Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հայ օլիգարխները «մոտ» չեն գնում «Նաիրիտին» 

Ապրիլ 03,2015 17:12

Եվ ինչո՞ւ է «կաշվի փոստը հոսում Թուրքիա» 

«Հարկային եւ վարկային ամնիստիա կիրառել. ինչո՞ւ միայն տնտեսվարողը տուժի, թող բանկն էլ տուժի: Վարկային մնացորդը դուրս գրեն ու նոր պայմաններով նոր վարկ տրամադրեն տնտեսվարողներին»,- այս առաջարկն այսօր, Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ առաջարկեց «Գոլդեն լիփ» ընկերության ղեկավար Մեխակ Գաբրիելյանը: Ընկերությունը Չինաստանից բերված խողովակներով գազի բալոններ է պատրաստում, որոնք ՌԴ-ում մեծ պահանջարկ ունեն: «Պետք է ստեղծել արդյունաբերության նախարարություն, որը կարողանա այս խնդիրներին լուծում տալ, կառավարությունն էլ արագ պետք է արդյունաբերության զարգացման կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր ստեղծի: Կառավարությունը երաշխավորագրական նամակներ տա, որոնց հիման վրա մեր արտադրողներից շատերը կկարողանան դրսից գումարներ բերել Հայաստան»,- իր առաջարկները շարունակեց գործարարը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ կառավարությունը որոշ բաներ արել է, մասնավորաբար, արդյունաբերության զարգացման հայեցակարգ կա, 25 ոլորտ գերակա է հռչակել, 11-ը`առաջնային են համարվել, արտահանողներին ինը տոկոսանոց վարկեր են տրամադրում:

Vazgen_Manukyan-5

«Կաշի» ԲԲԸ-ի ղեկավար Վարդան Կիրակոսյանն էլ հակադարձեց. «էդ հայեցակարգը կա, բայց արդեն քանի տարի է, գործը տեղից չի շարժվում: Մեր ոլորտում համենայնդեպս: Հայեցակարգում գեղեցիկ մշակված է, բազմիցս հանդիպել-խոսել ենք, բայց կաշվի փոստը հոսում գնում ա Թուրքիա: Բոլոր երկրները այդ հումքի արտահանման արգելք ունեն, մեզ մոտ չկա: Կոշկագործը կողքս նստած ա, արտադրել ենք, չենք կարողանում արտահանել»,- Վարդան Կիրակոսյանը գտնում է որ եթե ոլորտին պատշաճ ուշադրություն դարձվի, 3-5 տարում 30-50 հազար մարդ կարելի է ներգրավել եւ աշխատանքով ապահովել: Կոշկագործական ընկերության տնօրենն էլ ասաց, որ կոշիկի հսկայածավալ ներկրում կա Հայաստան ու տեղական արտադրանքը, ինքնարժեքի բարձր լինելու պատճառով, մեր շուկայում գրեթե չի սպառվում: Իսկ արտահանման հետ վերջերս են խնդիրներ առաջացել`կապված ՌԴ-ում ստեղծված իրավիճակով եւ ռուբլու անկմամբ:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանն էլ հորդոր ուղղեց երկրի ղեկավարությանը. «Նաիրիտին» մեր ղեկավարությունը պետք է դիտի ոչ թե բիզնեսի աղբյուր, այլ բրենդ: Գործարանն այնպիսի արտադրանք է տալիս, որ աշխարհում 3-4 զարգացած պետություններ են կարողանում տալ»: Նա տեղեկացրեց, որ վերջերս էլ գործարանի վերագործարկման համար հաշվարկներ արվել են եւ հստակեցվել է, որ «Նաիրիտը» տարեկան 17 միլիարդ դոլար շահույթ բերող ձեռնարկություն է: Բանախոսն իր զարմանքն արտահայտեց, որ հայրենի օլիգարխները «չեն մոտենում» գործարանին. «Նրանք սովոր են էսօր հարյուր դրամ դնեն, վաղը`վերցնեն»: Նա նկատեց, որ եթե մեկ-երկու տարի էլ «Նաիրիտը» չաշխատացնենք, մասնագետ չենք կարողանա ճարել. «Պոլիտեխնիկի քիմիական ֆակուլտետը փակեցին, դիմող չէր եղել: «Նաիրիտի» բանվորը դասախոսին հավասար մասնագետ ա: «Նաիրիտը» ափսոս ա փակել, աշխատող ու աշխատատեղ բերող գործարան ա, նրա հետ մի քանի ընկերություն էլ կաշխատեն»:

Քննարկման ընթացքում որոշ ձեռնարկատերեր լքում էին դահլիճը: Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց`քննարկումը ձեւական է այդ պատճառո՞վ են  լքում այն: «Քննարկումը ձեւական չէ, բայց էս մարդկանց ձեռքին էլ չէ»,- ասացին մեր զրուցակիցները`չցանկանալով հրապարակել իրենց անունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՀՀ-ում արտադրված ապրանքների գները ամանացածր կլինեն եթե արտադրողները այն գներով իրացնեն,որ գինը հայտարարագրում են հարկային մարմիններին:Այդ ինչպես? է,որ Թուրքիայում ձեռք բերված 10 դոլարանոց կոշիկը մանրածախ առևտրի խանութներում վաճառվում են 10-12 հազար դրամով և իրացվում են,իսկ մեզ մոտ արտադրվածները չեն վաճառվում:Երկու տարի առաջ որոշեցի գնել հհ-ում արտադրված կոշիկ,գնեցի:Արտաքինից բարետես կոշիկ էր,լավ կաշվից էր բայց նույն թերությունն ուներ,ինչ որ ,,Մասիս,, ֆրմայի կոշիկներն էին՝ներբանը ոտքի հետ չի համապատասխանում՝մի քանի կետերով էր ոտքս նստում,որի պատճառով արագ հոգնեցնում էր:1990թ. գնել էի Աբովյանի ,,Լյուքս,,ֆիրմայի կոշիկ,որը ոչնչով չեր զիջում արտասահմանյան ամենաորակյալ կոշիկներին և բավականին էլ դիմացկուն էին:Եթե այդպիսի կոշիկ հայտնվի շուկայում՝հարմար գնով,անպայման կիրացվի:Մեր վիճակի բարելավումը մեր ձեռքին է:Ինչու? չի կարելի բաժնետոմսեր բաց թողնել և ,,Նաիրիտը,,մեր ուժերով գործարկել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930