Լրահոս
Օրվա լրահոսը

Voiceboard. Հայկական ինովացիոն գործիք՝ լուսապատկերաշարերի համար

Ապրիլ 06,2015 12:30

Հայկական «Lionsharp» ընկերությունը ստեղծել է Voiceboard անունով լուսապատկերաշար (presentation) պատրաստելու ծրագիր: Այն գործիք է, որը հնարավորություն է տալիս պատրաստել լուսապատկերաշարեր կամ Powerpoint-ով պատրաստված լուսապատկերաշարում ավելացնել 3D մոդելներ, վեբ կայքեր, տեսանյութեր, քարտեզներ եւ այլն: Վերջնական արդյունքը ներկայացնելիս, ծրագիրը կարելի է կառավարել Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսի, հատուկ «Nod Ring» մատանու, հեռակառավարման վահանակի եւ ձայնի միջոցով: Հիմնական ծրագիրը տեղադրվում է համակարգչի մեջ, իսկ վերոնշյալ սարքերը նախատեսված են միայն կառավարելու համար:

Voiceboard_2

«Lionsharp» ընկերության համահիմնադիր Գեւորգ Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Android-ի համար նախատեսված ծրագիրը եւ մնացած սարքերը հնարավորություն են տալիս ամբողջովին այդ միջավայրը կառավարել. «Օրինակ, եթե ունեք քարտեզներ, հեռախոսի միջոցով կարող եք անցնել այդ բոլոր քարտեզների վրայով, նույնը 3D մոդելի եւ մնացածի դեպքում է: Այսինքն՝ նրանք թույլ են տալիս միայն կառավարել ամեն ինչ, իսկ հիմնական ծրագիրը տեղադրվում է համակարգչում»: Նա նաեւ հավելեց, որ շուտով հասանելի կլինի նաեւ iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը:

Ծրագիրը ներբեռնելու դեպքում օգտատերը կարող է 14 օր անվճար օգտագործել նրա բոլոր հնարավորությունները: «14 օր հետո ամեն ներկայացման մեջ կարող եք ավելացնել մեկ նյութ: Դա է միակ սահմանափակումը: Ցանկացողները կարող են բաժանորդագրվել մեզ, ամսական վճարել 5 դոլար եւ օգտագործել ծրագրի բոլոր հնարավորությունները»,- ասաց Գեւորգ Հովսեփյանը: Ընկերության մյուս համահիմնադիր Նայջել Շարփն էլ հավելեց, որ իրենք այժմ ավելի շատ աշխատում են հաճախորդներ գրավելու հարցում, որոնք կօգնեն բարելավել ծրագիրը. «Հետագայում հնարավոր է գնի բարձրացում»:

Ըստ Գեւորգ Հովսեփյանի՝ ծրագիրը ստեղծելու մասին մտածել են երկու տարի առաջ, երբ հիմնել են «Lionsharp» ընկերությունը. «Փորձում էինք հասկանալ՝ ինչ ծրագրի վրա աշխատենք: Ու գաղափարը եկավ նրանից, որ ամեն անգամ պետք է բարձրանանք, գրատախտակի վրա ինչ-որ բան գրենք: Մտածեցինք, թե հնարավոր չէ՞, արդյոք, այս նույն բանը կատարել ձայնի եւ ժեստային կառավարվող համակարգի միջոցով: Այդ ժամանակ Voiceboard-ը դիտարկում էինք որպես մտածելու գործիք (brainstorming tool), այսինքն՝ գրատախտակին փոխարինող մի բան: Ու սկսեցինք ծրագրավորել որպես մտածելու գործիք, հետո ներկայացրեցինք տարբեր միջոցառումների ժամանակ եւ կարծիքներ լսեցինք մարդկանց կողմից, որ ավելի լավ կլինի լուսապատկերաշար ներկայացնելու գործիք ունենալ, որը կառավարվում է ձայներով ու ժեստերով»:

Ծրագիրը, ըստ Նայջել Շարփի, առաջին անգամ ցուցադրել են Երեւանում 2013 թվականին. «Մենք ցուցադրեցինք ձայնի եւ շարժումներով կառավարվող համակարգի լուսապատկերաշար՝ օգտագործելով մեր մտածելու գործիքը: Ծրագիրը անմիջապես արտասահմանցի ներդրողներին հետաքրքրեց եւ նրանք եկան Հայաստան: Նրանց հետ մի շարք հանդիպումներից հետո, մենք սկսեցինք աշխատել լուսապատկերաշար ներկայացնելու գործիք ստեղծելու ուղղությամբ: Մենք հասկացանք, որ մտածելու համակարգ ստեղծելը շատ բարդ աշխատանք է, իսկ լուսապատկերաշարերն ավելի հեշտ են եւ մենք կարող ենք անել դա»:

2013 թվականից գործող «Lionsharp»-ի 10 աշխատակիցները վերջին 2 տարիների ընթացքում Voiceboard-ի 8 օրինակ են պատրաստել, իսկ այժմ հասանելի տարբերակը ստեղծել են այս տարվա հունվար ամսից հետո ընկած ժամանակահատվածում: Ծրագիրն արդեն 3 շաբաթ է՝ հրապարակված է, ունեցել է մի քանի հարյուր ներբեռնումներ: Նայջել Շարփի խոսքերով՝ այս ընթացքում նաեւ հասցրել են թարմացնել ծրագիրը, ավելացնել նոր հնարավորություններ եւ լուծել մի շարք խնդիրներ: Գեւորգ Հովսեփյանն էլ հավելեց, որ օգտատերերի արձագանքները շատ դրական են. «Հիմնականում գրում են մարդիկ, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով: Նրանք ասում են, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս օգտագործել նյութեր, որոնք մինչ այսօր հնարավոր չի եղել»:
Թեեւ ծրագրի ստեղծողները Հայաստանից են, ծրագիրը չունի հայերեն կարգավորումներ: Գեւորգ Հովսեփյանը սա պայմանավորում է պահանջարկի բացակայությամբ. «Հետագայում կլինի հայերեն տարբերակը, թե ոչ, կախված է շուկայի պահանջարկից: Այս պահին չենք կարծում, որ հայախոս շուկայի պահանջարկն այնքան մեծ կլինի, որ մենք ստեղծենք հայերեն կարգավորումներ»: Նայջել Շարփն էլ ասաց, որ խոսել է մի շարք հայկական դպրոցների հետ. «Նրանք հետաքրքրված են Voiceboard-ով՝ որպես լեզվի ուսուցման ծրագիր եւ նրանք ցանկանում են հայերեն կարգավորումներ տեսնել»:
Voiceboard-ը ընկերության միակ թողարկված ծրագիրն է, սակայն «Lionsharp»-ը շարունակում է աշխատել այլ ծրագրեր ստեղծելու ուղղությամբ: Գեւորգ Հովսեփյանն ասաց, որ նրանք արդեն ստեղծել են դուռ, որը բացվում է ձայնով եւ գաղտնաբառերով. «Չի բացառվում, որ այդ դռան համակարգը դառնա մեր մյուս արտադրանքը»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Lionsharp»-ի

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930