Ռուսաստանում էներգիայի այս տեսակը
կարելի է օգտագործել, Հայաստանում՝ ոչ
Ինչի համար են մարդիկ ընկնում հուսահատության, հիասթափության գիրկը: Շատ պարզ. որովհետեւ իրականությունը չի համապատասխանում նրանց սպասումներին: Օրինակ՝ եթե ես վաղվա համար նախապատրաստել եմ թեթեւ գարնանային հագուստ, իսկ հաջորդ առավոտ ձյուն է գալիս, ես հուսահատվում եմ: Ո՞վ է դրանում մեղավոր՝ եղանա՞կը: Դժվար թե: Ավելի շուտ՝ իմ ոչ իրատեսական սպասումները. ես պետք է պատրաստ լինեի թե՛ բարենպաստ եւ թե՛ անբարենպաստ եղանակներին: Կամ, ենթադրենք, աղջիկը ամուսնանալուց առաջ հույս ունի, որ ամուսինը նրան «կոսկեջրի»: Սակայն ամուսնությունից հետո պարզվում է, որ տղան անբանի մեկն է: Ո՞րն է հիասթափության պատճառը` տղայի առանձնահատկություննե՞րը, թե՞ աղջկա սխալ կանխատեսումները:
Իսկ հիմա պատկերացրեք 1980-ականների երկրորդ կեսի «միջին թվաբանական» խորհրդային մարդու, որին ասում եմ, թե ազատ ընտրությունների, ժողովրդավարության եւ շուկայական հարաբերությունների արդյունքում նա ավելի լավ է ապրելու: Ինչպե՞ս է նա հասկացել այդ խոստումը: Ամենայն հավանականությամբ, հետեւյալ կերպ. ես շարունակելու եմ կիսատ-պռատ աշխատել, հիմնարկում ձեւի համար նստել եւ 120 ռուբլի ստանալ կամ գործարանից պահեստամասեր գողանալ, բայց իմ կյանքը կլինի այնպիսին, ինչպիսին պատկերված է Արեւմուտքի մասին ֆիլմերում` ճոխ սուպերմարկետներ, շքեղ առանձնատներ, բարձրակարգ ավտոմեքենաներ եւ այլն: Իրական կյանքն այս 25 տարում շատերի համար դարձավ պայքար գոյատեւելու համար: Հիասթափությո՞ւն, հուսահատությո՞ւն, այո: Շուկայական հարաբերություննե՞րն են մեղավոր, թե՞ այն, որ չկարողացանք դրանք հաստատել, որովհետեւ չգիտեինք եւ չգիտենք, թե ինչպես է պետք դրանց պայմաններում աշխատել:
Ինչպես դուրս գալ հուսալքությունից, որը մեծ մասամբ տիրում է հետխորհրդային երկրներում: Ճանապարհներից մեկն առաջարկում է Պուտինը եւ, հաշվի առնելով մեր «ռազմավարական» հարաբերությունները, գուցե նման բան պարտադրի նաեւ մեզ: Պետությունն իր գործառույթները լավ կամ վատ իրականացնելու համար պետք է օգտագործի հասարակության էներգիան: Վերջինս կարող է ծնվել թե դրական եւ թե բացասական հույզերից: Տվյալ դեպքում Պուտինն օգտագործում է վերը նկարագրված հուսալքության էներգիան՝ հրամցնելով հետեւյալ բանաձեւը. «Փորձեցինք եվրոպական չափանիշներով, շուկայական հարաբերություններով ապրել, տեսա՞ք՝ ինչ ստացվեց: Չէ, մենք մեր ուրույն՝ հոգեւոր ուղիով ենք գնալու, աղքատ, բայց հպարտ՝ կամաց-կամաց հավաքելով մեր հողերը: Տեսա՞ք, Ղրիմն ու Նովոռուսիան արդեն հավաքեցինք, Եվրասիական միություն ստեղծեցինք, եւ սա դեռ վերջը չէ: Սատանայական ուժերը փորձում են մեզ խանգարել, բայց մենք հզոր ենք մեր աստվածատուր առաքելությամբ»:
Սա նշանակում է՝ փոխարինել տնտեսությունը, մարդկանց սոցիալական խնդիրների լուծումը գաղափարախոսական կարգախոսներով եւ քարոզչությամբ: Մինչդեռ բացասական էներգիայի վրա որեւէ բան կառուցելը ի վերջո ոչ մի լավ բանի չի բերի:
Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն, որի մասին այս օրերին այդքան շատ է խոսվում, նույնպես առաջնորդվում էր իր երկրի ուրույն քաղաքական եւ տնտեսական ճանապարհի գաղափարով, որը հիմնված էր ազգային, կրոնական գաղափարների վրա, բայց նրա մտքով չէր անցնում երկրի տնտեսությունը կառուցելիս ղեկավարվել Արեւմուտքին հակադրվելու անմիտ մարտավարությամբ: Նա գրում էր. «Քանի տնտեսությունն է ղեկավարում աշխարհը, իսկ Ամերիկան առաջատար դիրք է զբաղեցնում տեխնոլոգիայի եւ ինովացիայի ոլորտում, ոչ Եվրոպական միությունը, ոչ Ճապոնիան, ոչ Չինաստանը չեն կարողանա դուրս մղել Ամերիկան իր զբաղեցրած ղեկավար դիրքերից»: Այնպես որ՝ «ուրույն ճանապարհը» բացառապես հակասության մեջ չի մտնում ժամանակակից աշխարհի իրատեսական գնահատականի հետ: Հակառակ դեպքում շուկայական հարաբերություններից հիասթափությունը կփոխարինվի «ուրույն ուղիով» առաջացած հուսալքությամբ:
Կարդացեք նաև
Ռուսաստանի ղեկավարությունն առայժմ կարողանում է օգտագործել հուսալքության էներգիան, բայց Հայաստանի իշխանությունն այդ ռեսուրսը չունի: Այսինքն՝ հուսալքությունը կա, սակայն դրանից էներգետիկ պաշարներ չեն ծնվում: Դրանք պետք է այլ՝ դրական «տեղերում» փնտրել՝ մեր ժողովրդի հավատարմությունն ընտանեկան արժեքներին, որը կարող է հիմք դառնալ փոքր բիզնեսի համար, կրթական բավականին բարձր մակարդակը եւ երիտասարդության ընկալունակությունը տեխնիկական գիտելիքների հանդեպ, որի հիման վրա կարելի է զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2015