Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ապրիլ 03,2015 18:22

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Նախ՝ «Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և առկա խնդիրների մասին»  զեկուցեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  Վահան Պողոսյանը: Նա նշեց, որ 2012-ից մինչ այսօր առողջական խնդիրներով նախարարությանը դիմել է 1128 սիրիահայ, որոնց անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվել: 2015թ. առաջին եռամսյակում սպասարկվել է 170 սիրիահայ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Թվերը տպավորիչ էին: Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ անվճար բուժօգնություն ստացածների թիվը գրեթե կրկնապատկվել է: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել առողջապահական համակարգին, նախարարությանը, որ երբեք որևէ բարդություն չի ստեղծել, և մեծագույն գործ է կատարվել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն սիրիահայ բժիշկներին, ովքեր ամեն շաբաթ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում ընդունում են հիվանդներին և անվճար խորհրդատվություն են տրամադրում: Մեծապես գնահատում եմ այդ կամավոր աշխատանքը, որը նաև թեթևացնում է առողջապահության համակարգի հոգսը»:

Հաջորդը զեկուցեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Նա ներկայացրեց  սիրիահայերին ցուցաբերած աջակցությունը և այդ ուղղությամբ նախատեսված ծրագրերը, նշելով, որ  հաշվի առնելով սիրիահայերի հոսքը և նրանց խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունը՝ իրականացվում են մի շարք ծրագրեր՝  սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, այլ պետական և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հատկապես հաշմանդամ սիրիահայերի հաշվառումը, տարբեր տարիքային խմբերի երեխաների խնդիրների տարբերակումը և հոգեբանական բարձրորակ խորհրդատվությունը:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցեց «Քեսաբ» հայրենակցական միավորման ՀԿ նախագահ Գեղամ Սարմազյանը, ով նախապես ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները և նախատեսվող ծրագրերը: Քեսաբում տիրող ներկա իրավիճակի մասին հարցին պատասխանեց քեսաբցի նշանավոր գիտնական, մանկավարժ, գրող Հակոբ Չոլաքյանը, ով 2014թ. մարտին, Քեսաբի դեպքերից հետո Հայաստան է տեղափոխվել և դասավանդում է ԵՊՀ–ում: Նա նշեց, որ Քեսաբի ազատագրումից հետո բնակչության 80 տոկոսը՝ մոտ 700 հոգի, վերադարձել է և բնակվում է ավանում ու շրջակա 11 գյուղերում:

Ամփոփելով նիստը՝ նախարար Հակոբյանը կարևորեց հասարակական կառույցների կատարած աշխատանքը, որոնք ամեն ինչ անում են մեր հայրենակիցներին օգնելու համար և շատ կուզեի, որ միջազգային կառույցներն ավելի շատ համագործակցեն նրանց հետ: Նախարարը խնդրեց և հորդորեց բոլորին՝ առանձնապես նրբանկատ և հատուկ վերաբերմունք ունենալ մեր հայրենակիցների՝ սիրիահայերի, իրաքահայերի, ուկրաինահայերի նկատմամբ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930