Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի քույրը՝ Սիրանուշ Բալոյանը, այսօր փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանի ու Թամարա Յայոլյանի հետ մամուլի ասուլիս էր տալիս իր եղբոր՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության գործի շուրջ: Նա պնդում էր, որ իր եղբոր ու սպանության մեջ կասկածվող Կատունյանների ընտանիքները, որոնք հարևաններ են, մոտ հարաբերությունների մեջ են եղել: Այս երկու ընտանիքները ընտանեկան միջոցառումների, կերուխումների միշտ մասնակցել են: Ըստ տիկնոջ, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իր եղբայրը հետապնդել է Արման Կատունյանի կնոջը: Նրա հայտարարելով, նրանց հարաբերությունները եղել են երկկողմանի, սկսվել են առնվազն 3-4 տարի առաջ:
«Ես չգիտեմ՝ ինչպե՞ս կարելի է մտացածին վարկածներ առաջ քաշել, թե սա եղել է հետապնդում Կատունյանի կնոջ հանդեպ: Նրանք երկար ժամանակ հանդիպել են, եթե հետապնդում էր Հարությունը իր կնոջը, ինչպե՞ս կարող էր ինքը էդքան ժամանակ չդիմել իրավապահներին: Հարությունին ասել են, թե քեզ գիր ու թուղթ է արված ու խորհուրդ են տվել գնալ Արմավիրի մարզ՝ գրբացի մոտ: Ինքը գնացել է դեպքի օրը, իր մեքենայի հետնամասում եղել է մի հատ վերնաշապիկ, լավաշ, հաց, աղ, մեկ էլ սրբի նկար, էլ ոչ մի բան: Էդ բոլորը համապատասխան օրգանները նկարել են, ցուցադրել են: Իսկ ինչ մնում է կատարված սպանությանը, ես չլինելով իրավաբան, համոզված եմ, որ սա կանխամտածված սպանություն է, բացառվում է աֆեկտի տակ սպանություն կատարելը», -ասաց սպանվածի քույրը՝ արդար պատիժ պահանջելով երկրի նախագահի, դատախազից, քննչական կոմիտեի ղեկավարից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ