Մարզադպրոցի ձյուդոյի խմբակները գործում են շրջանի հարավային Կոսական քաղաքում (մարզիչ՝ Տարոն Պողոսյան), Փակահան (մարզիչ՝ Էլյա Մարտիրոսյան) և Ուռեկան (մարզիչ՝ Վրեժ Սարգսյան) գյուղերում: Խմբակներում ընդգրկված են նշված և դրանց հարևան բնակավայրերի դպրոցականներ: Կովսականցիները մարզվում են միջնակարգ դպրոցի ցածր ու փոքր մարզադահլիճում, փակահանցիները՝ մարզիչի տան հարմարեցված նկուղում, իսկ ուռեկանցիները՝ միջնակարգի հարևանությամբ գտնվող փոքր շինությունում: Մարտի 3-ին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվ. միջն. դպրոցի բակում՝ հերոսի արձանի մոտ, կայացավ ձյուդոյի շրջանային առաջնություն, որին մասնակցեցին Կովսականի և Ուռեկանի խմբակների մոտ 40 մարզիկներ՝ 27, 33, 36, 43, 50 և 56 կգ քաշային կարգերում:
Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Բերձորի Մարզադպրոցի տնօրեն Կարինե Մովսեսյանը շնորհավորեց օրվա առթիվ՝ նշելով, որ մրցաշարը նվիրված է կանանց միամսյակին, և տղաներին մաղթեց հաջող պայքար ու հաղթանակ:
-Յուրաքանչյուրի հաղթանակ նվիրեք ձեր սիրելի տատիկներին, մայրերին, քույրերին և բոլոր այն կանանց, ում սիրում և հարգում եք, -ասաց Կ. Մովսեսյանը՝ ցանկանալով բարի երթ: Առաջինը մրցագորգ բարձրացան 27 կգ քաշայինները: Հաղթող ճանաչվեց և առաջին մրցանակի արժանացավ Աբրահամ Աբրահամյանը: 33 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավեց Սամվել Օհանջանյանը: Բարձր քաշային կարգերում առավել հետաքրքիր պայքար ընթացավ: 36 կգ-ում առաջինը ճանաչվեց Հովհաննես Սողոմոնյանը, իսկ 43-ում՝ Դավիթ Միքայելյանը: Վատ հանդես չեկավ նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սարգիս Անտոնյանը: Իսկ 50 կգ քաշային կարգում Մոնթե Հայրապետյանն ու Աշոտ Կոստանյանը հավասար էին և միասին արժանացան 1-ին մրցանակի, երկրորդ տեղը բաժին հասավ Գևորգ Սարգսյանին: Ամենաբարձր 56 կգ քաշային կարգում Արման Մարգարյանը մրցակից չունեցավ:
Խաղերի մրցավարները՝ 2 թիմերի մարզիչներ Տարոն Պողոսյանն ու Վրեժ Սարգսյանը և դպրոցի տնօրենը շնորհավորեցին մարզիկներին և հաղթանակի, և գեղեցիկ պայքարի համր՝ մաղթելով ավելի մեծ մրցագորգերում հաղթանակ: Մրցույթից հետո զրուցեցի մարզիկների հետ: Աշոտ Կոստանյանն ու Մոնթե Հայրապետյանը մտերիմ ընկերներ են: Մոնթեն սովորում է Կովսականի Թ. Կրպեյանի անվ. միջն. դպրոցի 10-րդ դասարանում:
Արդեն 4 տարի է, ինչ ձյուդոյի խմբակում է, որոշ ժամանակ առողջական խնդիր է ունեցել, դադարեցրել է մարզումները: Արդեն լավ է իրեն զգում և նորից թիմի կազմում է. այսօր էլ լավ հանդես եկավ: Ասաց, դեռ չի որոշել հետագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց սպորտով զբաղվելու է: Աշոտը սովորում է Վուրգավանի դպրոցի 12-րդ դասարանում: Ձյուդոյով զբաղվում է արդեն 7 տարի, տարել է մի շարք հաղթանակներ նաև հանրապետական մրցույթներում: Խաղում է նաև ֆուտբոլ և ընդգրկված է շրջանի ֆուտբոլի հավաքականում: Գևորգ Սարգսյանը սովորում է Ուռեկանի միջն. դպրոցի 11-րդ դասարանում, թիմակից Աշոտի հետ նա նույնպես հաղթանակներ շատ է տարել մարզումների 7 տարիների ընթացքում: Հետագա անելիքը դեռ չի որոշել, բայց կշարունակի սովորել: Հրաժեշտ եմ տալիս մեր ձյուդոիստներին` հայրենիքի վաղվա պաշտպաններին՝ հավատով, որ կգա օրը, և մեր՝ աշխարհի ամենաարժանի երեխաները կունենան լավ մարզադպրոց ու գույք, հնարավորություն՝ ավելի լավ մարզվելու համար:
Զոհրաբ Ըռքոյան