Լրահոս
Օրվա լրահոսը

«Dasaran» կրթական ծրագրի կայքում կստեղծվի թանգարաններին նվիրված պաշտոնական էջ

Ապրիլ 03,2015 17:29

Դպրոց-թանգարան կապն ամրապնդելու, աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, համակողմանիորեն զարգացած սերնդի կրթմանն ու դաստիարակությանը նպաստելու համար այսօր ՀՀ մշակույթի նախարարության, «Նոր սերնդի դպրոց» և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց:

«Մասնավոր դաշտի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է դարձնում պետական կառույցների աշխատանքը,- ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:- Այս համագործակցությամբ մենք մտադիր ենք բարձրացնել թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը. միջնակարգ կրթություն ստացող երեխաները թանգարանների գործունեության մասին տեղեկատվության կարիք ունեն և պետք է նախնական պատկերացում ունենան, ծանոթ լինեն սեփական ժառանգությանը, մինչև թանգարան այցելելը»:

Ըստ ստորագրված հուշագրի՝ «Dasaran» կրթական ծրագրի կայքում կստեղծվի թանգարաններին նվիրված պաշտոնական էջ, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային արժեքների մասին տեղեկատվությամբ, հաղորդակից կլինեն ընթացիկ մշակութային կյանքին, կծանոթանան հայաստանյան թանգարանների դերին, նշանակությանը և գործունեությանը:

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի խոսքով՝ համագործակցության համար երեք կողմերն էլ մեծ աշխատանք են արել. «Նորարարական կրթությունը լայն հորիզոններ է բացում Հայաստանի ապագայի համար: Մենք կարևորում ենք երեխաների տաղանդը, աշխատասիրությունը և փորձում ենք բացահայտել նոր տաղանդներ: Այս նախաձեռնությունը յուրովի խթան է, որ երեխաները սիրով այցելեն մշակութային կենտրոններ: Համոզված եմ, որ կրթական ծրագրի կայքում այդօրինակ էջի ստեղծումը կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների գրագետ և նպատակային կիրառմանը, ինչպես նաև մտավոր ներուժի ու ստեղծագործական մտածողության զարգացմանը»,- ասաց Ս. Ալոյանը:

«ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ նախագահ Մարինե Հարոյանի դիտարկմամբ՝ մատաղ սերունդը թանգարանների ամենակարևոր թիրախային խմբերից է: Սակայն թանգարան-աշակերտ հարաբերությունները միջնորդավորված են, այսինքն՝ իրականացվում են ուսուցչի կամ ծնողի միջոցով, իսկ այս հարթակը, նրա խոսքով, թույլ կտա ոչ միջնորդավորված կապ հաստատել:

Ծրագրի հեղինակները, կարևորելով մշակութային-գեղագիտական դաստիարակության ոլորտում աշակերտների ակտիվ ներգրավվածությունը և ցուցաբերած հետաքրքրությունը, համաձայն հուշագրի, խրախուսելու են թանգարաններին նվիրված պաշտոնական էջի առավել ակտիվ մասնակից աշակերտներին՝ հնարավորություն տալով նրանց անվճար հիմունքով այցելել Հայաստանում գործող ու այս ծրագրին միացած թանգարաններ և մասնակցել ինտերակտիվ-ճանաչողական շրջայցերի:

Հավելենք նաև, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական ծախսերը հոգալու է «Dasaran» կրթական ծրագիրը, իսկ թանգարանի աշխատակիցներին վերապատրաստելու է «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930