Լեհաստանում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը վերլուծելուց առաջ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Այս առաջնությունը մեր եւ մյուս ազգային ֆեդերացիաների համար անակնկալներով սկսվեց, քանի որ միջազգային ֆեդերացիան որոշել էր փորձարկումներ անել՝ կանոնակարգում որոշակի փոփոխություններ մտցնելով: Դրանց մասին միջազգային ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել էր մեկնարկից մեկ շաբաթ առաջ:
Մասնավորապես, առաջարկվել էր վերացնել չորեքթաթ դրությունը եւ միավորների շնորհման կարգում որոշակի փոփոխություններ կատարել: Մինչեւ մրցումների մեկնարկը նիստ հրավիրվեց, որի ժամանակ բացատրեցին նոր օրենքները: Դրանից հետո ես ելույթ ունեցա եւ արտահայտեցի մեր անհամաձայնությունն առաջարկվող փոփոխություններին՝ հիմնավորելով, որ ըմբշամարտը կկորցնի դիտարժանությունը եւ կմեծանա նաեւ պատահականությունների հավանականությունը: Իմ ելույթն արժանացավ Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչի եւ ազգային ֆեդերացիաների հավանությանը: Արդյունքում առաջնության վերջին օրը հրավիրված բյուրոյի նիստում որոշվեց, որ այդ փոփոխությունները չեն տարածվի մեծահասակների մրցումների վրա, մասնավորապես, այս աշնանը կայանալիք աշխարհի առաջնության», – տեղեկացրեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ