Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ ԵՏՄ միասնական արժույթի ներդրումը կնպաստի միության անդամ երկրների միջեւ ծառայությունների, ապրանքների եւ կապիտալի տեղաշարժման հեշտացմանը:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ: Նա ասաց, որ Եվրամիությունում կապիտալի տեղաշարժը շատ հեշտ է տեղի ունենում, քանի որ, երբ գործ են ունենում միասնական արժույթի հետ այդ խնդիրը լուծվում է. «Մի կուրսից մյուսն անցնելու, տատանումներ առաջանալու հարցերն այդպես վերանում են: Բայց այստեղ մի խնդիր գոյություն ունի. Եթե մի երկրում կան բարձր գներ, մյուս երկրներում էլ այդ բարձր գները փոխանցվում են: Իսկ ինչ վերաբերում է կապիտալներին եւ այդ գործարքների ամբողջ համակարգին՝ միասնական համակարգը միասնական է գործում, ամեն ինչ դրա համար է կատարում»:
Տնտեսագետը համարում է, որ ԵՏՄ երկրների կենտրոնական բանկերի համագործակցության ուժեղացնելու գործընթացում խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ տարբեր երկրների կենտրոնական բանկերը, տարբեր համակարգով են կառավարվում: Նա նկատեց, որ Սովետական միությունում եւս միասնական արժույթ է եղել, բայց Հայաստանը կարողացել է ավելի շատ գումարներ ներգրավել. «ԵՏՄ շուկայական պայմաններում դա ավելի դժվար կարող է լինել, բայց այնուամենայնիվ, կենտրոնական բանկն իր գործառույթները կորցնելու է, այդ առումով դա բացասական է: Ես ֆինանսական ինքնիշխանության խնդիրն եմ բարձրացնում, քանի որ միասնական արժույթի դեպքում կենտրոնական բանկը չի կարող ֆինանսական անկախ քաղաքականություն դրամավարկային ոլորտում վարել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
թե չէ Հայաստանի Կենտրոնական Բանկը ֆինանսական անկախ գործառույթներ է իրականացնում:
Հայաստանի Կենտրոնական Բանկը իրականացնում է ՄՎՖ-ի ուղղակի հրահանգները: