Արագածոտնի մարզպետն ու ՀՀ Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն՝ «Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Իսկ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքէջի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային կազմակերպությունը ապրիլի 2-ին նշել է կուսակցության հիմնադրման 25-ամյակը, որին ներկա էին ՀՀԿ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, եւ այլք»: ՀՀ Սահմանադրությունը կամ որեւէ օրենք մարզպետին ու մարզպետարանին չի արտոնում պետական ռեսուրսը` մարզպետարանի պաշտոնական կայքը, օգտագործել որեւէ կուսակցության գործունեությունը լուսաբանելուն: ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդվածի համաձայն՝ «Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով նրան վերապահված իրավունքների եւ լիազորությունների սահմաններից, եթե այն էական վնաս է պատճառել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների` օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին` պատժվում է ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչեւ երկու տարի ժամանակով, կամ պաշտոնանկությամբ»:
Պետական ռեսուրսը կուսակցությանը ծառայեցնելու հասցրած վնասի չափը իրավապահները թող որոշեն:
«Առավոտ» օրաթերթ
04.03.2015