Քիչ առաջ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի սպանված եղբոր՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանի կնոջ շահերը ներկայացնող փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Թամարա Յայլոյանը, ինչպես նաև ռեկտորի քույրը մամուլի ասուլիս էին հրավիրել: Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ կատարված այս սպանության մեջ կասկածվում է ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի այժմ արդեն նախկին պետ, 37-ամյա Արման Կատունյանը, որը և սպանվածի հարևանն է:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ասուլիսի սկզբում անդրադարձավ Արման Կատունյանի մեղադրանքը վերաորակավորելու փաստին: Վերջինիս սկզբում մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանություն կատարելու ու ապօրինի զենք պահելու համար, սակայն օրերս փոխվել էր՝ վերաորկավորվելով որպես «Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն» : Փոխվել է նաև նրա խափանման միջոցը. Արման Կատունյանին ազատ են արձակել՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով: Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց իր դժգոհությունն՝ ասելով. «Սկզբում մեղադրանքը ձևակերպված էր այն կերպ, որ Կատունյանը դեպքի օրը ժամը 11-ի սահմաններում Հարություն Գրիգորյանի հետ նրա ու իր կնոջ ինտիմ հարաբերությունները պարզաբանելու նպատակով հանդիպել են Գետք համայնքի տարածքում և իր մոտ ապօրինի պահվող, նախապես վերցված զենքով 7 անգամ կրակել և դիտավորությամբ կյանքից զրկել էր Հարություն Գրիգորյանին: Նախաքննության հենց սկզբնական փուլից ես հանդիսացել եմ տուժողի իրավահաջորդը՝ Նելլի Օհանյանի ներկայացուցիչը, և սկզբնական փուլում գործի քննությունը կարծես թե իրականացվում էր, ըստ իս, օբյեկտիվ և բազմակողմանի: Սակայն հետագայում, երբ փորձագետի եզրակացությունները ստացվեցին, տեղի ունեցավ անսպասելին: Նախաքննական մարմինը, ստանալով դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, համարեց այն բավարար չափով հիմնավորված: Եվ, և ըստ դրա, քանի որ փորձագետները եկել էին այն հետևության, որ Արման Կատունյանի մոտ առկա է աֆեկտ, նրա գործողությունները որակեցին որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն և միաժամանակ փոխեցին նաև նրա խափանման միջոցը՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանը դժգոհեց, որ դրանից հետո, երբ տուժող կողմը ցանկություն է հայտնել մանրամասն ծանոթանալու այդ եզրակացությանը, վարույթն իրականացնող մարմինը սկսել է արգելքներ ստեղծել ու հնարավորություն չտալ՝ չտրամադրելով դրա պատճենը: «Եթե նախաքննական մարմինը համոզված լիներ այդ փորձագետի եզրակացության օբյեկտիվության մեջ, ապա նրան որևիցե բան չէր խանգարի դա տրամադրել նաև տուժողի կողմին: Այդուհանդերձ ինձ հաջողվեց որոշակի չափով ծանոթանալ այդ եզրակացությանը և իմ անհամաձայնությունը հայտնել դրա վերաբերյալ՝ բողոքներով և առանձին միջնորդություններով: Միջնորդությունները, երբ սկսվեցին ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, նրանք անմիջապես փորձեցին տեղեկացնել մեզ նախաքննության ավարտման մասին»,- շարունակեց Լիպարիտ Սիմոնյանը:
Նա ասաց, որ Հարություն Գրիգորյանի այրին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին, դեռ պատասխան չեն ստացել: «Միայն բերեմ այն փաստը հոգեկան խիստ հուզմունքի բացակայության առումով. անձը գնում է հանդիպման Հարություն Գրիգորյանի հետ իր մոտ պահված ապօրինի զենքով: Արդեն էդ մարդը գնում է հարց պարզելու և ապօրինի զենքով գնալու նպատակը կարող էր մի բան լինել. դա օգտագործելը, հետևապես աֆեկտի հարցը կարծես թե այստեղից դուրս է գալիս: Հաջորդը. փորձագետը նշում է այն հանգամանքը, որ դեպքից հետո, կատարումից հետո նրա մոտ եղել է աֆեկտի փուլերից վերջինը՝ ուժասպառումը: Բայց եթե նայենք գործի փաստական տվյալներին այնքանով, որքանով որ տուժող կողմը հնարավորություն է ունեցել ծանոթանալու, թեկուզ նախաքննական մարմնի որոշումներից երևում է, որ դեպքից հետո տուժողը թաքցրել է ապօրինի զենքը և կարողացել է հատել Հայաստանի սահմանը Բավրայի անցակետից: Դա տեղի է ունեցել րոպեների, առնվազն մեկ ժամվա ընթացքում: Բավական մեծ տարածություն է, և մեքենան ինքը պիտի վարեր , ուժասպառությունը նրան էդ հնարավորությունը չէր տա նաև գիտակցելու զենքը պահելու մասին: Վերջին հաշվով , երբ որ եկել է , ներկայացել է, ինքն է ցույց տվել զենքի տեղը:Վերջին հաշվով այստեղ հիշողության կորստի խնդիր է առաջանում աֆեկտի հետ կապված: Հետևապես և էդ ուժասպառումն էլ է տվյալ դեպքում բացակայում, այնինչ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական գրականության մեջ ուժասպառումը նաև էնպիսի իրավիճակ է նկարագրում, որ անձը ինքնուրույն գործողություններ չէր կարող կատարել: Իսկ եթե օգնողներն են եղել էդ պահին նրան, ապա այդ մասին մենք տեղեկություն չունենք: Իսկ վարույթն իրականացնող մարմինը նման քննություն չի կատարել: Հետևապես նշեմ, որ անկախ ամեն ինչից այս պայմաններում գործը ուղարկել դատարան, տուժող կողմը հակված է մինչև վերջ պայքարելու», -հայտարարեց Լիպարիտ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Փաստաբան Թամարա Յայոլյանը, որը նոր է ընդգրկվել այս գործում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, հայտարարեց, որ մեղադրյալ Արման Կատունյանի կինը օրագիր է պահել, որը առգրավված ու կցված է քրեական գործին: Այնտեղ, ըստ փաստաբանի, որոշակի հանգամանքներ և փաստեր կան նշված վերջիններիս ինտիմ հարաբերություններից: «Այդ օրագրում նշվածները չենք մանրամասնի, գործի նյութին ծանոթանալուց հետո կհրապարկենք, թե ինչ կա այնտեղ նշված ու գրված, որը կապացուցի՝ որը ինչ չափով է մեղավոր և ինչի համար է մեղավոր»,- ասաց Թամարա Յայլոյանը: Ըստ Թամարա Յայլոյանի, իրենք այս թեմայի մասին ընդհանրապես չէին խոսի, քանի անձնական հարցեր են քննարկվում, և յուրաքանչյուր ոք անձնական կյանք ունենալու իրավունք ունի, բայց քանի որ քննարկվում է այնպես, որ այս ամենի մեջ մեղավորը Հարություն Գրիգորյանն է, ուրեմն պետք է օբյեկտիվ լինել ու ասել, որ փաստերը սխալ են ներկայացվում:
Փաստաբաններ Հարություն Գրիգորյանն ու Թամարա Յայլոյանը չեն բացառում, որ Արմեն Կատունյանին առաջադրված մեղադրանքի փոփոխությունը կապված է նրա ՝ ոստիկանության պաշտոնյա լինելու հետ: Նրանք պնդում են, որ Հարություն Գրիգորյանի ու Արման Կատունյանի կնոջ միջև սիրավեպ է եղել:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյո՞ք վերծանված են հեռախոսազրույցները, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց՝ այո: «Գործով տվյալներ են առկա, որ Հարություն Գրիգորյանի մերձավոր անձանցից մեկը երկու հեռախոսահամար է գնել, տվել Հարություն Գրիգորյանին, որոնցից մեկը օգտագործել է Կատունյանի կինը՝ Ջեմմա Խաչատրյանը, մյուսը՝ Հարություն Գրիգորյանը: Եվ հեռախոսները գտնվում են վարույթն իրականացնող մարմնի մոտ: Համենայնդեպս իմ կողմից միջնորդվել է այդ վերծանումները պահանջել, այդ միջնորդությունը բավարարվել է: Նաև անձիք են հարցաքննվել, ովքեր որ վկայել են Հարություն Գրիգորյանի և Ջեմմա Խաչատրյանի՝ տարիներ շարունակ ունեցած ինտիմ հարաբերությունների մասին, նաև առանձնանալու և այլն…»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Կատունյանի կինը հարցաքննվել է, սակայն իրենք չեն տիրապետում նրա ցուցմունքներին: Ըստ փաստաբանի, անտրամաբանական կլիներ, եթե այդ կինը չօգներ իր ամուսնուն գոնե ազատազրկումից փրկելու առմումով: Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ գործի տվյալներով, եղել են 7 կրակոցներ: Դրանցից 6-ը եղել են թիկունքից, մի կրակոցը կպել է Հարություն Գրիգորյանի ձեռքին , հետևաբար և ենթադրվում է, որ նա, զգալով իր կյանքին սպառնացող վտանգը, փորձել է փախչել, և թիկունքի հատվածից ստացել է վեց կրակոց: Ըստ փաստաբանի, դա էլ է խոսում այն մասին, որ չէր կարող աֆեկտ լինել:
Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը այն լուրերը, թե Արման Կատունյանի կինը ևս ներկա է գտնվել Գետքում դեպքի պահին, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, ըստ գործի տվյալների, նա ներկա է գտնվել: «Թե ինչ դերակատարություն է ունեցել էս պահին, ուղղակի ես չեմ կարող ասել, որովհետև չունեմ դրա մասին ինֆորմացիա, դրա մասին կարող եմ նշել ծանոթանալուց հետո»:
Aravot.am-ի այն հարցին,թե ինչո՞ւ է հատկապես Գետքը ընտրվել որպես սպանության վայր, Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ, ըստ Նելլի Օհանյանի ցուցմունքների, իր ամուսինը պիտի գնար Արմավիր ինչ-որ բախտագուշակի հետ հանդիպելու, Արման Կատունյանը նրան հետապնդել է ու այնպես է ստացվել, որ նրանց հանդիպումը տեղի է ունեցել Գետքում: Թեև ըստ Լիպարիտ Սիմոնյանի, նախաքննական մարմնի վարկածով, նրանք իբրև պայմանավորվել են հանդիպել Գետքում: «Սակայն, երբ Հարություն Գրիգորյանը տանից դուրս է եկել, բախտագուշակի մոտ գնալու համար ինչ-որ ատրիբուտներ կան, դրանք է հետը տարել, որոնք հայտնաբերվել են նրա մեքենայի մեջ այն զննելու ժամանակ», -ասաց փաստաբանը: Վերջում փաստաբանը մեկ անգամ ևս նեղվեց, թե փորձագետի եզրակացությունը ընթերցելով` այն տպավորությունն է ստանում, թե այն հիմնված է Կատունյանի անձի վերլուծությանը և կարծես այդ գործով այլ անձինք չեն հարցաքննվել: Նրանց մի կողմ են թողել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ