Այսօր «Գրանդ սպորտ» մարզահամալիրում ավարտվեց Ջեմմա Իսրայելյանի ավանդական միջազգային պատանեկան հուշամրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի մինչեւ 16 տարեկան աղջիկների հավաքականը, Ղազախստանի, Մոսկվայի եւ Պերմի մեկական թիմ:
Բավականաչափ հետաքրքիր ընթացք ստացած մրցաշարում հաղթող դարձան Հայաստանի աղջիկները: Հաղթողներին պարգեւատրելուց հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին ասաց. «Մեր բասկետբոլի երախտավոր տիկին Ջեմմայի հիշատակը հարգելուց զատ, այս մրցաշարը մարզաձեւը Հայաստանում զարգացնելու եւ մասսայականությունը մեծացնելու նպատակ է հետապնդում, ինչի դրական արդյունքները նկատելի են: Մենք նպատակ ունենք նաեւ եկող տարի ընդլայնել մասնակից թիմերի աշխարհագրությունը եւ թվաքանակը: Ի դեպ, այս մրցաշարում մեր հյուրերի կազմերում հանդես էին գալիս հայ բասկետբոլիստուհիներ, որոնց խաղին մեր մարզիչները ուշադրությամբ հետեւում էին: Եվ եթե նրանք առաջարկեն, կփորձենք այդ աղջիկներին ընդգրկել Հայաստանի այս տարիքային խմբի հավաքական»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ