Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կալիֆորնիայի (ԱՄՆ) Նորթրիջ նահանգային համալսարանի ժամանակակից և դասական լեզուների մասնաճյուղի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար դոկտոր Վահրամ Շեմմասյանին:
Դոկտոր Շեմմասյանը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվող «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց առաջիկա գիտաժողովը՝ որպես պատմական և ազգային տեսակետից մեծ հետաքրքրություն ներկայացնող ձեռնարկ, խոսվեց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում տեղի ունենալիք այլ նշանակալի միջոցառումների մասին, մտքեր փոխանակվեցին հետագա անելիքների շուրջ:
Դոկտոր Շեմմասյանը նախարարին ծանոթացրեց հայագիտական ուսումնասիրությունների գծով ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում իրականացվող աշխատանքներին՝ ավելի հանգամանալի կանգ առնելով Կալիֆորնիայի նահանգային համալսարանում իր կողմից իրականացվող ծրագրի վրա:
Կարդացեք նաև
Այնուհետև, նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց հյուրին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի կրթական համակարգին, հայագիտական ուսումնասիրությունների դասավանդմանը, ուսումնական պրոցեսների կազմակերպմանը և այլն:
Քննարկվեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրներում գոյություն ունեցող հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող գիտական և ուսումնական կենտրոնների համագործակցության սերտացմանը, դրանց աշխատանքների արդյունավետության խթանմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը և մամուլի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:
Սփյուռքի նախարարության
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ