ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց հոգեհանգստի ծառայություն մատուցողներին օրենսդրական դաշտ բերելու հարցը:
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմ քվեարկությամբ առաջիկայում կմտնի ԱԺ քառօրյա:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց
մասնավոր ու համայնքային գերեզմանատների տարբերությունը, ասաց՝ մասնավորի պարագայում քաղաքացին վճարելու է հողակտորի կամ ծառայությունների համար՝ օրինակ գերեզմանի խնամքի համար: Մասնավոր գերեզմանատան դեպքում տարածքի սահմանափակում չկա:
ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկեց երեք հարց քննարկել:
Կարդացեք նաև
«Ճիշտ չի՞ լինի մասնավոր գերեզմանատների ծառայությունը վարձակալության հողի վրա կազմակերպել ու գոնե այդ դեպքում սահմանափակումներ մտցնել՝ օրինակ տարածքի տրամադրման չափերի առումով, ասվի այս չափով ենք տրամադրում, ոչ ավելի: Մասնավոր գերեզմանատների վերջնական թույլտվությունը համայնքի ղեկավարն է տալիս: Ճիշտ չի՞ լինի, որ այդ թույլտվությունը դրվի համայնքի ավագանու քննարկման սեղանին: Իհարկե, կարգը սահմանի կառավարությունը, բայց ամրագրենք, որ սա քննարկվի ավագանու անդամների կողմից: Բացի դա նախագծից չի երեւում մասնավոր գերեզմանատների ճակատագիրը: Այսինքն, պետությունը կամ տվյալ համայնքը պատասխանատվություն վերցնո՞ւմ է, որ օրինակ, եթե ծառայություն մատուցողը մահանա, կամ հեռանա երկրից, ինքն է կազմակերպելու այդ ծառայությունները»,- հարցրեց ՕԵԿ-ական պատգամավորը:
Սուրեն Քրմոյանը շարունակեց. «Արդյոք պետությունը կարիք ունի միջամտելու այդ հարաբերություններին, մասնակիորեն պետությունը կանոնակարգում է կառուցապատման սխեմայի տեսքով: Կառուցապատողը գծելու է սխեման՝ ճանապարհները, շինությունները, բայց եթե թույլատրում ենք մասնավոր գերեզմանատուն, պետությունը պետք է կանոնակարգի այնքանով, ինչքանով պետք է:
Ավագանու հարցը գուցե քննարկենք, հասկանանք, սկզբունքային հարց չէ: Ինչ է լինելու եթե այդ անձն այլեւս չուզենա սպասարկել, չի ուզում ծառայությունն իրականացնի, հանձնում է համայնքին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀ-ում դա այնպիսի բիզնես է,որ անտեր չի մնա…