Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները ուրախությունից բուլկի են կերել

Ապրիլ 06,2015 15:00

Այդ կերպ նրանք արտահայտել են
իրենց վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ

Երեկ Կոտայքի մարզպետարանում զավեշտալի դեպք է եղել: «Առավոտի» տեղեկություններով՝ ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքին համաձայնությամբ, բուլկի են կերել: Այդ կերպ նրանք արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ: «Քաղաքացիական ակցիան», իհարկե, լոկալ բնույթ է կրել. ոմանք բուլկին կերել են աշխատասենյակներում, ոմանք՝ ճաշարանում, ոմանք՝ մեկ բաժակ սուրճի հետ եւ այլն: Հիշեցնենք. Կոտայքի նախկին մարզպետն էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով մարզպետի պաշտոնում եղավ տասն ամիս, իսկ այժմ ղեկավարելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն:

Վերջինս հայտնի է «Բուլկի Արամ» մականվամբ: Ընդամենը տասն ամիս ղեկավարած Արամ Հարությունյանին, ով նույնպես տեղացի է՝ Կոտայքի մարզի Եղվարդ գյուղից, մարզպետարանի աշխատակիցները հասցրել են չսիրել: Երեկ «Առավոտի» հետ զրույցներում, անունները չհրապարակելու պայմանով, մարզպետարանի աշխատակիցներից ոմանք պատմեցին, որ Արամ Հարությունյանի նկատմամբ հասցրել են վատ տրամադրություններ ձեռք բերել եւ ոչ միայն այն պատճառով, որ իրենց կարծիքով՝ իբրեւ մարզպետ լավ չի կատարել իր պարտականությունները, այլ նաեւ այն պատճառով, որ մարդկայնորեն լավ վերաբերմունք չի դրսեւորել իր ենթակաների նկատմամբ: Դրանով են նրանք բացատրում այն, որ Արամ Հարությունյանն իր հեռանալու առիթով որեւէ խնջույք կամ հրաժեշտի երեկո չի կազմակերպել, անգամ չի հավաքել մարզպետարանի աշխատակիցներին եւ տեղեկացրել, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: «Չկարողացավ նայել մեր աչքերին ու ասել, որ մենք էլ բարի ճանապարհ մաղթեինք»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Հին ու նոր մարզպետների հրաժեշտի եւ ողջույնի արարողությունը եղել է արարողակարգային՝ տարածքային կառավարման նախարարը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նոր մարզպետին: Մարդիկ խոսում են, որ Արամ Հարությունյանի աշխատանքից դժգոհ են եւ դպրոցներում, եւ առողջապահական հիմնարկներում, եւ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մնացյալ հիմնարկներում, ու աշխատանքները հիմնականում բարձիթողի վիճակում են: Ասում են՝ շատ դպրոցներում անգամ դպրոցական տարիֆիկացիաները վերջնական տեսք չունեն, թեեւ արդեն ապրիլ ամիսն է: Դրանք, նկատենք, դպրոցական տարեկան պլաններն են, որոնք հաստատվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Թե ինչպե՞ս է արձագանքել նոր մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի աշխատակիցների կողմից իր նախորդի դեմ իրականացված բուլկի ուտելու «քաղաքացիական ակցիային»՝ մեր հարցին ի պատասխան ասացին, որ նոր մարզպետը հավանաբար հետո իմացած կլինի այդ մասին, քանզի այնպես չէ, որ բոլոր աշխատակիցները միաժամանակ եւ միեւնույն վայրում են կերել բուլկիները: Կարապետ Գուլոյանի նկատմամբ էլ վերաբերմունքն ի սկզբանե դրական է: Մարզպետարանում Կարապետ Գուլոյանի նշանակումը չեն դիտում իբրեւ քաղաքական գործարք Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ՝ վերջին հայտնի իրադարձությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություն: Ասում են՝ երիտասարդ, գրագետ մարդ է, ու իր հետ էլ դրական աուրա է բերել: «Բոլորի հետ շատ հարգալից է, ու վերջին տասն ամիսներին ոչ բարյացակամ վերաբերմունքից հետո էս մարդու բարյացակամ վերաբերմունքը միանգամից երեւաց՝ ձեռքսեղմումով բարեւելը, մարդկանց խնդիրներին մոտիկից ծանոթանալ ցանկանալը դրական է գնահատվում»,- պատմեցին մեր զրուցակիցները՝ հավելելով, որ Կարապետ Գուլոյանը բաժին առ բաժին, նաեւ՝ առանձին-առանձին իր մոտ է հրավիրում մարզպետարանի աշխատակիցներին, զրուցում հետները ոչ միայն աշխատանքից, այլեւ անհատապես փորձում է ծանոթանալ բոլորի խնդիրներին:

Մեզ հետ հեռախոսազրույցում Արամ Հարությունյանն ասաց, որ մեր տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, որ ինքը լավ է վերաբերվել իր բոլոր ենթականերին. «Ես ոչ միայն աշխատակիցներին, նույնիսկ պահակներին, հավաքարարներին, բոլորին բարեւում եմ, եւ դա ինձ մոտ ոչ միայն մարզի կտրվածքով, այլեւ ընդհանրապես կուլտուրա ա ձեւավորված՝ ցանկացած տեղ ու ցանկացած մարդու բարեւել ու էթիկայի նորմերին համապատասխան վերաբերմունք ցուցադրել»: Նա զարմացավ, թե ինչպե՞ս կարող է մինչեւ հիմա հաստատված չլինել դպրոցական տարիֆիկացիան. «Գնումների պլան, նախահաշիվ, տարիֆիկացիա, դրանք բոլորը մասնագիտական հարցեր են, որոնց համար մարզպետարանում կան համապատասխան վարչություններ, եւ այդ խնդիրներով զբաղվում են: Մարզպետը նայե՞լ է այդ խնդիրները:

Միանշանակ: Ես գիտեմ բոլոր դպրոցների ֆինանսավորումը, իրենց չափը, գնումների պլանը, անհրաժեշտ միջոցները: Մեր խնդիրը հենց դա է, որ ժամանակին կարողանանք աշխատավարձերը, պահպանման ծախսերը, էլեկտրաէներգիա, ջուր՝ բոլոր խնդիրները կարողանանք ժամանակին ապահովել»: Հարցին՝ պնդում եք, որ բոլոր աշխատանքները ժամկետներո՞ւմ են արված, Արամ Հարությունյանն ասաց, որ եթե այդ ամենը չարվեր եւ չուղարկվեր ֆինանսների նախարարություն՝ համապատասխան լիազոր մարմնի հաստատմանը, ֆինանսավորում չէր կարող տրվել: Թեպետ Արամ Հարությունյանն ասում է, որ այդ ամենը մարզպետի գործառույթը չէ, բայց պնդում է, որ ինքը իրավիճակին լավ տիրապետում է, ամբողջական պատկերն էլ պատկերացնում է: Հարցրինք՝ ինքն ինչպե՞ս է գնահատում իր աշխատանքը մարզպետի պաշտոնում, Արամ Հարությունյանը հարցով պատասխանեց. «Լավ չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք մարզպետի աշխատանքից հիմա հարցնում, բա մինչեւ հիմա ո՞ւր էիք»: Հետո ասաց, որ ինքն իր աշխատանքը չի գնահատում. գնահատում են համապատասխան նախարարությունը եւ կառավարությունը, վերջերս էլ հաշվետվությունը ներկայացրել են ՀՀ վարչապետին: Դատելով նրանից, որ Արամ Հարությունյանին հերթական պաշտոնը վստահվեց, կառավարությունում դժգոհ չեն նրա աշխատանքից. հետաքրքրվեցինք՝ բարդ խնդիրներով ու ծավալուն ոլորտն ինչպե՞ս է ղեկավարելու: «Ես գիտակցելով պատասխանատվությունը՝ ստանձնել եմ»,- ասաց նա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930