ՀՀ դատախազությունն Ազգային ժողով է ուղարկել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի տարեկան հաղորդումը: ԱԺ նախագահն այն արդեն ուղարկել է պետաիրավական հարցերի հանձնաժողով: Դատախազն իր հաղորդումը հասցրել է խորհրդարան ներկայացնել սահմանված ժամկետի վերջին օրը:
Դատախազի հաղորդումը, որը բավական ծավալուն է, ավելի քան 70 էջ, խորհրդարանի կողմից ընդունվելու է ի գիտություն: Պատգամավորներն իրավունք ունեն դատախազին հարցեր տալ, ելույթներ ունենալ, բայց դատախազի հաղորդումը չի քվեարկվելու: Գեւորգ Կոստանյանն, այդպիսով, առաջին ՀՀ գլխավոր դատախազն է, որն խորհրդարանի դատին կներկայացնի անցած տարվա իր կատարած աշխատանքները:
Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր դատախազն իր կատարած աշխատանքների համար հաշվետվություն է ներկայացնելու խորհրդարանին: Երբ դատախազի՝ խորհրդարանին հաշվետու լինելու հարցը քննարկվում էր խորհրդարանում, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկեց, որպեսզի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկի դատախազի հաղորդումը եւ հարակից զեկուցմամբ հանդես գա: Առաջարկը, սակայն, չընդունվեց: Այժմ, ստացվում է, որ խորհրդարանականները կլսեն դատախազի հաղորդումը, կարտահայտեն իրենց անձնական դիրքորոշումները եւ հարցը կանցնի պատմության գիրկը: Խորհրդարանի կողմից դատախազի հաղորդմանը վերաբերմունք չի արտահայտվի:
Aravot.am-ի հետ զրույցներում պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներից շատերն ասացին, որ դատախազի հաղորդումը ստացել են շաբաթվա վերջին օրը եւ քանի որ դեռ բավական ժամանակ ունեն, չեն շտապել դրան ծանոթանալ: Կարծիք կհայտնեն, երբ կարդան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ