Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապրելով ցեղասպանությունը. փրկության բացառիկ պատմություն Հոլոքոստի տարիներին

Ապրիլ 03,2015 17:11

Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թ. հուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թ. ամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչության կոտորածը և տեղահանությունը: Մավիյանների ողջ ընտանիքը զոհվում է, փրկվում են միայն երեք երեխաները` Միհրանը, քույրը և եղբայրը: 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազար, իրենց տունն ավերված գտնում և ստիպված լինում հեռանալ: Տեղում մնացած 300 հայերը հետագայում կոտորվում են: Դեգերումներից հետո 1923 թ. Մավիյանը հասնում է Ֆրանսիա, հաստատվում Մարսելում և ծավալում ակտիվ հասարակական գործունեություն: Նա Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ), 1928 թվականից` Ֆրանսիայի կոմկուսի անդամ էր։

1940-1944 թթ., Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացման տարիներին, Մավիյանը մասնակցում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, անդամակցում ֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանի խմբին: Մավիյանն իր հուշերում գրում է. «1941-ից հետո հիտլերականները նետեցին «բարի նվաճողների» իրենց դիմակը: Սկսեցին հրեաներից, որոնց ստիպում էին կրծքին կրել դեղին աստղ: Այնուհետև նրանց բոլորին` կանանց, տղամարդկանց, ծերերին և երեխաներին հավաքեցին և քշեցին Դրանսի: Այդ ամենն ինձ հիշեցնում էր հայերի 1915 թ. ողբերգությունը»:

Մանուշյանի խմբում կային նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լեո անունով մի հրեա, ով 1936-1939 թթ. Իսպանիայում իտալա-գերմանական նվաճողների և ֆաշիստների դեմ պայքարող ինտերնացիոնալ բրիգադի նախկին մարտիկ էր: Հստակ էր, որ նրան հարկ էր թաքցնել: Մավիյանը հայկական առաքելական եկեղեցուց վերցնում է ադաբազարցի Լևոն Բասմաջյանի վկայականը, որի հիման վրա պատրաստվում են Լեոյի փաստաթղթերը` որպես Քոնշ քաղաքում կառուցվող գերմանական օդանավակայանի բանվոր: Միհրանը իր գրքում նշում է, որ այդ ջանքերը Լեոն արդարացրեց` դառնալով Մանուշյանի խմբի քաջարի մարտիկներից մեկը:

Սակայն օկուպացված Փարիզում մի խումբ հայ դիմադրողների գործը չէր կարող գերմանական ոստիկանության աչքից վրիպել: 1944 թ. փետրվարի 22-ին ձերբակալվում է Մանուշյանը և իր մի քանի զինակիցների հետ գնդակահարվում Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն-Վալերիանում: Ֆրանսիայի օկուպացման տարիներին այդ նույն վայրում գնդակահարվում է 4500 մարդ: Մավիյանը ձերբակալվում է հաջորդ օրը` փետրվարի 23-ին, բանտարկվում մահվան դատապարտվածների համար նախատեսված «Ֆրենում», որտեղից միակ «ելքը» համակենտրոնացման ճամբարներն էին: Մոտ մեկ ամիս կտտանքների ու հարցաքնությունների ենթարկվելուց հետո Մավիյանը տեղափոխվում է ռազմագերիների և քաղբանտարկյալների համար նախատեսված Կոմպիեն ճամբարը. «Ես այլևս չունեի ո՛չ անուն, ո՛չ ազգանուն, միայն համար` 29063»:

1944 թ. ապրիլի 27-ին Մավիյանին 1800 հոգու հետ միասին տանում են Գերմանիա: Նա տեղափոխվում է հիտլերյան ռեժիմի ամենաարդյունավետ մահվան գործարան Օսվենցիմ, որի դարպասներին գրված էր «Աշխատանքն ազատություն է տալիս» (Arbeit macht Freiheit): Մավիյանը նշում է, որ Օսվենցիմի քարե քառակուսի շինության ծխնելույզից անդադար ելնող ծուխը դարձավ նրա մղձավանջը: Օսվենցիմից Բուխենվալդ, այնուհետև` Ֆլոսենբուրգ, որը «Բուխենվալդի համեմատ դժոխք էր: Այստեղ մտնողը ողջ դուրս չէր գալիս»: Մավիյանը ճամբարում ականատես է դառնում ֆաշիստական անմարդկային վայրագությունների, իր ընկերների` այդ թվում նաև հայ, մահվանը, կրում բազմաթիվ զրկանքներ…

1945 թ. Ֆլոսենբուրգ են բերվում նաև մյուս համակենտրոնացման ճամբարների բանտարկյալները, հրեաներին սպանում են տեղում, մյուսներին` ստիպում քայլել դեպի լեռները: Ապրիլի 20-ին ճամբարը տարհանվում է. «Ես նորից վերապրում եմ պատանեկությանս տարիները` ժողովրդիս տեղահանության ճանապարհը: Ես տեսնում եմ հայերի դիեր, նետված ճանապարհների եզերքներին որպես կեր շնագայլերի և ագռավների համար: Իսկ այժմ քայլում եմ եվրոպական բոլոր ազգությունների պատկանող մարդկանց դիակների կողքով», – գրում է Մավիյանը:

Ամերիկյան զրահամեքենաները մոտենում էին, օդում երևում են ոչ գերմանական օդանավեր: Մավիյանը հասկանում է, որ սարալանջով քայլող բանտարկյալներն այդուհետ հանցագործության վկաներ էին և նրանց սպանությունը պարտադիր պայման էր խուճապի մատնված գերմանացի էսէսականների համար: Եվ փախչում է` մեջքին տանելով ընկերոջը` Բեշարին:

Զոհված ընկերների հանդեպ իր պարտքը նա հատուցում է 1946 թ.: Հունիսի 10-ին մեկնում է Գերմանիա` Դահաու, նախկին համակենտրոնացման ճամբար, որը վերածվել էր դատական ատյանի և ցուցմունք է տալիս Ֆլոսենբուրգի գերմանական հանցագործների դեմ:

Փրկելով հրեա Լեոյին, մասնակցելով Դիմադրության շարժմանը, անցնելով նացիստական համակենտրոնացման ճամբարներով, լինելով ոչ թե մարդ, այլ, պարզապես, համար (Օսվենցիմ` №186060, Բուխենվալդ` №53350, Ֆլոսենբուրգ` №10018), որն անհրաժեշտ էր լոկ թիվը պահպանելու համար, Միհրան Մավիյանը կարողանում է վերապրել, վերադառնալ Ֆրանսիա, հրատարակել իր հուշերը`«Ոճիրի անդրաշխարհէն» (1976 թ.), նախաբանում հույս հայտնելով, որ այն կդառնա հուշարձան հիտլերյան մահվան ճամբարներում հրկիզված իր ընկերների և գերեզմանաքար` հոր` Մինաս Մավիյանի համար, ով այդպես էլ գերեզման չունեցավ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930