«Մենք – Մեր Սարերը» կամ «Դեպի Հայրենիք» ներգաղթ ակնկալող առաջարկը նորարարական չէ:
Ցանկացած հայ կարող է հայրենիքում տարածք վարձակալել, կարող է գործունեություն ծավալել և դա առօրյա գործընթաց է:
Սակայն այս պրոցեսը ակտիվացնելու, մասշտաբի բերելու համար հարկավոր է ոչ առօրյա մոտեցում:
Պարբերաբար անցկացվող հեռուստամարաթոնները կարող են միջոց հանդիսանալ առաջարկի իրականացման ակցիայի համար:
Նախկին հեռուստամարաթոնների ժամանակ մարդիկ անհատույց մասնակցում էին հանգանակությանը՝ իրենց ներդրումով օգնելով հայրենի որևէ խնդրի լուծմանը և … անցնում իրենց գործերին-մինչն հաջորդ մարաթոնը:
«Մենք – Մեր Սարերը» կամ «Դեպի Հայրենիք» ծրագրի ակտիվացման դեպքում ներդրումը կփոխհատուցվի տարածքով՝ կապելով ներդնողին հայրենի հողի հետ, խթան հանդիսանալով իրեն կամ իր ազգակիցներին երբեմն այցելել իրենց վստահված տարածքը: Զգալ իրենց որպես հայրենիքի մի շոշափելի մասնիկը:
Ծրագրի իրականացմանը կխթանեն գայթակղիչ ցածր գները, տեղում կայանալուն՝ գործունեություն ծավալելու պետական աջակցությունը՝ ցածր հարկեր, այլ ճկուն մոտեցումներ:
Հնարավոր է առաջարկը փորձարկել մի որևէ մարզի մասշտաբով և արդյունքները կորոշեն առաջարկի հետագա ընթացքը: Կարելի է մարզպետներին ներկայացնել առաջարկվող ծրագիրը և ով կցանկանա իր մարզում ունենալ նման հարևանություն՝ թող ներկայացնի այն տարածքները, որոնք օգտագործելի չեն՝ մակերեսները, գները, պայմանները, արբանյակային քարտեզ՝ տարածքի նշումով, տարածքը ներկայացնող նյութեր:
Ցանկացած իրացում պահանջում է նախապատրաստական աշխատանք, գովազդ՝ տեղանքը, կյանքը լուսաբանող լուսանկարներ, տեսահոլովակներ:
Հաջող սկզբի համար հետաքրքիր կլինի սկսել Գեղարքունիքի մարզից՝ նրա հնարավորությունները առավել ճոխ են (Սեւանա լճի տեսարան՝ թեկուզ հեռվից, սահմանամերձ սարեր, բավականին զարգացած ճանապարհային ցանց):
Առաջարկի իրականացման հնարավոր մեխանիզմը – մարզերը, համայնքները, անհատ տնտեսվարները ներկայացնում են այն տարածքները, որոնք օգտագործելի չեն, որոնց իրացումը չի վնասի իրենց տնտեսությանը:
Հեռուստամարաթոնի ժամանակ՝ Պողոսյանների ընտանիքը նվիրաբերեց 1000 դոլար – թող ստանա 1000քմ. տարածք (ներկայիս ռեալ գները սկսվում են մի քանի ցենտից/քմ, նախնական համարենք, որ 1քմ=1դոլար), Պետրոսյանները նվիրաբերեցին՝ 500 դոլար – կստանան 500քմ տարածք և այսպես մյուսները: Այնուհետև երբ կժամանեն Հայրենիք՝ իրենց ստացածին ծանոթանալու, կարող են փոփոխություններ կատարել իրենց առավել ցանկալի տարածքների հետ: Կսկսվի շարժում, գնալ-գալ, բնակվել, սնվել, ներդրումներ, գործունեության ծավալում, որը կբերի քանակական և նյութական ներհոսքի՝ հայրենի պետության ամրապնդման:
Դեպի հայրենիք այցելությունները հաճախակի դարձնելու համար կարելի է պայման դնել, որ տարածքի սեփականության իրավունքը միշտ իրենցը կհամարվի՝ չի խզվի այնքան ժամանակ, քանի դեռ սեփականատերը, կամ իր երկրորդ, երրորդ կարգի ազգականները 3 կամ 5 տարին մեկ կփաստեն իրենց այցելությունը` հատկացված տարածք:
Ծրագիրը կիրականացվի ըստ էթնիկ արմատների` Հայաստանը- Հայերին:
Կից ներկայացվում է առաջարկի իրականացման մանրամասն հիմնավորումը:
Հեղինակ՝ ճարտարապետ Վարդան Փենեսյան