Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստները սոցիալական արդարություն են ուզում հաստատել Արցախում

Ապրիլ 03,2015 21:50
komunist

ԼՂՀ կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում սոցիալիզմ, արդարություն, աշխատանք, ամեն ինչ ժողովրդի համար, ժողովրդի հետ գաղափարախոսություններն են: Կոմունիստական կուսակցության նախընտրական խոստումներից է սոցիալական արդարության, խորհրդային կրթական համակարգը, մշակույթի վերականգնումը:

«Այնպես պետք է անենք, որ Արեւմուտքը մեզնից մշակույթ սովորի, մենք դարավոր մշակույթ ունենք: Ամեն տարի Արեւմուտքը ցեղասպանության հարցն է խփում, թե ճանաչելու ենք, Ամերիկայի յուրաքանչյուր նախագահ նախընտրական խոստում է տալիս՝ կընդունեմ, բայց նրանք ոչ Ղարաբաղի հարցը կլուծեն, ոչ էլ ցեղասպանությունը կճանաչեն»,- Aravot.am-ին ասաց կոմկուսի գլխավոր քարտուղար Հրանտ Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Ղարաբաղում մայիսի երեքին խորհրդարանական ընտրություններ են նշանակված:

Անդրադառնալով քննադատությանը, թե Արցախում ընդդիմություն չկա, պառակտված են, Հրանտ Մելքումյանը շարունակեց. «Ղարաբաղը Հայաստանի նման չէ, մեր գյուղերում են թնդանոթները դրված, եթե այստեղ խրտնեցինք, թուրքերը ոտքի տակ են տալու: Պայմանավորվել ենք իրար «պադնոշկա» չտանք»:

Հետո ասաց, որ թե Արցախում, թե Հայաստանում միայն երկու կուսակցություն կա՝ կոմունիստականը ու Դաշնակցությունը. «Մնացածը խմբավորումներ են, կուսակցություններ չկան: ԲՀԿ-ի օրինակը ձեզ ապացույց, հենց քաղաքական առաջնորդը մի կողմ է քաշվում, կուսակցությունը փլուզվում է»:

Նրա խոսքով, ով խոսում է Արցախում ընդդիմության բացակայության մասին, ոչ մի բան էլ չի հասկանում. «Ընդդիմություն կա, բայց ընդդիմության գործունեությունը ոչ թե հայհոյանքի, այլ գաղափարախոսության հիման վրա է: Ոչ թե խնդիր ունենք իրար հետ խոսելու, այլ ամեն մեկն իր թեզն է  առաջ տանում: Մենք կռվող պետություն ենք, եթե իրարից բաժանվենք, մեզ առանձին-առանձին կուտեն, այդքանը հասկանում ենք՝ թե ընդդիմություն, թե իշխանություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930