Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինում գերմաներենով ու անգլերենով Հայոց ցեղասպանության մասին նյութեր են տարածում

Ապրիլ 06,2015 13:30

Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բակում էլ էկրանների վրա հայտնի մարդիկ Ցեղասպանության ականատեսների պատմությունն են ներկայացնում:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում մեզ մոտ, դրանց մեծ մասը միտված է աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովրդի հետ նման բան է տեղի ունեցել, կամ հիշեցնելու, տեղեկացնելու այդ մասին եւ այլն: Այդ միջոցառումներով ստացվո՞ւմ է, արդյոք, լավ կամ ճիշտ PR անել: Կամ՝ վիշտը PR-ի կարիք ունի՞: Այս օրերին՝ հագուստից սկսած, տարբեր առարկաների ու պարագաների վրա արտատպում են անմոռուկներ ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արդյոք դա ճի՞շտ ձեւ է, ու եթե սա սգի PR չէ, ուրեմն ի՞նչ է:

Պատասխանելով «Առավոտի» վերոնշյալ հարցերին՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն ասաց, որ PR արտահայտությունը հանիրավի օգտագործել պետք չէ: Ըստ նրա՝ ով ինչ անում է, անունը PR է դնում՝ սրանով իսկ արժեզրկելով հանրային կապեր երեւույթը. «Սա մասնագիտական գործիքների ու տեխնոլոգիաների կիրառման գործընթաց է, ինչը հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրել, հանրայնացնել տվյալ երեւույթը: Ցեղասպանության 100-րդ տարելիցին օգտագործվում են պատմական ակնարկները, լուսանկարները, կադրերը, այսինքն՝ բոլոր այն նյութերը, որոնք հնարավորություն են տալիս տարածել տեղեկատվությունը, հրապարակայնացնել, համոզչական գործիքներ կիրառել, որպեսզի այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը՝ ճանաչեն: Սրանք արդարացված մեթոդներ են: Ես վատ չեմ վերաբերվում այն հանգամանքին, որ մարդիկ տարածում են սիմվոլը, սա հիշեցնում է, ներգրավում է մարդկանց մի գործընթացում, որտեղ բոլորս պահանջատեր ենք, բայց նաեւ ականատես ենք լինում մի երեւույթի, որ անգրագետ եւ անճաշակ արտադրողների կողմից ինչ ասես՝ շուկայում չես տեսնի, կենցաղային մակարդակի դեմ պետք է պայքարել»:
Աստղիկ Ավետիսյանը, որն այս պահին գտնվում է Գերմանիայում, մեզ հետ զրույցում հայտնեց, որ մասնակցում է միջազգային ծրագրի, իր հագուստի վրա կրում անմոռուկը, իսկ երբ մարդիկ հարցնում են, թե դա ինչ է, հնարավորություն է ունենում պատմելու: Ըստ նրա՝ շատերը չգիտեն էլ, թե ինչ է կատարվել 1915 թվականին:

Աստղիկ Ավետիսյանը մի կարեւոր լուր հայտնեց. «Բեռլինի կենտրոնում՝ Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բակում տեղադրված են 4 մեծ էկրաններ, որոնցում երեւում է Ավրորան, եւ յուրաքանչյուր էկրանին հաջորդաբար ցուցադրվում են հայտնի մարդիկ, ովքեր պատմում են Ցեղասպանության ականատեսների պատմությունը: Մուտք ես գործում թատրոն՝ ամբողջ նախասրահը հայկական է, պահանջատիրական եւ հիշեցնող: Այս քարոզարշավին միացել են հայտնի հայեր, ովքեր տվյալ երկրում հասարակության հարգանքն ու ուշադրությունն են վայելում: Անկեղծ ասած՝ երբեք չէի մտածի, որ այդ տեսարանը կտեսնեմ Գերմանիայում, տպագրված բազմաթիվ նյութեր, որոնք գերմաներենով եւ անգլերենով հրամցվում են գերմանացիներին»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930