2015 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) համակարգում աշխատող գիտության թեկնածուների և դոկտորների աշխատավարձը բարձրացել է գիտական աստիճանների համար տրվող հավելավճարը կրկնապատկելու պատճառով:
Այս մասին այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել Ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամը: Այս խողովակով համակարգի կազմակերպությունների 30 աշխատակից ստացել է 4,5 միլիոն դրամի նյութական օգնություն»,- իր զեկույցում նշեց Ռ. Մարտիրոսյանը:
Խոսելով ԳԱԱ-ի 2014 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին՝ Ռ. Մարտիրոսյանն առանձնացրեց Ակադեմիայում տեղի ունեցած հիշարժան երկու իրադարձություն՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային երրորդ մրցանակաբաշխությունը և ԳԱԱ նոր անդամների ընտրությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախորդ տարի Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի են արժանացել Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին:
Անդրադառնալով ընտրություններին՝ ՀՀ ԳԱԱ նախագահն ասաց, որ դրանք անցել են շատ կազմակերպված և բարձր մակարդակով: Արդյունքում ընտրվել են 9 ակադեմիկոս և 13 թղթակից անդամ: 2014-ին ներկայացված 100 թեկնածուներից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ են ընտրվել 17-ը:
Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների գիտական արդյունքներն արտացոլված են արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակված 782 հոդվածներում և 18 մենագրություններում:
Ինչ վերաբերում է միջազգային գիտատեխնիկական համագործակցությանը, Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի և Եվրոպական միության գիտատեխնիկական կենտրոնների հետ:
«Նախորդ տարի Բյուրականի աստղադիտարանի և «Ռուսկոսմոս»-ի հետ կնքված պայմանագրով նախատեսված տիեզերական մոնիտորների կայանը սկսել է իր աշխատանքները: Ավարտվել են նաև Բելառուսի գիտությունների ակադեմիայի հետ Սևանում համատեղ գիտատեխնիկական կենտրոնի ստեղծման կազմակերպչական աշխատանքները»,- տեղեկացրեց Ռ. Մարտիրոսյանը:
Ըստ ԳԱԱ նախագահի՝ 2014 թվականին բազային, թեմատիկ, նպատակային և այլ ծրագրերում գիտական հետազոտությունների իրականացման և դրանց աջակցության համար համակարգի ստորաբաժանումները պետական բյուջեից ստացել են 6248957,4 դրամ ֆինանսավորում: Պետբյուջեից աշխատավարձի ընդհանուր ֆոնդը կազմել է 5,4 միլիարդ դրամ, որն ամբողջ ֆինանսավորման 75%-ն է: Համակարգի աշխատողների ամսական միջին աշխատավարձը, մեկ մարդու հաշվով, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 104 հազար դրամ: Արտաբյուջետային ֆինանսների ծավալը հաշվետու տարում կազմել է 1 միլիոն 835 հազար 534 դրամ: Այս արդյունքը, Ռ. Մարտիրոսյանի խոսքով, վերջին հինգ տարիների առավելագույն ծավալն է, որն ստացել են կազմակերպությունները կիրառական բնույթի հետազոտություններն ավելի լավ կազմակերպելու արդյունքում:
Ռ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ԳԱԱ համակարգում ընդգրկված է 62 ակադեմիկոս և 60 թղթակից անդամ: Հունվարի 1-ի դրությամբ՝ ԳԱԱ աշխատողների ընդհանուր թիվը 4027 է, որոնցից 2450-ը գիտական աշխատողներ են, 327-ը՝ գիտության դոկտորներ, 1085-ը՝ գիտության թեկնածուներ, 1038-ը՝ գիտական աշխատողներ առանց գիտական աստիճանի:
Նշենք, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ և ուրիշներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ