Սեդա Սաֆարյանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել
«Այս դատական գործը մնացած գործերից տարբերվում էր տուժողների մոտեցումներով»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործին, ասաց Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը:
Ապրիլի 2-ին վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, թե իր քրոջը՝ Սեդա Սաֆարյանին ոմն տղամարդ զանգահարել է եւ վիրավորական արտահայտություններ եւ սպառնալիքներ է հնչեցրել Սեդա Սաֆարյանի եւ նրա ընտանիքի հասցեին՝ վերջինիս ծավալած փաստաբանական գործունեության կապակցությամբ: Ըստ այդ հայտարարության՝ զանգահարող տղամարդը չի թաքցրել, որ հաշվեհարդարի իր սպառնալիքները պայմանավորված են շուրջ 10 տարի առաջ Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործի հետ, որի վերաբերյալ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում արձակեց հօգուտ դատապարտյալ Նալբանդյանների՝ նրանցից կորզված ցուցմունքները ճանաչելով անթույլատրելի, հաստատելով իրավունքի լուրջ խախտման փաստերը եւ սահմանելով բարոյական վնասի փոխհատուցում 62.000 եվրոյի չափով: Կողմը պարզել է, որ հեռախոսահամարը պատկանում է հանգուցյալի տուժողի հայր Աղաբեկ Սարգսյանին:
Սեդա Սաֆարյանի խոսքերով՝ տուժողը նախորդ դատական նիստերի ընթացքում իր բերած խմբի հետ միասին այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գործի հանգամանքների բացահայտումը հնարավոր չի եղել. «Եթե տուժողի վիճակի վերաբերյալ դիմում էինք դատաբժշկի, ինքը շատ խուճապահար էր ընդունում: Իսկ այսօր հայտարարել է, թե ես եմ ասել, որ բռնաբարություն է եղել, ես այդպես չեմ ասել, ես ասել եմ, որ շրջանառվում են լուրեր առ այն, որ աղջկան տարել են, բռնաբարել եւ հետ են բերել, որը դատաբժիշկը չի տվել: Այդ շրջանառվող լուրերը իրենք են տարածել, այնպես չէ, որ ես եմ ասել»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ իրեն զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը եւ ասել, եթե անվտանգության խնդիր լինի, ապա Մարդու իրավունքների պաշտպանը իր կողքին է. «Ինձ զանգահարել է նաեւ Փաստաբանների պալատի նախագահը եւ նույնն է ասել: Այսինքն՝ այդ առումով՝ ինձ օգնող մարդիկ կգտնվեն, որոնք հասկանում են, որ սա իմ աշխատանքային գործունեությունն է, եւ ես կոնկրետ որեւէ կապ չունեմ Եվրոպական դատարանի տված գնահատականների հետ: Այդ գնահատականները բխում են այն քննությունից, ինչ քննություն իրենք 10 տարի առաջ անցկացրել են, եւ պետությանը վնաս են հասցրել այն մարդիկ, որոնք չեն կարողացել քրեական դատավարության օրենսգրքից ճիշտ օգտվել: Ես այդտեղ մեղք չունեմ»:
Նա նշեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ մարդիկ վրդովված են, որ Եվրոպական դատարանում ինքն այս գործը շահել է. «Ես համարում եմ, որ ստեղծված իրավիճակում այս ամենում գնահատելով նաեւ տուժողի իրավահաջորդի եւ նրա շրջապատի դերը՝ դատաքննությունները ձախողելու առումով պիտի միջոցներ ձեռնարկվեն: Ես, իհարկե՛, պետք է վճռաբեկ բողոք ներկայացնեմ նոր հիմքով եւ չեմ բացառում, որ հետագայում կարող է նաեւ նոր դաշտ բացվել՝ գործի հանգամանքների բացահայտման ուղղությամբ: Կարծում եմ՝ 10 տարիները ոչինչ չեն փոխել տուժողի իրավահաջորդի վարքագծում, եւ նա կարող է խոչընդոտել եւ նորից շարունակել խառնվել այս գործին, որպեսզի շարունակվի այն նախկին վարկածը, որ իբր թե Նալբանդյաններն են կատարել այդ հանցանքը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ