Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետի դուստրն ու խնամին հաղթեցին նաեւ Վերաքննիչ դատարանում

Ապրիլ 03,2015 17:54

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ավարտվեց քաղաքացիներ Լեմբերիկ Խաչատրյանի, Սուսաննա Դավթյանի բողոքի քննությունը:

Վերաքննիչ դատարանը մերժեց նրանց բողոքը եւ ուժի մեջ թողեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 28-ի վճիռը:Նախագահող դատավորն էր Մ. Հարթենյանը:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը՝ Նարինե Սարգսյանը եւ խնամին՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, որոնց շահերը ներկայացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սարգսյանը, դիմել էին առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ քաղաքացիների, եւ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջի մասին:

Նրանք խնդրել էին դատարանից «Առավոտ» եւ Aravot.am-ին պարտավորեցնել «հերքել տարածված ապատեղեկատվությունը, դատավարության ընթացքում ներկայացված հերքման տեքստը հրապարակելու միջոցով պարտավորեցնել պատասխանողներին, յուրաքանչյուր հայցվորին վճարել 3 000 000-ական դրամ գումար, զրպարտության համար, 250 000-ական դրամ՝ փաստաբանի վարձատրության գումարը, 16 հազար դրամը՝ պետտուրքի»:

Հայցվոր կողմը դատարանին հայտնել էր, թե առաջին ատյանի դատարանը իրենց հայցը բավարարել էր մասնակի, վերոհիշյալ քաղաքացիներին պարտավորեցրել էր լրատվամիջոցով, հրապարակայնորեն հերքելու տարածված տեղեկատվությունը եւ հերքման տեքստը տեղադրելու օրաթերթում:

Բողոքաբեր քաղաքացիները վերաքննիչ դատարանում հայտնել էին, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խախտել է իրենց նյութական եւ դատավարական պահանջները:

Ըստ նրանց, վիճարկվող հրապարակումն առնչվել է քաղաքապետի թույլտվությամբ, իրենց բնակելի շենքի հարեւանությամբ հողամասի վերջնամասում ավտոտնակի կառուցման հետ:

Ավտոտնակի սեփականաշնորհման գործընթացը վերսկսելու ժամանակ պարզվել է, որ այդ ավտոտնակը ընդգրկված է Սուվարյանի եւ հարեւաններից երկուսի ընդհանուր հողատարածքում:

Ըստ Լ. Խաչատրյանի եւ Ս.Դավթյանի բողոքի. «Քաղաքապետի որոշումը վերաբերում է ոչ միայն Հրանտ Սուվարյանին, այլեւ նշված հասցեի համասեփականատերեր Ա. Խաչատրյանին եւ Հ. Եղոյանին, որոնց մասին հոդվածում որեւէ նշում չկա, իսկ ըստ կադաստրային գործի տվյալների, նրանց կողմից կառուցված քարե շինությունը՝ ավտոտնակը կառուցվել է Ա. Խաչատրյանի հողամասում, եւ վերջինս ժամանակին տվել է իր համաձայնությունը, ոչ միայն ավտոտնակի կառուցման, այլ պատասխանողների անվամբ սեփականաշնորհելու համար: Ասել է, թե Հրանտ Սուվարյանը ավտոտնակի հետ կապված որեւէ առնչություն չունի»:

Դատարանն իր իրավական գնահատականներում հանգել էր նրան, որ «Առավոտի» անցյալ տարվա փետրվարի 7-ին տպագրված ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հոդվածում քաղաքացիները մեր լրատվամիջոցին պատմել էին, թե ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իրենց ունեցվածքին: «Ինձ թվում էր, թե որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող պետք է այս գործին ընթացք տար, եւ ասեր՝ աղջիկ ջան, փեսա ջան, ձեր ախորժակները մի քիչ պակասեցրեք:Դրա համար նամակ ուղարկեցի նրան, ոչ մի արձագանք»,-ասել էր «Առավոտի» զրուցակիցը՝ Ս. Դավթյանը:

Վերաքննիչ դատարանը հանգել էր նրան, որ պատիվը, անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է: Այն անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսեւորումն է, որի գիտակցումն իր հերթին ներքին շարժառիթ է հանրության կողմից ընդունված բարոյական նորմերով, սոցիալական կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով ղեկավարվելու եւ դրանց պահանջները բավարարելու համար:

Ըստ վերաքննիչ դատարանի, օրենսդիրը, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանել, այն թողել է, յուրաքանչյուր կոնկրետ դեպքով դատարանի վրա, «Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930