Հանրապետականների ընկերություններում տեղի ունեցող հարկային ստուգումները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել. որոշ ընդդիմադիր գործիչներ կարծում են, թե դրանք ձեւական են, իբր Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ անելուց հետո, ցույց են տալիս, որ յուրայիններին էլ են ստուգում:
Հիշեցնենք, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարել Աշոտ Աղաբաբյանի, Հակոբ Հակոբյանի բիզնեսներում, ստուգվում է նաեւ Գարեգին Նուշիկյանի ընկերությունը: Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում ստուգման արդյունքում 60 միլիոն դրամ տուգանք է նշանակվել. Աղաբաբյանը դատական հայցով փորձում է վիճարկել տուգանքի նշանակման օրինականությունը:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հարկային ստուգումներն, ընդհանրապես, Հայաստանում համարվում են ավելի շատ «մահակ» տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, քան տնտեսաիրավական գործիք: «Տնտեսական նման անվստահության մթնոլորտում հարկային ստուգումները, նույնիսկ ամենաազնիվ մղումների պարագայում, ավելի շատ առաջացնում են անվստահության լրացուցիչ մթնոլորտ` բիզնեսի համար հավելյալ խոչընդոտներ ստեղծելու նպատակով: Սակայն ստվերային տնտեսության նման պայմաններում, ակնհայտ է, որ բազմաթիվ ընկերություններում առկա են հարկային խնդիրներ եւ հարկային ցանկացած ստուգում հնարավորություն ունի նպաստել ստվերային տնտեսության նվազմանը»,-ասաց Առաքելյանը:
Մեր այն հարցին` այս ստուգումներով իշխանությունը փորձում է ցույց տալ, որ յուրայիննե՞րն էլ են հարկայինի «խոշորացույցի» տակ, թե՞ ձեւական են, պարոն Առաքելյանն ասաց, որ կարևոր է ոչ թե հարկային ստուգման փաստը, այլ դրա հետեւանքը: Շատ հաճախ հարկային ստուգումն, ըստ Առաքելյանի, առաջացնում է լրացուցիչ ստվեր տնտեսությունում, իսկ եթե դրա արդյունքում ավելանում են բյուջեի մուտքերը եւ ստուգումը հիմնավոր է, դա միայն ողջունելի է:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն դիտարկմանը` կարծիք կա, որ այդ ստուգումները խոսում են այն մասին, որ իշխանությունները լուրջ խնդիր ունեն հարկային մուտքերի հետ, ուստի որոշել են չխնայել նաեւ հանրապետականներին, տնտեսագետն այսպես պատասխանեց. «Բյուջետային մուտքերի հավաքագրման ծավալները նվազում են եւ առաջիկայում կանխատեսումները ավելի բացասական են, քանի որ վերջին ամիսներին տնտեսության վատթարացումը հարկերի հավաքագրման լուրջ խնդիրներ է առաջացնելու: Այդ պարագայում, բնական է, որ փորձ է արվում կրճատել ստվերային տնտեսությունը` արտոնություններից զրկելով բազմաթիվ արտոնյալ տնտեսվարողների: Ցավալի է, որ ստվերի դեմ պայքարը կրում է պարտադրված, եւ ոչ թե շարունակական եւ հետեւողական բնույթ»:
Արդյոք տեղի՞ն է Աշոտ Աղաբաբյանի դժգոհությունը, միթե հանրապետականները հարկային դաշտում անձեռնմխելի են, որ վերջինս դժգոհություն է արտահայտում, պարոն Առաքելյանն ասաց. «Ընդհանրապես, մեր հարկային համակարգը բավական բարդ է, եւ երևույթներին տալ միանշանակ գնահատական բավական դժվար է: Այս ամենը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ պետական կառույցների մոտ: Արդյունքում փոխադարձ դժգոհությունները, վեճերը ավելի են խորացնում տնտեսական անվստահության մթնոլորտը: Անհրաժեշտ է իրականացնել առավելագույն պարզ, թափանցիկ, եւ որ ամենակարևորն է, երկարաժամկետ հատվածում փոփոխությունների չենթարկվող բարեփոխումներ: Միայն այդ դեպքում կունենանք վստահության հարկային համակարգի, բիզնես միջավայրի նկատմամբ, ինչը կնպաստի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրումների աճին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ