Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացում. նոր պատուհա՞ս թե՞ բարեփոխում

Ապրիլ 06,2015 11:20

1987 թվականի սեպտեմբերի 1-ի տվյալներով ՀԽՍՀ տարածքը բաժանված էր 37 գյուղական և 10 քաղաքային շրջանի: Ներկայիս տարածքային կառավարման «խութերի» մասին խոսվում է 1996 թվականից, երբ գործող վարչական բաժանումների փոխարեն ստեղծվեցին մարզերը: Նախկին վարչական շրջանները այն ժամանակ վերացվեցին նույն հիմնավորմամբ, որով հիմա փորձ է արվում խոշորացնել համայնքները: Ասվում էր՝ շրջանները շատ են, և պետությունը անցում է կատարում մարզային կառավարման: Ստեղծվեց 10 մարզ, մարզային լիազորություններ ունեցող մայրաքաղաք և 915 համայնք:

Նորաստեղծ համայնքների առաջին ընտրված ղեկավարները շատ արագ հասկացան, որ համակարգը զուրկ է ինքնաբավ բյուջե ձևավորելու կարողությունից, քանի որ որպես հարկատեսակներ իրենց է փոխանցվել միայն գույքահարկը և հողի հարկը: Ի դեպ, այս հանգամանքը նպաստեց, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը, շենք-շինությունները փոշիանան՝ իբր այս կամ այն ծրագիրը իրականացնելու հիմնավորմամբ: Ցավալին այն է, որ համայնքային ունեցվածքի օտարումն իրականացվում էր երկրի ղեկավարության լուռ համաձայնությամբ, առանձին դեպքերում՝ խրախուսմամբ, «փողի վրա նստած, փող եք ուզում» հիմնավորմամբ: Բնական է, որ նման պայմաններում ՏԻՄ-ը դառնում է կախյալ մի կառույց, որը նպատակային գումարներ ստանալու համար պետք է արժանանա պետական կառավարման համակարգի բարեհաճությանը՝ համայնքում զարգացման, բարեկարգման, մշակութային կամ այլ ծրագրեր իրականացնելու համար: Կարճ ասած՝ 1996 թվականի տարածքային կառավարման համակարգի կիրառումը «ծնկի բերեց» համայնքներին, իսկ պետությունն էլ ազատվեց ավելորդ գլխացավանքից: Այս դեպքում, գլխացավանքը՝ համայնքներում տարիներով կուտակված կնճռոտ և օր առաջ լուծման սպասող հարցերն են, որոնք արդեն համարվում էին համայնքի և ո՛չ պետության գործառույթ:

Ահա դա է պատճառը, որ հիմա մտածում ես՝ ի՞նչ է լինելու այս անգամ, հատկապես , որ կառավարությունը արդեն տվել է ծրագրի մեկնարկը:

Մի հանգամանքի մասին ևս. սկսվել է սահմանադրական բարեփոխումների փուլը, որին հաջորդելու է հանրաքվեն: Ինչո՞ւ չենք սպասում սահմանադրական բարեփոխումներին, որի ժամանակ կարող է փոփոխվել նաև տարածքային կառավարման համակարգը, ո՞րն է շտապելու իմաստը: Ինչևէ, փորձնական երեք տարածքում, որտեղ նախատեսվում է միավորել համայնքները, ընդգրկված է նաև Սյունիքի մարզը: Սյունիքում նախատեսվում է միավորել Տաթև, Շինուհայր, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ և Քաշունի գյուղերը: Նախագծով նորաստեղծ համայնքը ունենալու է Տաթև անունը, բայց կենտրոնը լինելու է Շինուհայրը: Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել միավորման աշխարհագրությունը, ապա՝ դժվար թե Տաթևը համաձայնի, որ համայնքը թեկուզ կրի իր անունը, բայց կենտրոնը լինի Շինուհայրը: Կամ, որ հազարամյա Հարժիսը՝ պարզ ձուլմամբ, կորցնի ինքնությունը:

Առավել տեղին չէ՞ համայնքները խոշորացնել նախկին շրջանների սահմաններում՝ ներառելով քաղաքները և վերացնելով մարզպետարանները: Այդպես, գոնե գյուղացին կհասկանա, որ իր գյուղը չի միանում հարևան գյուղին, այլ նոր կարգավիճակով վերականգնվում է նախկին շրջանը, որի ղեկավարին ընտրում են և ոչ նշանակում, ու համայնքին են փոխանցվում մարզային իշխանության գործառույթները: Դրանով կվերանա նաև պետություն-համայնք միջնորդ օղակը՝ մարզպետարանը: Շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների օրինակով էլ համայնքային իշխանությունը կձևավորի տեղական իշխանություն:

Տեղին է նշել, որ մարզպետարանների մասին մինչ օրս օրենք չկա, նրա գործառույթները սահմանվել են նախագահի հրամանագրերով և կառավարության որոշումներով:

Ավելացնենք, որ մայիսի 17-ին նշանակվել է հանրաքվե, որով էլ գյուղացին պետք է որոշի՝ կո՞ղմ է, թե՞ դեմ կառավարության այս նախաձեռնությանը:

Հ.Գ. Առաջիկայում կայցելենք հիշյալ համայնքներ և կներկայացնենք, թե ինչ վերաբերմունք ունեն խնդրահարույց այս ծրագրում հայտնված գյուղերի բնակիչները:

Սասուն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հմայակ Մաղաքյան says:

    Սրա հետեւը ոչ թե համայնքների վիճակի բարվոքումն ու ինքնավարության խթանումն է, այլ ճիշտ հակառակը: Նշանակովի մարզպետարանները (սա ԼՏՊ – ճարպիկ ֆոկուսն էր) ցրելու փոխարեն, փաստորեն մի քանի անգամ նվազելու են ընտրովի համայնքապետերը: Մնացածներն էլ դառնալու են դրածո, 100% ով կառավարելի: Դրանից հետո փողատեր “բարինները” հանգիստ կարող են մեջ-մեջ անել ու տնորինել գյուղացիների հողն ու ջուրը: Որիշ լուրջ բացատրություն դժվար է գտնել այս “ջանասիրության” համար: (Ա. Աբրահամյանին հատուկ խնդրում եմ կոմենտը չհանել)

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/04/06/558114/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930