Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը` ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներին. «Ձեր ազգանվեր ձեռնարկների իրականացման ընթացքում ձեր կողքին ենք լինելու»

Ապրիլ 04,2015 20:40

Նախագահը ներկա է գտնվել ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի առիթով կայացել է գալա համերգ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի առթիվ

Հայկական բարեգործական ընդհանուր միության հարգարժա՛ն նախագահ, Միության հարգարժա՛ն ղեկավարներ, բարերարներ, հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սիրով ողջունում եմ միության հերթական` 88-րդ Ընդհանուր անդամական ժողովի բոլոր մասնակիցներին: Սրտանց բարի գալուստ եմ մաղթում ձեզ Հայրենիք:

Ձեր ժողովը գումարվել է համայն հայության համար խիստ պատասխանատու և կարևոր օրերի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ ապրիլին։ Ուստի և առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել և իմաստավորել մեր անցած ընդհանուր ճանապարհն ու ներկա հանգրվանը:

Փաստ է, որ անցած 109 տարիների ընթացքում միշտ վառ է եղել միության ակունքներում դրված հիմնադիր գաղափարներից բխող ազգանպաստ գործունեության լույսը։ Մեծավաստակ ձեր կառույցն անցավ հայ ժողովրդի ճակատագրի ուղիներով. Մեծ եղեռնը վերապրած գաղթականների ու որբերի պես այն հասակ առավ, տոկաց տարաբնույթ փոթորիկների դեմ, դիմացավ մարտահրավերներին և հաղթահարեց բոլոր մեծ ու փոքր դժվարությունները: Հայ ժողովրդին հատուկ հզոր կամքով՝ կառույցն առաջ ընթացավ «միությունը զորություն է» նշանաբանով: Կարճ ժամանակում Միությունն իրավամբ վերածվեց համահայկական կազմակերպության` տարածելով իր ներկայությունը աշխարհասփյուռ մեր գաղթօջախներում։

Դրվատանքի խոսքերը շատ կարևոր են Հայաստանին և հայությանը Հայ բարեգործական ընդհանուր միության անդամների անմնացորդ նվիրումն ու աջակցությունը գնահատելու համար: Ուստի, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում, Արցախում և սփյուռքում ձեր ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեության համար: Շատ շնորհակալ եմ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենիքի և հայության ձգող ուժը որևէ հայի հանգիստ չի թողնի, ուր էլ նա լինի: Հենց այդ ուժով մեզնից յուրաքանչյուրը գտնում է Հայաստանի և հայության կյանքին մասնակից դառնալու իր ձևը: Այս գործում նշանակալի է նաև Բարեգործականի դերակատարությունը, որի միջոցով աշխարհի տարբեր կողմերում տարածվում են հայրենասիրության ու հայապահպանության հուրն ու զգացումը:

Հայկական սփյուռքը նոր շունչ առավ և խանդավառվեց Հայաստանի անկախությամբ: Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, Բաշ Ապարանից մինչև Արցախի հերոսամարտ, մինչև բարձրաբերձ Շուշիի ազատագրում` պայքարում, արարում և կառուցում է հայ ժողովուրդը: Մենք՝ բոլորս միասին, պաշտպանեցինք համայն հայության հայրենիքը, մեր հպարտությունը, մեր ինքնությունը, մեր զորության աղբյուրն ու կենսական ուժը:

Բարեգործականը սփյուռքի առաջին կառույցներից էր, որ հաստատվեց Հայաստանում և դարձավ հայաստանակենտրոն` գիտակցելով, որ դա է առավել ամրանալու ամենաճիշտ ուղին։ Այն ստեղծեց երիտասարդական, կրթական, առողջապահական, սոցիալական, մարզական և մշակութային գործուն ծրագրեր, որոնք միտված են զարգացնելու Հայաստանի և Արցախի հոգևոր, մշակութային և տնտեսական կյանքը։ Իր լայնածավալ ծրագրերի իրագործման ընթացքում Միությունը Հայաստանում ստեղծեց շուրջ 2000 աշխատատեղ:

Շատ կարևոր է, որ Բարեգործականը մշտապես սերտորեն համագործակցել է Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Փորձն ապացուցեց, որ դա է առաջնահերթությունները հստակեցնելու, կարիքները ճշգրիտ գնահատելու, օժանդակություն ցուցաբերելու լավագույն ձևերը գտնելու ամենաարդյունավետ ուղին։

Առանձնակի կարևորում եմ սիրիահայ մեր հայրենակիցներին սատարելու ուղղությամբ Միության գործունեությունը։ Կարևորում եմ, որ Բարեգործականը և «Գյուլբենկյան» հիմնարկությունը եկան օգնելու Հայաստանի կառավարությանը` Սիրիայից ներգաղթած մեր համալսարանական երիտասարդների կրթության հիմնախնդիրները կարգավորելու համար։

Սիրելի՛ բարեկամներ,

Մեր ազգային ինքնության առհավատչյան Հայաստանն է: Հայաստանի հետ է կապված հայ մարդու ապագայի պատկերացումը: Նրա անցյալն իբրև մասունք հայրենի հողում է ամփոփված: Նրա ներկան բոլոր թելերով հայրենիքի հետ է կապված: Այդ իսկ պատճառով համայն հայության գերագույն նպատակը պետք է լինեն ապահով Հայաստանին և Արցախին զորակցելն ու սատարելը: Այս առումով կարևորում եմ նաև Միության այն ծրագրերը, որոնք միտված են Հայաստանի հզորացմանը և առաջընթացին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը։

Ձեր առաջադրած բոլոր խնդիրները համազգային հնչեղություն ունեն: Բնականաբար, դրանք պահանջում են համայն հայության ուժերի համադրում, որն առաջին հերթին ենթադրում է սփյուռքի և հայոց երկու պետությունների համագործակցություն։ Վստահեցնում եմ, որ ձեր բոլոր ազգանվեր ձեռնարկների իրականացման ընթացքում մենք ձեր կողքին ենք լինելու` որպես ամուր հենարան և վստահելի գործընկեր։

Ընդհանուր անդամական ժողովի այս օրերին իմ մաղթանքն է, որ ձեր կառույցի ազգանվեր, եկեղեցանվեր և հայրենանվեր առաքելությունը շարունակի ծավալվել:

Մաղթում եմ, որ Հայ բարեգործական ընդհանուր միության երկրորդ հարյուրամյակը լինի առավել բեղուն, անխոտոր և լեցուն հաղթանակներով:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930