Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկան թե ինչ կասի՝ դա մեծ հաշվով իրենց խնդիրն է»

Ապրիլ 06,2015 14:30

Թուրքագետը՝ ապրիլի 24-ին Բարաք Օբամայից սպասվող եզրույթի մասին

Արդեն ապրիլ ամիսն է, եւ Հայոց ցեղասպանության օրվա նախաշեմին արդեն նկատելի են քննարկումներ, թե այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը, թե՞ կկրկնի նախորդ տարիների «ավանդույթը»՝ հնարավորինս խուսափելով այդ բառի կիրառումից: «Առավոտի» հետ զրույցում թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նկատում է, որ վերջին տարիներին այս քննարկումները մարել են, հայերն այլեւս նույն լարվածությամբ չեն սպասում, թե ինչ է ապրիլի 24-ին ասելու Օբաման: «Իհարկե, ցանկալի է, որ նա իր խոստման տերը լինի, եւ այն պարտավորվածությունը, որ ստանձնել է ամերիկահայության առջեւ, կատարի, բայց իր նախորդ տարիների հաշվարկները նրան ուղղորդել են այլ ուղղությունով: Ես կարծում եմ, որ լայն առուով ոչ մի բան չի փոխվել, որ ԱՄՆ նախագահը այս տարի էլ «Մեծ եղեռն» եզրույթից չի հրաժարվի եւ երեւույթը չի կոչի Ցեղասպանություն»,- ասում է թուրքագետը՝ նշելով, որ գուցե այս անգամ բառն ընտրելրս Օբաման «Ցեղասպանությանը» ավելի մոտ ինչ-որ բան ընտրի: «Դժվար է, իհարկե, ասել, թե ինչ արձագանք այն կստանա, բայց ինձ թվում է, որ այս տարի ԱՄՆ-ում էլ, այլ պետություններում էլ տրամադրությունների փոփոխություն կա: Եթե անգամ Օբաման փոխի Մեծ եղեռն արտահայտությունը մեկ այլ բառով, ուրեմն եւս մեկ անգամ կփաստի, որ հայ ժողովուրդը վերջին տարիներին արդեն ճիշտ ճանապարհի վրա է կանգնած»:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանն ասում է, որ հայերը ի վերջո հասկացել են, որ մեր խնդիրը, մեր պայքարը այլ տեղ է, մեր գործողությունների թիրախն այլ վայրում պետք է լինի. «Ամերիկան թե ինչ կասի՝ դա մեծ հաշվով իրենց խնդիրն է»,- նշում է թուրքագետը:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ օրեր առաջ ԱՄՆ 15 սենատոր կոչ են արել Բարաք Օբամային ընդունել Հայոց ցեղասպանությունը. «Նման գործընթացները ժամանակ առ ժամանակ եղել են, այնպես չէ, որ ապրիլի 24-ի նախօրեն է, դրա համար ակտիվացել են, նման դիմումները դեռ կշարունակվեն: 15 թիվը չափազանց փոքր է ԱՄՆ սենատորների համար, սակայն դրանք էլ ինչ-որ չափով ազդում են ընդհանուր հասարակական տրամադրությունների վրա, բայց սպասել, որ Օբաման տեղի կտա նման դիմումներին եւ կփոխի իր դիրքորոշումը՝ ոչ մի հիմք չկա»,- ասում է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Անդրադառնալով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա համատեղ ռազմական համագործակցությանը, որը բոլորի համոզմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորության ներքո է ստեղծվում, մեր զրուցակիցը նշում է, որ համագործակցությունը տասնյակից ավելի տարի առաջ է սկսվել, հիմա գործընթացն ակտիվացել է՝ ամեն կերպ ձգտելով Վրաստանին ներքաշել ադրբեջանաթուրքական ազդեցության ոլորտ: «Այստեղ մի կարեւոր հանգամանք պետք է նկատի ունենանք. ցավալի է, որ այս երեք պետությունները, համատեղ գործելով, լրիվ տարբեր սկզբունքներով են ուղղորդվում: Նշեմ միայն մեկը, որ Թուրքիան ռազմական համագործակցության պայմանագիր է կնքում մի երկրի հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի, որի տարածքային ամբողջականությունը պարբերաբար խախտում է, նկատի ունեմ՝ վրաց-աբխազական հարաբերությունների եւ աբխազական կապիտալի, թուրքական կապիտալի փոխլրացնող գործունեությունը: Մի կողմից՝ պայմանագիր է կնքվում, կոչ արվում չխախտել երեք պետությունների տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ հենց ինքն է խախտում Վրաստանի տարածքային ամբողջականությունը»:

Թուրքագետի հետ խոսեցինք նաեւ այս օրերին տիրող թուրք հասարակության տրամադրությունների մասին. չնայած մեզ թվում է, որ թուրք հասարակությունն այսօր հետաքրքրվում է Հայոց ցեղասպանության թեմայով, այնուամենայնիվ, «Առավոտի» հետ զրուցող թուրք երիտասարդները նշում են, որ իրենց հետաքրքրող թեմաների մեջ այս հարցը չի մտնում, քանի որ այժմ առավել քննարկվող թեմաներ կան իրենց հասարակությունում: Վահրամ Տեր-Մաթեւոսյանը եւս նշում է, որ Հայոց ցեղասպանությունը թուրքական քաղաքական օրակարգի առաջնահերթություններից չէ: «Իհարկե, այս տարի փոխվում է իրավիճակը հասկանալի պատճառներով, որովհետեւ ինչքան էլ փորձեն Թուրքիայի իշխանությունները կամ կարծիք ձեւավորողները շեղել հասարակության ուշադրությունը, 2015 թվականի ապրիլի 24-ը եւ այս տարին ընդհանրապես խորհրդանշական լինելու առումով հնարավոր չէ կոծկել կամ քողարկել: Բայց մյուս կողմից էլ՝ շուտով Թուրքիայում ընտրություններ են, որով որոշվելու է ոչ միայն Էրդողանի քաղաքական ապագան, այլեւ որոշվելու են Թուրքիայի անելիքները՝ առնվազն 10-15 տարիների ընթացքում: Եթե Էրդողանին հաջողվի իր համար ցանկալի թվով մանդատներ ապահովել խորհրդարանում, ապա Թուրքիան կգնա իր ճանապարհով: Այսինքն՝ հիմա ամեն ինչ արված է, որ մինիմալացվեն Ցեղասպանության, հայության, Հայաստանի հետ կապված արտաքին խնդիրները, որովհետեւ արդեն Ազգայնական կուսակցության համար մեծ թիվ են կանխատեսում: Եվ եթե Հայոց ցեղասպանության հետ կապված որոշակի հայտարարություններ արվեն, որ կարող է ազգայնականների համար զիջում թվալ, ապա Ազգայնականների ձայնը բավականին կաճի: Քրդերին են կասկածում, որ տասը տոկոսը ընտրություններում կհաղթահարեն, ԺՀԿ-ին (Ժողովրդավարություն եւ հավասարություն կուսակցություն): Թվում է, թե Էրդողանը ուժեղ է, բայց եթե այս երեք կուսակցությունները տասը տոկոսը հաղթահարեն, ապա բացառված չէ, որ ընտրությունները զարգանան ոչ այն սցենարով, որոնք եղել են նախորդ անգամներին: Այնպես որ, ինչպես ասում են՝ «Не до Армении », եւ սա էլ պետք է նկատի ունենանք, երբ ինչ-որ դատողություններ ենք անում: Նաեւ համամասնության խնդիր կա. hնարավոր չէ 3 միլիոնով կամ սփյուռքի եւս երեք կամ չորս, հինգ, վեց միլիոնով այնպիսի ինֆորմացիոն հոսք ստեղծել Թուրքիայում, որ մենք իշխող լինենք, առավել եւս, որ Թուրքիայում լրատվամիջոցների ութսուն տոկոսը ուղղորդվում, կողմնորոշվում է իշխող կուսակցությունների կողմից»: Թուրքագետը մատնանշում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք տեղական լրատվամիջոցների ուշադրությունը կգրավեն. «Հետաքրքիր փուլի ենք ականատես լինելու, երբ Ցեղասպանության հերքումը, ժխտումը լրատվամիջոցների ձեռքն է անցել: Վստահ եմ, որ եթե նրանց թույլ տրվի ավելի բաց աշխատել այդ օրերին, շատ ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն կունենան իրականությանը մոտ կանգնելու»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930