Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ո՞նց է Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը եղել, ամենախոշոր ձուկն այս պահին ինքն է»

Ապրիլ 06,2015 14:26

Դեռեւս ընտրություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ պետք է ընկնեն ոչ թե մանր ձկների հետեւից, այլ բռնեն գլխից՝ խոշորից: Այս օրերին հարկային մարմինները ստուգումներ են անում եւ նույնիսկ տուգանքներ կիրառում ՀՀԿ-ի համար յուրայինների օբյեկտներում՝ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Աղաբաբյանի, Գարեգին Նուշիկյանի:

Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը՝ փաստորեն, Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը եղավ, ասաց, որ խոշոր ձկներին են բռնելու եւ Գագիկ Ծառուկյանի հարցերը լուծվեցին, հիմա էլ ՀՀԿ-ականներին է ստուգում՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդդիմացավ. «Ո՞նց է իր խոսքի տերը եղել: Եթե Սերժ Սարգսյանը խոշոր ձուկ էր ուզում բռնել, իրենից պետք է սկսեր: Ամենախոշոր ձուկն այս պահին ինքն է, իրենից թող սկսի, եթե սկսում է»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ականների օբյեկտներում եւ ընկերություններում այս ստուգումները շարունակակա՞ն կլինեն, թե՞ ընդամենը Գագիկ Ծառուկյանի ֆոնի վրա պատկեր ստեղծելու համար է եւ ինչո՞ւ հենց նրանք՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե մենք ուսումնասիրում ենք տնտեսական զարգացումների վերաբերյալ վերջին զեկույցները, ապա զրոյական ցուցանիշներ են: Եթե չկա բյուջեում գումար, արդեն իրենց համար կապ չունի, թե ում վրա պետք է տարածեն: Պետք է տարածեն հնարավորինս խոցելիների վրա: Ես չգիտեմ, ձեր մատնանշած անձինք խոցելիների մեջ են մտնում, թե ոչ, բայց այնուամենայնիվ, որ գումար չկա հանրապետությունում եւ այդ գումարը պետք է ինչ-որ տեղից հայթայթվի, դա, կարծում եմ, հենց դրա հետեւանքն է»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանի օբյեկտներում ստուգումներ չեն անում, նա ավելի խոշոր գործարար է՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այս պահին, երբ բյուջեում գումար չկա, երեւի այդ շղթան է ներգրաված: Մենք մշտապես ասել ենք, որ եթե այսօր դիպչում են փոքր ձեռնարկատիրոջը կամ միջինին, ապա վաղը այս համակարգը, որն արդեն սպառել է իրեն, պետք է անցնի նաեւ այլոց՝ յուրայիններին: Մեծերին նույնպես պետք է նեղեն: Կամաց-կամաց մենք տեսնում ենք, որ համակարգը ամեն օր մի ինչ-որ օրգան ամպուտացիայի է ենթարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930