«… ով բոլոր հայ կուսակցություններ՝ ներկա, անցյալ թե ապառնի – մեկ օրով, կաղաչեմ, միմիայն մեկ օրով մոռացեք ձեր ծրագիրները և եղեք հայ ազգ… տեսնենք ի՞նչ ձևի բան կըլլա: Ես կյանքիս մեջ բնավ հայ ազգ տեսած չեմ: Թուրք տեսեր եմ, գերմանացի տեսեր եմ, բայց հայ՝ ոչ: Միացեք նախ մեկ, տեսնենք ամբո՞ղջ եք, բան-ման չի՞ պակսեր ազգ դառնալու համար…»
Լեռ Կամսար, 1917թ.
Մարդկության պատմության մեջ կուսակցությունների առաջացումը եթե պատմական անհրաժեշտություն է եղել, ապա փոքր ազգերի համար, իմ խորին համոզմամբ, վրա է հասել դրանց անհետացման պատմական անհրաժեշտությունը: Կուսակցություններն արդեն կորցրել են իրենց հրատապությունը, հասարակության մեջ ունեցած հետաքրքրությունները և ապրում են իրենց մայրամուտը:
Նման շրջադարձի պատճառն այն է, ինչպես ըմբռնել է ժողովուրդը, որ իրականում այդ կառույցները ստեղծվում են ոչ թե ազգի միասնությունը ուժեղացնելու և հասարակության առաջընթացը տարբեր ծրագրերի միջոցով ապահովելու, այլ մարդկային առանձին խմբավորումների որոշ շահերի և կենսաապահովման պահանջմունքները բավարարելու համար, իսկ դրա ակունքային ելակետն այն է, որ մարդը որպես գիտակից արարած միշտ ուզում է տարբերվել մյուսներից իր հզորությամբ, դիրքով, գաղափարով, ազդեցությամբ և այլն:
Կարդացեք նաև
Կուսակցությունների առաջացումը կապված է նաև տվյալ երկրի բնակչության էթնիկական կառուցվածքի հետ: Տարբեր ազգերի ներկայացուցիչները, որպես կանոն, ունեն տարբեր ձգտումներ, աշխարհընկալումներ, բարոյահոգեբանական խառնվածքներ, բնության և հասարակության նկատմամբ ունեցած պատկերացումներ և վերաբերմունք: Սակայն զարգացած հասարակության մեջ կուսակցություններ ստեղծելու անհրաժեշտությունը նույնպես թուլացել է, որովհետև, վերջին հաշվով, բոլոր քաղաքացիները ենթարկվում են ընդհանուր օրենքներին և տվյալ երկրի կարգ ու կանոնին: Այսինքն, նշված բոլոր յուրահատկությունները համահարթեցվում են պետական կառավարման մակարդակով, որը հիմնվում է երկրի անվտանգության և քաղաքացիների բարեկեցության ապահովման վրա: Մյուս կողմից էլ, թվում է թե կուսակցությունների բազմազանությունը նպաստում է հասարակության ազատության աստիճանի բարձրացմանը և ժողովրդավարության զարգացմանը, պետական քաղաքականության ճկունության ամրապնդմանը և այլն, սակայն դա ընդամենը մոլորություն է, որովհետև գաղափարական պառակտվածությունը չի կարող ստեղծել միասնականություն:
Մոտ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում, որտեղ 2,5 տասնամյակի ընթացքում սնկի նման աճեցին կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու հայրենակցական միությունները, աստիճանաբար թուլացավ և ակնհայտ պառակտման միտում ընդունեց ազգային միասնությունը, համատարած դարձավ աղքատությունն ու արտագաղթը, ցրվեց և իմաստազրկվեց մարդկանց կյանքի նպատակն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ, դիֆուզվեց ու կորավ սոցիալական և իրավական արդարությունը: Ազգային միասնության և համախմբվածության տեսանկյունից կուսակցությունների պառակտիչ գործունեության ցայտուն դրսևորումներ են նկատվում առաջին հերթին գյուղական համայնքներում: Մինչև բազմակուսակցական համակարգի առաջացումը գյուղն ապրում էր իր օրապակաս խնդիրներով, բայց համախմբված, մեկ ընտանիքի նման, կարելի է ասել, այնտեղ գործում էր «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը: Բնակչության առաջ ծառացած խնդիրները լուծվում էին միահամուռ ջանքերով, և դա երջանկացնում էր մարդկանց:
Կուսակցությունների թափանցումը գյուղական համայնքներ, գյուղապետերի ընտրական համակարգի ներդրումը և մյուս կողմից էլ հողի ու մյուս ենթակառուցվածքների մասնավորեցումը կատակլիզմի (համաղետ) էֆեկտ առաջացրեցին գյուղական բնակչության կյանքում, 180 աստիճանով փոխվեց բարոյահոգեբանական իրադրությունը, մարդիկ սկսեցին օտարվել մեկը մյուսից, դարձան ինքնամփոփ, միմյանց հետ թշնամացան ոչ միայն հարևանները, այլև հարազատներն ու բարեկամները: Գյուղում տարածվեց ու ամրապնդվեց ազգակործան անտարբերությունը, անհանդուրժողականությունը և հատվածական մտածողությունը, անհատական և կլանային շահերը: Սա կատարյալ ազգային դժբախտություն է, որն արդեն թափանցել է Արցախ և սփյուռքի համայնքներ, թուլացնելով մեր ժողովրդի անցյալի հիշողությունները, ի չիք դարձնելով ներկայի և ապագայի խնդիրների լուծման հնարավորությունները:
Իմ գաղափարական ընդդիմախոսներն անպայման օրինակ կբերեն ներկայիս աշխարհում ստեղծված բազմակուսակցական համակարգը և նույնիսկ կծիծաղեն իմ ուտոպիական հարցադրման վրա: Սակայն, վերջին հաշվով, պետք է ըմբռնել, որ կուսակցությունների տարածումը մեր երկրում հիմնականում կատարվում է մեխանիկորեն, տուրք տալով մոդային, առանց հաշվի առնելու Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմա-ստրատեգիական իրադրությունը, մեր ժողովրդի մենթալիտետը (այստեղ ես առաջին հերթին ի նկատի ունեմ օտարամոլությունը), երկրի անկախությունն ու ազգային անվտանգությունը:
Արդեն ակնհայտ է դարձել, որ երկրում գրանցված ու չգրանցված կուսակցությունները (իսկ դրանց մեծ մասը մի քանի անհատներից է բաղկացած) խաթարում են ազգի միասնությունը, հասարակության մեջ բարձրացնում լարվածության աստիճանը, հետապնդում են խմբակային շահեր, որոնց նկատմամբ էլ օր-օրի աճում է ժողովրդի հիասթափությունն ու ատելությունը, ուստի բոլոր նախադրյալները կան դրանց բնական մահն արձանագրելու համար: Շատ կուսակցություններ, որոնք թվացյալ կյանքի նշույլներ են ցույց տալիս, «վաղուց մեռած են, թեպետ թաղված չեն»: Որոշ կուսակցություններ էլ, որոնք դեռևս շարունակում են բարձրաձայն հայտարարություններ անել, նույնպես սպառված են և չունեն ճշմարիտ քաղաքական, գաղափարական և ազգային մտածողության հենք, սակայն շարունակում են անիմաստ ու աննպատակ գոյատևել միանգամայն կասկածելի ներարկումների հաշվին: Դրանց միակ ճանապարհը ինքնալուծարվելն է:
Ինչ վերաբերում է իշխող կուսակցություններին, ապա դրանք պահպանվում են բացառապես երկրի և ժողովրդի ռեսուրսների հաշվին, պետական կառույցներում (նախարարություններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, կոմիտեներ, բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն¤ իրենց անդամներին խցկելու և դրանով իսկ կառավարման ամբողջ վերնահարկը ուզուրպացնելու միջոցով: Հարց է ծագում, որքա՞ն կարող ենք դիմանալ արհեստականորեն ստեղծված այս իռացիոնալ դաշտում, երբ կուսակցությունները հասարակական կյանքում որևէ դրական դեր չխաղալու հետ մեկտեղ ուղղակի չարիք են դարձել մեր պատմության թերևս ամենավճռական փուլում: Բերենք մի քանի կոնկրետ փաստարկներ, որոնք հաստատում են կուսակցությունների անիմաստ գոյությունը:
1. Հանրապետության բոլոր կուսակցություններում մոտավոր հաշվով ընդգրկված է ժողովրդի 7-8%-ը, մնացածն անկուսակցական է, սակայն այդ 7-8%-ի ձեռքին կրակն է ընկել և օտարված է պետության կառավարման մեջ դեր ունենալու բոլոր հնարավորություններից:
2. Կուսակցությունները մեկը մյուսի նկատմամբ գտնվում են բացահայտ անտագոնիզմի մեջ, որի մեջ ներքաշվում է նաև ժողովուրդը, իսկ դա ակնհայտորեն տանում է դեպի անհանդուրժողականություն, թշնամանքի խորացում, հասարակական կյանքի լարվածության ուժեղացում, միասնության և համախմբվածության խաթարում, ազգային խնդիրների լուծման գրեթե անհնարինություն:
3. Համազգային և տեղական ընտրությունների ժամանակ մասնակից կուսակցությունները ձգտում են ամեն գնով (այդ թվում նաև կաշառքների և կեղծիքների միջոցով¤ տեղ գրավել կառավարման մարմիններում, իսկ ընտրություններից հետո ժողովուրդը միշտ հայտնվում է պասիվ դիտորդի և խորթ զավակի դերում:
4. Ուղղակի աբսուրդ է, երբ երկրի ապակուսակցականացված ուժային կառույցները ղեկավարվում են կուսակցական վարչապետի և կուսակցական նախագահի կողմից: Անթույլատրելի է նաև այն, որ դպրոցները և պետական բուհերը, կուսակցական գործունեությունն արգելված լինելու պարագայում, ղեկավարվում են հիմնականում իշխող կուսակցության անդամների կողմից:
5. Իշխող կուսակցության անդամները, և առաջին հերթին պաշտոնատար անձինք, ամենաշատն են խախտում օրենքները և չարաշահում պաշտոնական դիրքը, մխրճվում կոռուպցիայի և կաշառակերության մեջ, սակայն պատասխանատվության չեն ենթարկվում և չեն պատժվում, իսկ պաշտոնանկ արվելու դեպքում տեղափոխվում են այլ պաշտոնների:
6. Միևնույն կուսակցությունը երկար ժամանակ իշխանության մնալու դեպքում ուղղակի վեր է ածվում բռնակալական կառույցի և արհամարհում է ժողովրդի ամենաարդարացի պահանջներն ու առաջարկությունները:
7. Կուսակցությունների գաղափարական ուղղվածությունը ապազգային ու կոսմոպոլիտ նորմատիվներն են և ոչ թե ազգային հիմնախնդիրները:
8. Գյուղական համայնքների բազմակուսակցականացումը մահացու վտանգ է գյուղական բնակչության և գյուղի ապագայի, ըստ այդմ նաև ողջ երկրի համար:
Կարելի է անթիվ օրինակներ բերել վերջին 25 տարիների ընթացքում իշխանության գլուխ անցած կուսակցությունների անդամների կամայականությունների և հանցագործությունների մասին, որոնք կամ պատասխանատվության չեն ենթարկվել, կամ լավագույն դեպքում հեռացվել են պաշտոնից, առաջ բերելով ժողովրդի վստահության լուրջ կորուստ: Այսինքն, ներկա պայմաններում Հայաստանում գործող կուսակցություններից ոչ մեկը չի վայելում ժողովրդի վստահությունը, սակայն և չեն ուզում ինքնալուծարվել, ուստի հրատապ է դարձել կուսակցությունները վերացնելու մեխանիզմի մշակման հարցը, որը բավականին բարդ խնդիր է և կապված է ազգային գաղափարախոսության հայեցակարգի մշակման հետ: Այդպիսի գաղափարախոսություն ստեղծելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի քաղաքական և մտավոր ողջ ներուժի համախմբումը:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից մեկը պետք է լինի ուժեղ նախագահական համակարգի գոյությունը, նախագահի (որին ընտրում է ժողովուրդը 5 տարի ժամկետով¤ ձեռքում խիստ կենտրոնացված իշխանությամբ (որպեսզի ամբողջ պատասխանատվությունն ընկնի նրա վրա¤, իսկ որպես դրան հակակշիռ պետք է ստեղծվի ժողովրդի կողմից ընտրված 51 հոգուց բաղկացած ազգային խորհուրդ, որն իր վրա է վերցնելու ազգային ժողովի պարտականությունները:
Մեր ժողովրդի հոգեկերտվածքին բացարձակ հակացուցված է խորհրդարանական կառավարումը, որովհետև մինչև խորհրդարանը որոշում կայացնի, արդեն կարող է շատ ուշ լինել: Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա այստեղ էլ պետք է ղեկավարվենք վարչական ապարատի առավելագույն կրճատման նպատակաուղղվածությամբ: Վարչապետի գործառույթները կատարում է նախագահը, նախարարությունների թիվը հասցվում է 7-8-ի: Բոլոր կարևոր պաշտոններում նշանակում է նախագահը, հիմնվելով ազգային խորհրդի որոշումների վրա, իսկ գյուղապետերին նշանակում է գյուղական խորհուրդը (վերջինս ընտրվում է գյուղի ընդհանուր ժողովում բաց քվեարկության միջոցով¤:
Նախագահը պետք է ականջալուր լինի ժողովրդի ձայնին բացարձակ ազատ գործող ԶԼՄ-ների միջոցով: Նա ժամկետից շուտ կարող է պաշտոնանկ արվել ազգային խորհրդի 70% ձայների կամ ժողովրդի կողմից հավաքված 150 000 ստորագրության դեպքում, իսկ ազգային խորհրդի անդամը կարող է զրկվել մանդատից միայն ընտրողների (մոտ 30 000 ստորագրություն¤ կողմից հետ կանչման միջոցով:
Համոզված եմ, որ վաղ թե ուշ մեր ժողովուրդը ստիպված գնալու է այս ճանապարհով, անկախ տարբեր երկրների կողմից կատարվող ճնշումներին: Եվ քանի դեռ վերափոխված սահմանադրությունը չի վավերացվել հանրաքվեի միջոցով, ապա խիստ հրատապ է առաջարկվող մոդելի լայն քննարկումներ սկսել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի, հանուն կուսակցություններից ազատ Հայոց երկրի:
Վյաչեսլավ Հարությունյան
գյուղ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
04.04.2015թ.
Հ.Գ. Անշուշտ, ներկայացվող մոդելն ունի խոցելի կողմեր, սակայն կարևորը գաղափարն է, մնացյալ հարցերը լուծվող են: