Այս փոքրիկ պատմվածքը նվիրվում է
Հայ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:
Մռնչաց հերոս Անդրանիկ փաշան,
Զորքը հավաքեց կայծակի նման,
Առյուծի նման իր կորյուններով,
Թուրքերին ջարդեց հազարներով:*
Ես նոր էի յոթ տարեկան դարձել և սեպտեմբերին պետք է առաջին անգամ գնայի դպրոց: Կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե դա ինչ կարևոր իրադարձություն է ամեն մի երեխայի կյանքում: Դա խոշոր իրադարձություն էր նաև նրա ընտանիքում:
Առաջինն ինձ դպրոցի համար նախապատրաստեց հորական կողմի տատիկս: Նա Դեր-Զորի անապատով էր անցել իր ամուսնու և ընդամենը երկու տարեկան հորեղբորս հետ և հրաշքով կենդանի մնացել, բայց ճանապարհին կորցրել էր սկեսրոջն ու սկեսրարին… Ամեն անգամ, երբ նա պատմում էր այդ բոլորն իր համով, քաղցրահունչ արևմտահայերենով, գլխաշորի ծայրով ջանասիրաբար սրբում էր աչքերից առատորեն հոսող արցունքները` թուրքերին անվանելով շուն.
– Ադ շուն տաճիկը գիտե՞ք, ինչե՜ր ըրած է մեզի, – այնուհետև գլուխը խրոխտ բարձրացնելով, շտկելով եղեռնի տարիներին «վաստակած» կուզը, քաղցր ձայնով երգում էր հայրենասիրական երգեր՝ գլխավորապես նվիրված Զորավար Անդրանիկին:
– Տատիկ, – ասում էի ես, – թուրքերը շա՞տ վատն են:
– Շա՛տ, տղաս, անոնք մարդ կոչվելու իրավունք չունի՛ն:
Մորական կողմի տատիկս, լինելով ջերմեռանդ հավատացյալ, ամենից առաջ ինձ սովորեցրեց «Հայր Մերը», այնուհետև «Գիշերվա Աղոթքը»: Նա ավարտել էր Օրիորդաց Վարժարանը և հրաշալի տիրապետում էր հայերենին, թուրքերենին և բուլղարերենին: Երբ ես երեխա էի՝ ամեն օր քնելուց առաջ պարտադիր ասում էի «Գիշերվա Աղոթքը»՝
Հիմա ես պիտի պառկիմ,
Հիսուս աղոթքս կնեմ քեզի,
Բոլոր մեղքերս դուն ներե
Եվ այս գիշեր զիս պահե,
Թե, որ նորեն չարթնամ,
Տե՝ր, շնորհ ըրե՛,
Քովդ գամ, Ամե՛ն:
Կիրակի օրերին նա պարտադիր գնում էր եկեղեցի: Պատարագը վերջանալուց հետո իմ սիրելի տատիկը գալիս էր մեր տուն: Մենք միասին «Հայր Մերն» էինք ասում, և նա եկեղեցուց բերած մասից: մի կտոր իր դողդոջուն մատներով դնում էր բերանս ու ասում.
– Կե՛ր, տղաս, ասիգա եկեղեցիեն բերած եմ:
Մորական կողմի տատիկս էլ էր Դեր-Զորով անցել՝ մեծ մորաքրոջս և քեռուս հետ, որոնք ընդամենը վեց և չորս տարեկան էին այդ ժամանակ…
Մայրս փորձում էր ինձ մանկական ոտանավորներ սովորեցնել, բայց իմ գլուխը բացի հայրենասիրական երգերից և աղոթքներից ուրիշ բան չէր մտնում: Նա անհանգստանում էր, որ դպրոցում չեմ կարողանա սովորել, չնայած պարզ թվաբանական գործողությունները շատ շուտ կարողացա յուրացնել:
Ես ամբողջ օրը խաղում էի իմ խաղալիք ատրճանակով: Իհարկե, թշնամիները թուրքերն էին: Ես մեկիկ-մեկիկ նրանց կրակում, ոչնչացնում էի՝ քթիս տակ երգելով հորական տատիս սովորեցրած հայրենասիրական երգերը: Ատրճանակը միշտ ինձ հետ էր: Քնելուց ես սովորություն էի դարձրել ատրճանակս դնել բարձիս տակ: Այն ժամանակվա ատրճանակները շատ լավն էին, պատրաստված էին մետաղից, իսկ փամփուշտների շարանը մի երկար թղթյա ժապավեն էր, որի վրա որոշակի հեռավորության վրա շատ փոքրիկ, թույլ պայթուցիկ բարձիկներ էին տեղադրված: Ամեն անգամ ատրճանակի ձգանը ձգելիս՝ հարվածից թեթևակի ծուխ արձակելով, պայթում էր հերթական բարձիկը: Կրակելիս նույնիսկ վառոդի հոտ էր գալիս:
Դպրոց գնալուն մնացել էր ընդամենը մեկ շաբաթ ու ես հիվանդացա: Ջերմում էի, կոկորդս էր ցավում և սրտխառնոց ունեի: Երկու օր էր տաքությունս չէր իջնում: Հորեղբայրս, միաժամանակ նաև քավորս, գնաց բժիշկ Կարոյին բերելու, որին դեռ Հունաստանից էր ճանաչում: Բժիշկ Կարոն նայեց կոկորդս, չափեց մարմնիս ջերմաստիճանը, լսեց թոքերիս և սրտիս աշխատանքն ու եզրակացրեց, որ հիվանդ եմ անգինայով: Դեղեր նշանակեց և գնաց: Գիշերը բարձր ջերմաստիճանի պատճառով սկսեցի զառանցել: Մայրս վախեցավ և շտապ օգնություն կանչեց: Շտապ օգնության բժիշկն ինձ զննելուց հետո նույն եզրակացությանը եկավ, ինչ բժիշկ Կարոն, բայց քանի որ քաղաքում դիֆտերիայի դեպքեր էին գրանցվել, իսկ դիֆտերիայի դեպքում նույն ախտանիշներն են երևան գալիս, ինձ տարան Սարի Թաղի Սուր Վարակիչ հիվանդանոցը:
Դիֆտերիան սուր վարակիչ, կյանքի համար վտանգավոր հիվանդություն է։ Դիֆտերիայի հարուցիչներն արտադրում են թունավոր նյութեր, որոնք ախտահարում են ամբողջ մարմինը, գլխավորապես՝ սիրտը, նյարդային համակարգը, երիկամները և վերին շնչուղիները։ Դիֆտերիան, եթե վաղ չհայտնաբերվի ու չբուժվի, կարող է մահվան պատճառ դառնալ:
Քանի որ կասկածվող հիվանդությունը վարակիչ էր, մորս թույլ չտվեցին մնալ ինձ հետ: Ամենից առաջ վերցրին իմ հագուստներն ու այրեցին, որովհետև կարող էին վարակի պատճառ դառնալ: Այնուհետև երկու տարեց կանայք ինձ երկար ժամանակ լողացնում էին շատ տաք ցնցուղի տակ: Միգուցե ինձ էլ էին ախտահարում… Հետո ինձ տարան ու պառկեցրին մի հիվանդասենյակում, որտեղ մյուս հիվանդը երիտասարդ մի աղջիկ էր, որին նույնպես կասկածում էին դիֆտերիայով հիվանդ լինելու մեջ: Եկավ բուժքույրը և սրսկում արեց աջ սրունքիս վրա: Այդ սրսկումը նախատեսնված էր վարակված հիվանդներին անշարժացնելու համար, որպեսզի նրանք ժամանակավորապես չկարողանան քայլել և հետևաբար, վարակ չտարածեն:
Հաջորդ օրը մայրս ինձ համար շոկոլադ բերեց և շատ խաղալիքներ, որոնց մեջ ամենաարժեքավորն ինձ համար ատրճանակն էր: Ես ամբողջ օրը խաղում էի դրանով և չնկատեցի էլ, թե ինչպես օրն անցավ:
Գիշերը տաքությունս բարձրացավ և ես սկսեցի զառանցել… Մենք կռվում էինք թուրքերի դեմ: Առջևում մեր քաջարի զինվորներն էին, իսկ ետևից գալիս էինք մենք՝ ես, Մարտունիկն ու Սամվելիկը: Մենք անընդհատ կրակում էինք թուրքերին՝ դըմփ, դըմփ, դըմփ… և անվերջ գոռում.
-Օ՛ն, առա՜ջ, օ՛ն, առա՜ջ…
Նրանք շատ էին ու անվերջ գալիս էին… Ես սկսեցի ոգևորված երգել՝
Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:*
Առավոտյան տաքությունս իջել էր: Ես ամբողջ գիշեր զառանցելով իմ բարալիկ, բայց զրնգուն ձայնով երգել էի ու կրակել՝ խանգարելով բաժանմունքի բոլոր հիվանդների ու բուժանձնակազմի հանգիստն ու քուն:
Երբ զարթնեցի, նկատեցի որ իմ սիրելի ատրճանակը բարձիս տակ չէր… Երևի իմ քնելուց հետո բուժքույրը տարել էր, որ իմ կրակոցներով չխաթարեի հիվանդանոցի անդորրը:
Մի քանի օրից ինձ հիվանդանոցից դուրս գրեցին, որովհետև չհաստատվեց իմ դիֆտերիայով հիվանդ լինելը: Ես մի քանի օր ուշացումով վերջապես առաջին անգամ գնացի դպրոց…
Տարիներ անցան: Ես ուսուցիչ եմ դարձել: Իմ աշակերտներին ամենից առաջ սովորեցնում եմ հայրենասիրական երգեր ու աղոթքներ, որովհետև առանց հայրենասիրության և Աստծո աջակցության մենք երբեք չենք հաղթի մեր անարգ թշնամուն:
Մարտունիկն ու Սամվելիկը զինվորականներ դարձան: Նրանք առիթ ունեցան մասնակցելու Գետաշենի կռիվներին և Շուշիի ազատագրմանը:
Երբ մենք երեխա էինք՝ Մարտունիկն ինձ հարցնում էր.
– Ինչու՞ է տատիկդ թուրքերին շուն ասում: Ես շուն սիրում եմ:
– Դու ի՞նչ է, կասկածու՞մ ես տատիկիս ասածներին: Միայն շներն են առանց պատճառի հարձակվում մարդկանց վրա, մի տարբերությամբ, որ թուրքերը չեն կծում, այլ սպանում ու թալանում են թույլերին, անօգնականներին ու ծերերին, իսկ հայ տղամարդ տեսնելիս՝ նրանք շան պես դողում են: Թուրքերը վախկոտ, ստոր մարդասպաններ ու գողեր են…
* «Անդրանիկին» երգի առաջին քառյակը
* «Հպարտ գնացեք» երգի կրկներգը
*Մասը դա ս. Նշխարի մնացորդն է, որը ս. Սեղանի վրա օգտագործվելուց հետո բաժանվում է ժողովրդին՝ նրանց, ովքեր լիովին պատրաստ չեն հաղորդվելու Տիրոջ մարմնին (հաց) և արյանը (գինի), իսկ ս. Նշխարը բոլորաձև, առանց թթխմորի հաց է, մոտավորապես տասը սանտիմետր տրամագծով և հինգ միլիմետր հաստությամբ: Նրա երկու կողմերին «Հիսուս Քրիստոս» բառերն են դրոշմված:
Մարտին Շիրինյան,
Գլենդել, Կալիֆոռնիա
18 հոկտեմբերի, 2014թ.
Հիանալի է, գրված է կարճ բայց որքան բովանդակալից, հիշեցնում է Վիլյամ Սարոյանի ոճը, որտեղ կարելի է կարդալ հեղինակի այլ ստեղծագործությունները?
Հարգելի Արտաշես,
Շնորհակալություն: Իմ պատմվածքները Դուք կարող եք կարդալ իմ՝ Martin Shirinyan ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ բլոգում՝ http://www.imgrakan.blogspot.com
Մարտին Շիրինյան