«Առավոտի» տեղեկություններով՝ Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն պատրաստվում է հանդես գալ սեփական թեկնածուով:
Հիշեցնենք. Աբովյանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են նախատեսվում, քանի որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն այլեւս զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը: ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Արցախյան ազատամարտի մասնակից, բավական հայտնի հասարակական եւ քաղաքական գործչի: «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, սակայն, ասաց, որ նման քննարկում կուսակցությունում չեն ունեցել. «Երբ ընտրությունները կհայտարարվեն՝ կքննարկենք ու կտեղեկացնենք»: Ճշտող հարցին՝ մտադրություն կա՞ այդ ընտրություններին մասնակցելու, մեր զրուցակիցը հավելեց. «Այդ առումով դեռ որեւէ հարց չենք քննարկել»: