Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ռուբլու փոխարեն՝ մերոնք շիշ ու խցան են ներմուծում

Ապրիլ 06,2015 14:00

Օրերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ ասել էր, որ այն փոքր դրական միտումով կարող է 0.8% լինել, սակայն այս փոքրիկ դրական միտումը հեշտությամբ կարող է վերածվել բացասականի՝ ռուսական շուկայի ազդեցությամբ: Ռուսաստանի տնտեսությունն էլ հուսալի ոչինչ չի կանխատեսում, այն անկում է ապրում՝ իր հետեւից տանելով նաեւ Հայաստանի շուկան:

Ռուսական ռուբլու ու տնտեսության անկման պատճառով հայկական շատ արտադրողներ արդեն հսկայական վնասներ են կրում. օրինակ՝ Պռոշյանի կոնյակի գործարանի ղեկավարության տվյալներով՝ վերջին մի քանի ամիսներին իրենց վնասները գերազանցում են 500 միլիոն դրամը:

«Տնտեսական աճն ապահովելու համար պետք է հնարավորինս դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու շուկաները»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Սակայն շուկաները դիվերսիֆիկացնելը, արտահանման նոր՝ այլ ուղղություններով շուկաներ գտնելը հայ արտադրողների համար հեշտ բան չէ: Օրինակ՝ գինի եւ պահածոներ արտադրողներն արդեն նշել են, որ իրենք չեն կարող նոր շուկաներ գնալ. նախ՝ դա հսկայական ծախս է, եւ բացի այդ, այս արտադրողներն արդեն մեծ գումարներ են ծախսել ռուսական շուկայում տեղ գրավելու համար:

Պարոն Մակարյանն ասում է՝ տնտեսական աճն ապահովելու մեխանիզմներից մեկն էլ նոր ապրանքատեսակների արտադրություն սկսելն է, սակայն սա էլ դժվար թե իրականանա. «Չեն հասցնի կարճ ժամանակում՝ այս տարվա ընթացքում այնքան արտադրել կամ այնպիսի նոր բաներ արտադրել, որպեսզի էական դիվերսիֆիկացիա լինի: Իսկ նույն ապրանքներով այլ շուկաների դիվերսիֆիկացիայի հնարավորությունն էլ փոքր է: Արտադրողները դժվարանում են ինքնուրույն նոր շուկաներ մտնել, որովհետեւ պետական աջակցությունն այնքան ուժեղ չէ, որ նրանք կարողանան գրավել, սերտիֆիկացում անել, այդ շուկաների մշակույթը ձեռք բերել եւ այլն»:

Ռուսական շուկա արտահանում իրականացնող հայ որոշ գործարարներ, այնուամենայնիվ, չհրաժարվելով այդ շուկայից՝ թեեւ որոշ վնասներ են կրում, բայց նաեւ փորձում են որոշակի օգուտներ էլ ստանալ:

Պարոն Մակարյանն ասում է, որ կոնյակ, գինի, պահածոներ արտահանողների մեծ մասը դեկտեմբերից դադարեցրել են արտահանումը, բայց հիմա խորամանկ, խելացի քայլերի են դիմում: Այս գործարարները ռուսական շուկայում իրենց ապրանքի դիմաց ստացած անպիտան ռուբլին Հայաստան չեն բերում. այդ ռուբլով նրանք տեղում իրենց արտադրության համար պիտանի հումք են ձեռք բերում, ասենք՝ շիշ, տարաներ, պիտակներ, խցաններ:

Սա լավ է տվյալ գործարարների համար, իսկ տեղական շիշ ու խցան արտադրողների համար՝ վատ: Պարոն Մակարյանը կանխատեսում է, որ նշված ապրանքները ռուսական շուկայից ներմուծելով՝ տեղական այդ ապրանքների արտադրողների պատվերները կնվազեն:

«Սա երկրորդական հարված կլինի մեր տնտեսությանը, Ռուսաստանից շշեր, տարաներ բերելով՝ տեղական արտադրությանն են խփում: Կստացվի, որ տուժողների 2-րդ էշելոնը կառաջանա: Ընդ որում, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ ես այդպես անում, քանի որ մենք գտնվում ենք մեկ տնտեսական ընտանիքի՝ Եվրասիական տնտեսական միության մեջ, բացի այդ՝ նաեւ շուկայական հարաբերություններ են: Այսինքն՝ ռիսկը, որ Ռուսաստանի տնտեսության անկումը հայ տնտեսվարողների համար նորանոր խնդիրներ է առաջացնելու, բավականին բարձր է»,- ասում է պարոն Մակարյանը:

Հայաստանի տնտեսական աճի դանդաղման, արտահանման ծավալների կտրուկ նվազման դեմ պայքարելու համար կառավարությունը որոշակի քայլեր է փորձում անել, եւ մարտի 2-ի նիստին կառավարությունը որոշում է ընդունել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ անել, ըստ որի՝ ավելի քան 40 միլիարդ դրամ արտահանում ապահովող ընկերությունները գործող 20% շահութահարկի փոխարեն կվճարեն 5%, իսկ 50 միլիարդ դրամից ավելի արտահանողները՝ 2%։ Այս որոշումը չի տարածվում հանքարդյունաբերական, ոսկերչական եւ ադամանդագործական ոլորտներին: Իսկ եթե նույնիսկ տարածվեր էլ, ապա նշվածներից միայն 1 ընկերություն գուցե «ձգեր» 40 միլիարդ դրամի արտահանման շեմին: 40 միլիարդ դրամ կամ մոտ 100 միլիոն դոլարի արտահանում ունենալը, այն էլ ներկայիս ճգնաժամային պայմաններում, տնտեսվարողների համար հեքիաթի նման մի բան է: Արդյոք այս արտոնությունը ձեւական չէ՞, ի վերջո՝ ովքե՞ր կարող են օգտվել դրանից:

Պարոն Մակարյանը կառավարության որոշումը դրական է գնահատում. նա կարծում է, որ այդ արտոնությունից գուցե կարողանա օգտվել Երեւանի կոնյակի գործարանը. «Չնայած ես իրենց ներկայացուցիչներին հարցրել եմ, եւ նրանք վստահեցրել են, որ հսկայական վնասներով են հիմա աշխատում: Բայց նրանք լինելով «Պեռնո Ռիկար» ընկերության մեջ՝ որպես մեկ ընտանիք, փորձում են այլ երկրներից ստացած շահութաբերության հաշվին փոխհատուցել Հայաստանի ընկերության վնասները, որպեսզի չկորցնեն ռուսական շուկան: Իսկ մյուս գործարարները հնարավորություն չունեն, նրանց մնում է միավորվել կամ մեկ կոնսորցիումով անցնել, որպեսզի հաղթահարեն այդ շեմը: Սա բարդ է. եթե պահածո բոլոր արտադրողներն էլ միավորվեն, այդքան գումար չեն ապահովի: Այս որոշումը տնտեսությունը խոշորացնելու միտում ունի, սա ճիշտ եմ համարում: Այսինքն՝ գիտես, որ կա նման հնարավորություն, ձգտիր օգտվել: Օրինակ՝ պահածո արտադրողները, ջերմոցային տնտեսություններն ու թարմ մրգեր արտահանողները եւ էլի նման ոլորտի տնտեսվարողներ միավորվեն՝ մի կոնսորցիում ձեւավորեն ու արտահանեն իրենց ապրանքները: Սա մոտիվացիա է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930