Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալություն էր կազմակերպել սոցիալական ներառում թեմայով վեհաժողովի մասնակիցների համար: Վեհաժողովով եզրափակվում է երկու ամիս տեւողությամբ ծրագիրը, որին մասնակցում էին ավելի քան հազար դպրոցականներ:
Ծրագիրը մեկնարկել է փետրվարին, երբ ավագ դպրոցի 50 ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների՝ ինչպես ներառել «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր «Հրաշք» վեպը իրենց ծրագրերում: Գրքի գլխավոր հերոսը՝ Օգին, դիմային արատներ ունի եւ տարրական դպրոցի ծրագիրը տնային պայմաններում է սերտել: 5-րդ դասարանում նա առաջին անգամ է դպրոց գնում, գրքում ներկայացված են տղայի՝ դպրոցում ունեցած դժվարությունները:
Մեզ հետ զրույցում Ալավերդու թիվ 8 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Կարինե Մաշինյանն ասաց, որ դա միայն ուսուցչի աշխատանքը չէ. պետք է նաեւ ընդգրկել ծնողներին եւ հասարակությանը, որպեսզի բոլորի մոտ կարծիք ձեւավորի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ սովորական մարդիկ են եւ ունեն հավասար իրավունքներ. «Սկզբում դպրոցում նման խնդիրներ առաջանում էին, բայց այսպիսի միջոցառումները կխթանեն, որ այլեւս նման խնդիրներ չառաջանան: Մինչեւ այդ մենք էլ էինք փորձում ինքնուրույն որոշակի խնդիրներ լուծել, բայց այս գիրքը իսկապես հրաշք եմ համարում, որովհետեւ ամբողջ դպրոցում է շրջում, բոլորի մտածելակերպի վրա դրական ազդեցություն է ունեցել: Շրջակա դպրոցները սպասում են, որ մենք ավարտենք, գիրքն իրենց փոխանցենք»:
Նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սուրեն Սիմոնյանը խոստովանեց, որ «Հրաշք» վեպը փոխել է իր ամբողջ ներաշխարհը. «Սկզբում նրանց, ճիշտ է, չէի առանձնացնում, բայց շփումն այնքան էլ մեծ չէր: Սակայն, գիրքը կարդալուց հետո, մեր հերոսի կերպարն ուսումնասիրելուց հետո իմ մեջ միտք արթնացավ, որ պետք չէ նրանց մեկուսացնել, ընդհակառակը՝ պետք է նրանց շրջապատել եւ ջերմություն տալ»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Ալավերդու թիվ 8 դպրոցում հաշվառված է հատուկ կարիքներ ունեցող 8 աշակերտ, որոնցից մեկն իր ընկերն է. «Գիրքը շատ հետաքրքիր էր կազմված եւ հեշտ մարսելի էր: Ես գիրք կարդալիս փորձում եմ կերպարների մեջ մտնել, հասկանալ նրանց հոգեբանությունը՝ անկախ նրանից դրակա՞ն են, թե՞ բացասական: Մեր գրքում յուրաքանչյուրի տեսակետն առանձին-առանձին էր ներկայացված: Շատ կուզենամ հանդիպել Օգիի հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ