Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի սպանված եղբոր՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի կնոջ շահերը ներկայացնող փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Թամարա Յայլոյանը, ինչպես նաև ռեկտորի քույրը մամուլի ասուլիս էին հրավիրել: Վերջիններս քննադատել էին վարույթն իրականացնող մարմնին՝ սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վերաորակավորելու, դիտավորյալ սպանությունը «Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության» փոխելու համար:
Վերջիններս նաև պնդում էին, որ Հարություն Գրիգորյանի ու Արման Կատունյանի կինը երկկողմ հարաբերությունների մեջ են եղել և իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե տուժողը հետապնդել է նրա կնոջը:
Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, պատասխանելով տուժողի կողմի ներկայացուցիչներին, ասաց. «Նախ կցանկանայի նշել, որ բացարձակապես համաձայն չեմ տուժող կողմի ներկայացուցիչների այն պնդումներին, թե նախաքննությունն ինչ-որ փուլից սկսել է ընթանալ ոչ օբյեկտիվ: Առավել քան համոզված եմ, որ մինչ այս պահը նախաքննական մարմինը գործում է օրինական ու քննությունն իրականացնում է օբյեկտիվության սկզբունքի պահպանմամբ: Ստիպված եմ արձանագրել նաև, որ տուժող կողմի հնչեցրած պնդումները, ինչպես նաև վերլուծությունները իրականությանը չեն համապատասխանում: Կարծում եմ դրա պատճառն այն է, որ տուժող կողմի ներկայացուցիչները չեն տիրապետում քրեական գործի քննությամբ պարզված փաստական հանգամանքներին, թեև դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու պարագայում շատ հանգամանքների մասին տուժող կողմը կարող էր ծանոթանալ, ինչը հնարավորություն կտար իրենց սխալ դատողություններ չկատարել:
Մասնավորապես տուժող կողմի ներկայացուցիչները հայտարարել են, թե բացառվում է, որ Արման Կատունյանը գործած լինի հոգեբանական աֆեկտի վիճակում, քանի որ տուժողի հետ հանդիպման է գնացել՝ իր հետ նախապես վերցնելով ատրճանակը: Միայն եզրակացությանը ծանոթանալու պարագայում նրանք կպարզեին, որ Արման Կատունյանը զինված չի գնացել տուժողի հետ հանդիպման, այլ ընդհակառակը՝ ատրճանակը գտնվել է տուժողի ավտոմեքենայի հետևի նստատեղին: Տուժող կողմի ներկայացուցիչներն իրենց դատողությունները կառուցել են նաև այն փաստի վրա, թե իբր Արման Կատունյանը հետապնդել է տուժողին, ապա հասել նրան Գետք գյուղի հատվածում: Մինչդեռ ապացուցված փաստ է, որ բախտագուշակի մոտից վերադառնալիս հենց տուժողն է զանգահարել Ա.Կատունյանին ու հրավիրել հանդիպման: Բացի այդ տուժող կողմի ներկայացուցիչները դատողություններ էին կատարում Ա.Կատունյանի մոտ հետաֆեկտին բնորոշ վարքագծի վերաբերյալ, նշելով, թե սպանությունից հետո վերջինս ակտիվ գործողությունների է դիմել:
Կարդացեք նաև
Մինչդեռ փորձագետի եզրակացությանը ծանոթ լինելու պարագայում, որտեղ մանրամասն շարադրված են նաև գործում առկա առանցքային բոլոր ցուցմունքները, տուժող կողմի ներկայացուցիչները կպարզեին, որ Ա.Կատունյանը դեպքից հետո որոշակի ժամանակ գտնվել է հետաֆեկտային վիճակում: Ինչ վերաբերում է Արման Կատունյանի կնոջ ու տուժողի միջև եղած ենթադրյալ սիրավեպին, ապա, իմ կարծիքով, այս հարցն անընդհատ փորձ է կատարվում շահարկման առարկա դարձնել այն պատճառով, որ գործի իրավական լուծման համար իրական նշանակություն ունեցող հակափաստարկներ պարզապես չկան: Հենց այդ պատճառով էլ ենթադրյալ «սիրավեպի» հետ կապված հարցերին անգամ հարկ չեմ համարում անդրադառնալ, քանի որ Ա.Կատունյանի արարքի իրավական որակման հետ այդ հարցը որևէ կապ չունի»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ