՞նց կարող ես հավատալ իշխանափոխությանը: Մենք հավատում ենք այն Հայաստանին, որ գալու է եւ իշխանությունները պետք է փոխվի՝ այդ Հայաստանն իրացնելու համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ