Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության ընդդիմություն-2

Ապրիլ 06,2015 12:00

Անցած անգամ մենք խոսեցինք այն մասին, որ Հայաստանում, մանավանդ վերջին տարիներին, գոյություն չունի միացյալ ընդդիմություն, եւ ընդդիմադիր խմբավորումներն ավելի շատ իրար են ընդդիմադիր, քան իշխանությանը: Նաեւ փորձեցինք էդ միանգամայն տարօրինակ ու արտասովոր երեւույթի պատճառները փնտրել ու գտնել: Պատճառներից մի քանիսը կարծես թե գտանք:

Ընդդիմությանը քննադատելու եւ ընդդիմությանը մաքսիմալ պահանջներ ներկայացնելու մենաշնորհը անառարկելիորեն պատկանում է ՀԱԿ-ին ու անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը քաղաքականություն վերադառնալով՝ նախ Արթուր Բաղդասարյանին անողոք քննադատության ենթարկեց, հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մի քիչ ավելի մեղմ, ու հիմա էլ իր նախկին թիմակիցներին է անարգանքի ու երգիծանքի ենթարկում:
Փաստորեն, ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը մաքսիմալիստ է: Ի տարբերություն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նախքան նախագահ դառնալն էլ էր ինքը մյուս ընդդիմադիրների հանդեպ չափազանց խստապահանջ: Բայց մանավանդ վերջերս կյանքը ցույց տվեց, որ ընդդիմադիրների հանդեպ առաջին նախագահի խստապահանջությունը միանգամայն ընտրովի է, որովհետեւ ինքն ինչքան որ այլ ընդդիմադիրների հանդեպ էր խստապահանջ, նույնքան եւ ավելի ներողամիտ ու մեծահոգի գտնվեց ոչ իշխանական ԲՀԿ-ի եւ անձամբ Ծառուկյանի հանդեպ: Եվ դեռեւս Ծառուկյանի ամենավերջին գործողությունները քաղաքագիտական վերլուծության չեն ենթարկվել: Եվ դժվար էլ ենթարկվեն:

Իր գործն է, իհարկե: Մեր գործն էլ էս ամենը հասկանալն է, եւ չնայած դժվար է, պիտի փորձենք հասկանալ, ընդ որում՝ ոչ միայն առաջին նախագահին, այլեւ մեր մյուս ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հորջորջող գործիչներին:
Ինչո՞ւ իրար չեն սիրում: Մեղմ ասած: Ինչո՞ւ են իրար ավելի ատում, քան իշխանություններին:

Պատճառներից հաջորդը, մեր կարծիքով, հետեւյալն է. Հայաստանն անկախությունից հետո իրեն հռչակել է ժողովրդավարական հանրապետություն, իսկ դա նշանակում է, որ ինչպես աշխարհի ժողովրդավարական այլ երկրներում, մեր երկրում նույնպես ընդդիմությանը պիտի որոշ «իշխանություն» տրվի: Այսինքն՝ խորհրդարանում ընդդիմությանը նույնպես պիտի որոշակի տեղեր հատկացվեն, ընդդիմադիրները եւս որոշ չափով պիտի ընդգրկվեն ԱԺ-ի ղեկավար մարմիններում, զանազան պատվիրակությունների կազմերում, եվրոպական բարձր ամբիոններից խոսելու իրավունք ունենան: Զարուհի Փոստանջանը ձեզ օրինակ: Ուրիշները՝ նույնպես: Բայց որպեսզի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ալիկ Արզումանյանն ու ոչ իշխանական ուրիշներ էդ իրավունքները ձեռք բերեին ու էդ իրավունքներից օգտվեին, պիտի նախ պատգամավոր դառնային, ընդ որում՝ ոչ իշխանական ուժերի մեջ ընդգրկվելով, ու էդ ուժերի շնորհիվ պիտի պատգամավոր դառնային, որովհետեւ, ինչպես գիտեք, իշխանական ուժերին հատկացվող պատգամավորական տեղերն էն գլխից որոշված են եւ բացարձակ մեծամասնություն են կազմում, եւ պատգամավորական տեղերի մնացորդաց համար նախընտրական պայքարը, փաստորեն, մշտապես ընթանում է հենց ընդդիմադիր ուժերի միջեւ, եւ ընդդիմության էդ պայքարում հաղթողներն են տիրանում «ժողովրդավարական» խորհրդարանի էդ մշտական ու կայուն ընդդիմադիր մանդատներին: Այսինքն՝ էդ ընդդիմադիր մանդատների համար պայքարն ու մանավանդ նախընտրական պայքարը մեր ընդդիմադիրները հիմնականում իրար դեմ են մղում, եւ չնայած նրանք իրենց նախընտրական ելույթներում հիմնականում իշխանության դեմ են խոսում, իրականում իրարից են խլում ընդդիմության համար նախատեսված էդ սահմանափակ թվով մանդատները: Հիմնականում դա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերն իրար հետ չեն միավորվում, եւ եթե երբեմն մի քանիսը միավորվում են, դարձյալ էդ սահմանափակ թվով մանդատների խաթեր են միավորվում, այսինքն՝ ժամանակավորապես՝ ինչպես եղավ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» դեպքում. մանդատներն ստացան ու անմիջապես էլ իրար հրաժեշտ տվին, մինչդեռ նախքան մանդատների տեր դառնալը գաղափարական ընդհանրությունից եւ այլ բարձր բաներից էին բարբառում:

Մինչդեռ իրականում գաղափարի շուրջ ոչ ոք ոչ ոքի հետ չի միավորվում. արեւմտամետները արեւմտամետների հետ չեն միավորվում, ռուսամետները՝ ռուսամետների, դեմոկրատները դեմոկրատների հետ չեն միավորվում, սոցիալիստները՝ սոցիալիստների, ազգայնականները՝ ազգայնականների:

Այսինքն՝ մեզանում ոչ արեւմտամետներ կան, ոչ ռուսամետներ, ոչ ժողովրդավարներ, ոչ սոցիալիստներ, ոչ ազգայնականներ եւ այլն: Եթե կան էլ, իրար հետ որեւէ կապ ու առնչություն չունեն:

Որովհետեւ միավորողը ոչ թե գաղափարն է, այլ շահը: Ընդ որում՝ ոչ թե գաղափարական շահը, այլ բացառապես անձնական ու նյութական:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Что-бы не говорили про Левона Тер-Петросяна, он останется в нашей истории, как умный и мудрый политик! Нам повезло, что у нас есть политик такого уровня!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930